«Սա միակողմանի զիջում է։ Հիմա՝մենք ստիպված կլինենք պայքարել, որպեսզի մեզ օրինականորեն պատկանող տարածքը մնա մեր ձեռքում»․Նահապետյան | Region

«Սա միակողմանի զիջում է։ Հիմա՝մենք ստիպված կլինենք պայքարել, որպեսզի մեզ օրինականորեն պատկանող տարածքը մնա մեր ձեռքում»․Նահապետյան

Օգոստոս 14,2025 21:30

«Նախաստորագրված համաձայնագիրը գնահատելու համար դեռ ժամանակ է պետք, Այս պահին չեմ կանխատեսի ճակատագրական ողբերգություններ կամ դրական իրադարձություններ»,-այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն՝ անդրադառնալով  ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին։

 Նախաստորագրված խաղաղության համաձայնագրի համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հրաժարվում են միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից, ինչպես նաև միմյանց նկատմամբ ուժի կիրառումից։ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի հովանու ներքո ստորագրված հռչակագրի առաջին իսկ կետից հետևում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը դեռ առջևում է։  Վաշինգտոնում կողմերը խնդրել են ԵԱՀԿ-ին լուծարել Մինսկի խումբը, որը 1992 թվականից զբաղվում է հակամարտության կարգավորմամբ, ինչը Ադրբեջանի պահանջն է խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Վաշինգտոնում ստորագրված հռչակագրով, սահմանվում է, որ տարածաշրջանում հաղորդակցությունները բացվում են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, փոխադարձության և իրավազորության սկզբունքով։ Այսպիսով Ադրբեջանը Սյունիքով անխոչընդոտ տարանցիկ, ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան։

Հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Միքայել Նահապետյանը կրկնեց նախկինում արած իր կարծիքը․ «Ի դեմս Փաշինյանի  Հայաստանի Հանրապետությունը կհրաժարվի իր որոշ կարմիր գծերից, և հիմա  Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է երկրորդ և երրորդ կողմերի՝ Միացյալ Նահանգների և Ադրբեջանի կոնկրետ իրավունքներ, ուստի դրա դիմաց Հայաստանը ոչինչ չի ստանա»։

Քաղաքագետի կարծիքով՝ սա միակողմանի զիջում է․«Այս առումով իրական գնահատականն այն է, որ Փաշինյանը հայ ժողովրդի համար բացեց նոր ղարաբաղյան հարց, բայց հակառակ նշանով։ Եթե այն ժամանակ մենք իրականում ունեինք մեր հայերով բնակեցված տարածք, և պայքարը դրա միջազգային ճանաչման համար էր, ապա հիմա՝ աշխարհակարգի հաջորդ փոփոխությունների ժամանակ, մենք ստիպված կլինենք պայքարել, որպեսզի մեզ օրինականորեն պատկանող տարածքը մնա մեր ձեռքում»։

Նահապետյանն ասաց, որ ՀՀ իշխանությունները դեռ պետք է պարզաբանեն, մանրամասներ ներկայացնեն Սյունիքի ճանապարհը ամերիկյան ընկերությանը փոխանցելու վերաբերյալ կետը, Սյունիքով Ադրբեջանից Նախիջևան անարգել տեղաշարժման հարցը, որը Բաքվի պահանջ ն էր և Երևանի պահանջը՝  հաղորդակցությունների  ապաշրջափակումը ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ հարգանքի հիման վրա։

«Կարող եմ ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունը, իր այսպես կոչված «ինքնիշխանության» շրջանակներում, որոշել է վարձել մի կազմակերպություն՝ մեզ համար այս «գլխացավերը» լուծելու համար, բայց սա մեր ինքնիշխան որոշումն է», – ասաց Նահապետյանը։

Նրա կարծիքով՝ չի կարող խոսք լինել արդար և երկարատև խաղաղության մասին, եթե անտեսվում է ադրբեջանական զորքերի դուրսբերման պարտադիր պահանջը ՀՀ օկուպացված տարածքներից:

Այնուամենայնիվ, ինչպես ասաց  Նահապետյանը, պատերազմի վտանգը որոշ ժամանակով կնվազի։

Նրա խոսքով՝  քանի որ մարդկության ամբողջ պատմությունը խաղաղության և պատերազմի հերթագայություն է, կարևոր է, թե ինչպես ենք մենք պատրաստվում հաջորդ փուլին, որը կլինի կամ մեր օգտին, կամ այն պատիժ կլինի մեզ համար»:

Մեր զրուցակիցը, անդրադարձավ համաձայնագրի 8-րդ հոդվածին, որտեղ նշած է, որ «կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։

«Այս հոդվածը ստեղծվել է, որպեսզի Ադրբեջանը կարողանա Հայաստանից պահանջել հետևողական դատապարտում և, անհրաժեշտության դեպքում, բանտարկություն այն մարդկանց, ովքեր ասում են, որ Արցախը հայկական է և ունի ինքնորոշման իրավունք, որ զոհված տղաները ահաբեկիչներ չեն եղել, այլ անկախության համար մարտիկներ։ Այս բոլոր տեքստերը որոշ պահի կքրեականացվեն Փաշինյանի կողմից, քանի որ Իլհամ Ալիևը ոչ մի հնարավորություն չի թողել դրանք չիրականացնելու համար»,-ասաց Նահապետյանը։

Նա նաև հիշեցրեց, որ երբ համաձայնեցվում էր խաղաղության համաձայնագրի տեքստը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին:  Եվ այժմ Համաձայնագրի 15-րդ հոդվածով սահմանվում է նման բան։

Այս առնչությամբ էլ Նահապետյանն ասաց, որ սա անակնկալ չէր, սա քաղաքական իրականություն է, որը վաղուց հասունացել էր․« Մենք վաղուց գիտեինք, որ սա տեղի կունենար: Ամեն ինչ պարզ է՝ Փաշինյանը ստախոս է, այս մարդը հայտարարում է կարմիր գծեր, ապա խախտում դրանք, ինչը մեզ համար դառնում է ճակատագրական, սա է խնդիրը: Այո, այս մարդը թքեց բոլորի դեմքին: Եթե մենք հաշտվենք դրա հետ, նա կրկին կթքի մեր դեմքին»։

Ամեն դեպքում, ինչպես ասաց Նահապետյանը,  անհրաժեշտ է սպասել այս փաստաթղթում ստորագրված դրույթների իրականացմանը, և կարելի է գնահատական տալ, երբ սկսեն ի հայտ գալ դրա իրականացման մեխանիզմների շուրջ քաղաքական իրողությունները:

Զաբելա Ավագյան

Նորություններ