ԵԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարում Է Մինսկի գործընթացը դադարեցնելու և դրան առնչվող կառույցները փակելու մասին | Region

ԵԱՀԿ-ն պաշտոնապես հայտարարում Է Մինսկի գործընթացը դադարեցնելու և դրան առնչվող կառույցները փակելու մասին

Սեպտեմբեր 01,2025 16:29

ԵԱՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է,  որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունում են Նախարարների խորհրդի որոշումը, որով փակվում է Մինսկի գործընթացը և դրան առնչվող կառույցները՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչից հետո։

«Ես կցանկանայի ևս մեկ անգամ իմ ջերմագին շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ նրանց պատմական համաձայնագրերի և դրանց արագ իրականացմանն անցնելու վճռական որոշման կապակցությամբ։ Ես անմիջապես արձագանքել եմ նրանց համատեղ կոչին և ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել կողմերին գործընթացում ցուցաբերած գերազանց համագործակցության համար։ Ես նաև կցանկանայի գովաբանել մասնակից պետություններին այս համաձայնության հասնելու գործում ցուցաբերած համագործակցային ոգու համար»,-ասել է նախարար Վալտոնենը։

Մինիստրների խորհրդի այս որոշումը հաջորդել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված համատեղ հռչակագրին։ Հայտարարության մեջ նշվում է, որ Նախարարների խորհրդի որոշումն ընդունվել է ԵԱՀԿ անդամ բոլոր 57 պետությունների կոնսենսուսով։

«Սա պատմական իրադարձություն է, որն ընդգծում է, թե ինչի կարող է հասնել դիվանագիտությունը՝ նույնիսկ տասնամյակների կոնֆլիկտից և անվստահությունից հետո։ Այն ցույց է տալիս, որ համաձայնություն հնարավոր է, երբ կողմերը ձգտում են փոխըմբռնում գտնել»,-հայտարարել է գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն։

ԵԱՀԿ գործող նախագահը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հաստատել են իրենց անսասան հանձնառությունը՝ աջակցելու այն ջանքերին, որոնք կհանգեցնեն կայուն խաղաղության և կայունության Հայաստանի, Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար։

Այս որոշման ընդունումից հետո ԵԱՀԿ-ն քայլեր կձեռնարկի Մինսկի գործընթացն ու դրան առնչվող կառույցները փակելու համար։ Մինչև գործընթացի ավարտը ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, կշարունակվեն միայն վարչական գործառույթները, ինչպիսիք են ակտիվների և սարքավորումների փոխանցումը։

Նորություններ