Հովիկ Աբրահամյանի գործով դատական առաջին նիստում դատավորը ինքնաբացարկ հայտնեց․Աբրահամյանը չի ընդունում մեղադրանքը | Region

Հովիկ Աբրահամյանի գործով դատական առաջին նիստում դատավորը ինքնաբացարկ հայտնեց․Աբրահամյանը չի ընդունում մեղադրանքը

Օգոստոս 14,2025 17:24

Այսօր ՀՀ Հակակոռուպցիոն դատարանում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով առաջին դատական նիստն էր։

Նիստից առաջ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ  չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը․««Ինձ առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չեմ. իրականության հետ որևէ աղերս չունի։ 7 տարի առաջ սկսվել է այս մեղադրանքի առաջադրումը, և մինչև հիմա լուրջ քայլ չկա»։

Դատավոր Վահե Ղոլմազյանը ինքնաբացարկ հայտնեց, նշելով, որ գործով նոր փաստեր են ի հայտ եկել.«Գործի քննությունից կարճ ժամանակ առաջ դատարանը դատական վարույթի երաշխիքների շրջանում քննությա ն առել գործով մեղադրյալ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի միջնորդությունը։ Քննիչի կողմից ներկայացված նյութերում չեն եղել այնպիսի տեղեկություններ, որը դատարանի համար կարող էր հիմք հանդիսանալ ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։ Մինչդեռ, երբ սույն գործը ներկայացվել է դատարան, քրեական գործի երկրորդ հատորում կա տեղեկություն, որի համաձայն դեռ 2018 թվականի աշնանը սույն գործով դատարանում իմ կողմից քննարկվել է նախաքննության ժամկետը երկարացնելու միջնորդություն, ու կայացվել է որոշում։ Հաշվի առնելով քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դրույթները , դատավորը, ով արդեն մասնակցել է նախաքննության ընթացքին ու գործի քննությանը դատավարություն չի կարող իրականացնել»։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման եւ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով։

Նա մեղադրվում է 470 մլն դրամի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցության մեջ։

Նիկոլ Մարգարյան

Նորություններ