Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, բայց նաև մտահոգություն հայտնում ցանկացած օտարերկրյա միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ | Region

Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, բայց նաև մտահոգություն հայտնում ցանկացած օտարերկրյա միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ

Օգոստոս 09,2025 11:49

Իրանն ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ։

«Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին։ Իրանը խաղաղության պայմանագրի նախաստորագրումը  գնահատում է որպես կարևոր քայլ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, մենք մտահոգություն ենք հայտնում ցանկացած օտարերկրյա միջամտության բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես, համատեղ սահմանների հարևանությամբ, որը կարող է խաթարել տարածաշրջանի կայուն անվտանգությունն ու կայունությունը»,- ասվում է Իրանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։

Իրանից ընդգծել են՝  հաղորդակցության ուղիների ստեղծումը և կապի ցանցերի ապաշրջափակումը կծառայի տարածաշրջանի ազգերի կայունությանը, անվտանգությանը և տնտեսական զարգացմանը միայն այն դեպքում, երբ դա կլինի փոխադարձ շահերի, տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի շրջանակներում և առանց արտաքին միջամտությունների։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է շարունակել կառուցողական և փոխադարձ շահերին հիմնված համագործակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հետ՝ տարածաշրջանի խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման պաշտպանության համար՝ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև 3+3 ձևաչափի շրջանակներում»,- նշված է հայտարարության մեջ։

Նորություններ