Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց․Կրեմլի փոխանցմամբ՝ առաջնորդներն անդրադարձել են ԵԱՏՄ-ում փոխգործակցությանն ու ԱՄՆ բանակցությունների արդյունքներին | Region

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց․Կրեմլի փոխանցմամբ՝ առաջնորդներն անդրադարձել են ԵԱՏՄ-ում փոխգործակցությանն ու ԱՄՆ բանակցությունների արդյունքներին

Օգոստոս 11,2025 14:42

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։  Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Փաշինյանը Պուտին ներկայացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների շրջանակում և փոխադարձության հիման վրա, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ «վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է բացում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար»։

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին Կրեմլի տարածած  հաղորդագրությունը մի փոքր տարբերվում է, հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ է եղել ԵԱՏՄ-ում համագործակցությանը։

Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին:

«Վլադիմիր Պուտինը նշել է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղություն ապահովելուն ուղղված քայլերի կարևորությունը: Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակի հայտնի եռակողմ համաձայնագրերին համապատասխան նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,-նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ, ըստ ռուսական կողմի, «անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ հրատապ հարցերի՝ շեշտը դնելով առևտրային և ներդրումային համագործակցության և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում փոխգործակցության հետագա զարգացման վրա»։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը նաև խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆի հետ զրույցի հիմնական արդյունքների և Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում հանդիպման նախապատրաստման մասին: Հայաստանի վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը:

 

Նորություններ