«Վկայականիս ժամկետը երկարաձգել եմ, ավտոս մինչև 101 տարեկան կվարեմ, հետո՝ կտեսնենք։ Մեր գենից է, հայրս 115 տարի է ապրել»․ Ռաֆիկ Տոնոյան | Region

«Վկայականիս ժամկետը երկարաձգել եմ, ավտոս մինչև 101 տարեկան կվարեմ, հետո՝ կտեսնենք։ Մեր գենից է, հայրս 115 տարի է ապրել»․ Ռաֆիկ Տոնոյան

Սեպտեմբեր 02,2025 17:45

Շիրակի մարզի Ջրափի գյուղում բոլորն են ճանաչում և հարգում 91-ամյա Ռաֆիկ Տոնոյանին, որը միայնակ է բնակվում։ Որդիներն ապրում և աշխատում են ՌԴ-ում։ Նրանք տարեց հորը բազմիցս առաջարկել են տեղափոխվել և ապրել իրենց հետ, սակայն Ռաֆիկ պապն անդրդվելի է․ ասում է՝ ինքն այստեղ շատ լավ է զգում, ապրում է լիարժեք կյանքով, հաճելի զբաղմունքն էլ կա․ անցաթուղթ ունի և ձկնորսության է գնում հայ-թուրքական սահման՝ Ախուրյանի ջրամբար։

Գործերը հասցնում է սեփական մեքենայով, որը նրան հավատարմորեն ծառայում է արդեն 46 տարի։ Վարորդական վկայականի ժամկետը երկարաձգել է 10 տարով։ «Մինչև 2035թ․-ը վկայականը գործում է, մինչև 101 տարեկան կվարեմ մեքենաս, իսկ դրանից հետո՝ կտեսնենք»,-նշում է Ռաֆիկ պապը։

Առողջական որևէ խնդիր չունի։ «Չգիտեմ՝ ճնշումն ինչ է։ Ամեն ինչ էլ կերել-խմել եմ, ինձ ոչ մի բանից չեմ զրկել։ Մեր գենն է այդպիսին, հայրս 115 տարի է ապրել»,-ասում է Ռաֆիկ Տոնոյանը։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ