Մեղադրողը դատարանին միջնորդեց մեղավոր ճանաչել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդին՝ իշխանությունը զավթելու հոդվածով | Region

Մեղադրողը դատարանին միջնորդեց մեղավոր ճանաչել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդին՝ իշխանությունը զավթելու հոդվածով

Օգոստոս 28,2025 16:32

Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով ամփոփիչ նիստում մեղադրող կողմը միջնորդեց մեղավոր ճանաչել Շիրակի թեմի առաջնորդին՝ իշխանությունը զավթելու հոդվածով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 422 հոդվածի երկրորդ կետ։

Մեղադրական ճառում դատախազ Վահան Հարությունյանը ներկայացրեց մեղադրանքի հիմքում դրված ապացույցները՝ «ԳԱԼԱ»-ով հեռարձակված այն հարցազրույցը, որտեղ, ըստ մեղադրողի, Սրբազանը հեղաշրջման կոչ է հնչեցրել։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Մինչդեռ այժմ դատախազությունը պնդում և հիմնավորում է, թե Աջապահյանն այս հայտարարությունն արել է նաև 2025թ-ի հունիսին։ Մեղադրող կողմն այսօր դատարանում հայտարարեց․ «Գործով ձեռք բերված փաստական տվյալներն առավել քան բավարար են՝ հաստատված համարելու, որ Գեւորգ-Միքայել Աջապահյանը 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակած իր ելույթում, վկայակոչելով 2024թ. փետրվարի 3-ին տրված իր հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու եւ իշխանությունը ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված ճանապարհով բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին, վերահաստատել է այն, ուժային կառույցների կողմի ՀՀ իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն»։

Այդ կերպ, ինչպես իր ելույթում նշեց դատախազը, Աջապահյանը, լրատվամիջոցներն ու հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով « իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր է արել, որոնք հասանելի են դարձել հանրության լայն շրջանակներին։ Ըստ էության, իր ելույթով մեղադրյալը հասարակության լայն շրջանակներին ուղղորդում է, համոզում եւ հրահրում հեղաշրջում կատարելու»։

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը դատական նախորդ նիստում պնդում էր, որ Աջապահյանի այդ նախադասություններում կոչով չի դիմում որևէ մեկին ու որևէ մեկին չի հրավիրում գործողության, այլ պարզապես արտահայտում է իր սեփական կարծիքը՝ վերլուծելով երկրում ստեղծված իրավիճակը, իր գնահատողական դատողություններն է արտահայտում նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժի վարքագծի վերաբերյալ։ Այսօր դատական նիստում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։

Նշենք նաև, որ եթե արքեպիսկոպոս Աջապահյանը մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում:

Նորություններ