Փաշինյան․ Արծվաշենից չենք կարող հրաժարվել

Այդպիսի փոխադարձաբար տարածքներ կան Տավուշում և այլ մարզերում։ Ինչ վերաբերում է էքսկլավ-անկլավերին, դա հարց է, որը պետք է հասցեագրվի։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ես ու ՀՀ կառավարությունը, և ՀՀ որևէ կառավարություն չի կարող հրաժարվել էքսկալվ-անկլավների հարցից, որովհետև մենք ունենք Արծվաշեն։
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արծվաշենից, որպես ՀՀ ինքնիշխան տարածքի մի մաս, մենք չենք կարող հրաժարվել»,-ասաց Փաշինյանը։ Նրա կրկնեց՝ 1991 թվականի Ալմա Աթիի հռչակագրի իմաստն այն է, որ Խորհրդային Հայաստանն ամբողջական իր վարչական տարածքով և սահմաններով դառնում է անկախ Հայաստան, իսկ Խորհրդային Ադրբեջանն խորհրդային իր վարչական տարածքներով ու սահմաններով դառնում է անկախ Ադրբեջան։
«2022 թվականին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունն այդ է, և այդ պայմանավորվածությունը մենք դնում ենք ինստիտուցիոնալացման ճանապարհին, և այդ ճանապարհը մենք շարունակելու ենք»,-ասաց Փաշինյանը։ Նա նշեց. «Ես արձանագրել եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, որը ինստիտուցիոնալացման կարիք ունի, և իհարկե, որևէ կասկած չկա, որ մեր կառավարությունը հետևողականորեն գնալու է խաղաղության ինստիտուցիոնալացման հետևից։ Մեր նավը հասցնելու ենք խաղաղ հանգրվանի, արդեն հասցրել ենք, և հիմա անհրաժեշտ է, որ այդ նավամատույցներն ավելի հուսալի լինեն, ավելի կայուն և կառուցված լինեն։ Խաղաղությունն այլևս անշրջելի է։ Մեր կառավարության առաքելությունը դա եմ համարում»։