Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին տնօրենը կազմել է կեղծ դատավարական փաստաթուղթ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրեն Գ․Խ․-ն, ցանկանալով դատական կարգով վիճարկել Հանրային հեռարձակողի խորհրդի՝ Հայաստանի հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարված մրցույթում Ա․Ք․-ին հաղթող ճանաչելու և գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու մասին որոշումների իրավաչափությունը, սակայն գիտակցելով, որ վիճարկման հայցը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողել, նպատակադրվել է կեղծ դատավարական փաստաթուղթ կազմելու և ներկայացնելու միջոցով հասնել նրան, որ հայցադիմում ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելը համարվի հարգելի:
Գ․Խ․-ն նշված հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով փաստաբանի միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում և վարչական գործով դատավարական փաստաթուղթ հանդիսացող՝ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:
Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրենը հիշյալ միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ վիճարկվող որոշումներով իր իրավունքների խախտման փաստի մասին տեղեկանալու պահից գործազուրկ է եղել և եկամտի այլ աղբյուր չունենալու պատճառով չի կարողացել օգտվել վճարովի իրավաբանական ծառայություններից, ինչով պայմանավորված, սահմանված ժամկետում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու հայցադիմում: Վերջինս ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ դատարան է ներկայացրել եկամուտների վերաբերյալ տեղեկություն, ըստ որի տվյալ ժամանակահատվածի համար աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ չի ստացել, մինչդեռ ստացած եկամուտը դիտավորությամբ չի ներառել նշված դատավարական փաստաթղթի մեջ՝ այդ կերպ կեղծելով հիշյալ դատավարական փաստաթուղթը:
Գ․Խ․-ի կողմից փաստաբանին օգտագործելու միջոցով դատարան ներկայացված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ կեղծ դատավարական փաստաթուղթ հանդիսացող միջնորդությունը բավարարվել է, իսկ հայցադիմումն ընդունվել վարույթ:
Հանրային հեռարձակողի խորհուրդը դատարանի նշված որոշման դեմ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել, սակայն Գ․Խ․-ն շարունակելով հանցավոր դիտավորությունը, քաջատեղյակ լինելով, որ իր կողմից որպես հայցվոր միջնորդավորված կերպով ՀՀ վարչական դատարանին ներկայացված կեղծ տվյալներ պարունակող տեղեկությունները պատասխանողի բողոքի քննության համար ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում որպես ապացույց կարող են ունենալ առանցքային նշանակություն՝ չի հրաժարվել հայցից, որի արդյունքում իր կողմից ստացված իրական եկամուտների չափը չներառած կեղծ դատավարական փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:
Ավելին, Գ․Խ․-ն ցանկանալով հասնել իր վերջնական նպատակին՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից պատասխանողի բողոքը բավարարելուց հետո, կրկին միջնորդավորված կերպով դիմել է Վճռաբեկ դատարան:
Գ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասով (ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույցներ ներկայացնելը)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: