Բրուցելոզի տարածումից տուժած անասնատերերը փոխհատուցում չեն ստանա | Region

Բրուցելոզի տարածումից տուժած անասնատերերը փոխհատուցում չեն ստանա

Օգոստոս 14,2025 17:10

Շիրակի մարզի Աշոցք համայնքի մի քանի բնակավայրերում խոշոր եղջերավոր կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդություն էր տարածվել։ Անասնատերերը զգալի վնասներ կրեցին՝ անասուններին 3-4 անգամ էժան գներով հանձնելով մթերող կազմակերպություններին։ Իսկ փոխհատուցում գյուղացիները չեն ստանա, քանի որ, ըստ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի, բրուցելոզը փոխհատուցման ենթակա հիվանդությունների ցանկում ընդգրկված չէ։

Բրուցելոզի դեմ պատվաստում Հայաստանում չի իրականացվում, ախտորոշիչ միջոցառման շրջանակում արյունառություն է կատարվում և լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում կենդանին հարկադիր սպանդի է ենթարկվում: Խոշոր եղջերավոր կենդանիներից արյունառություն է կատարվում տարվա մեջ 2, մանր եղջերավորներից՝ 1 անգամ:

Անասնատերերից շատերը չէին հավատում լաբորատոր հետազոտության արդյունքներին՝ նշելով, որ պատրաստ են սեփական միջոցներով կրկնակի նմուշառում կատարել ու որևէ այլ կառույցում հետազոտության հանձնել, սակայն համապատասխան կառույցներն իրենց այլընտրանք չեն առաջարկել և հիմնվել են տեսչական մարմնի կատարած մեկ հետազոտության արդյունքի վրա։

Նորություններ