«Երեկվանից սպասում ենք, սակայն ոչ մի արձագանք չի եղել, միայն ոստիկաններն են եկել». Տաթև բնակավայրի նախկին ղեկավարի դուստրը՝ գիշերն իրենց տուն իրավապահների ներխուժման մասին

Երեկ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի նախկին ղեկավար, կալանավորված Գոռ Մինասյանի դստեր՝ Միլենա Մինասյանի աղմկահարույց հայտարարությունից հետո, ինչպես Միլենան է ասում՝ որևէ արձագանք դեռևս չի եղել։
«Երեկվանից սպասում ենք, սակայն ոչ մի արձագանք չի եղել, միայն ոստիկաններ են եկել, ու հաղորդում վերցրել գործի հետ կապված, այն էլ մեր զանգելուց հետո», -RegionsTV-ի հետ զրույցում ասաց Միլենա Մինասյանը։
Հիշեցնենք, որ Միլենան սոցիալական ցանցում գրառում էր արել, նշելով, որ գիշերը իրենց տուն տղամարդիկ են ներխուժել, որոնք ներկայացել են որպես 6-րդ վարչության աշխատակիցներ, ու իրավապահներին ոչ վայել ոճով «խուզարկել» տունը։
«Այսօր գիշերվա 4:30 էր։ Արթնացել եմ տղամարդկանց բարձր ձայներից, մինչև բացել եմ աչքերս, գլխավերևումս տեսել եմ 4 տղամարդկանց, բարձր ձայներից արթնացել են նաև ինձնից փոքր քույրերս և 3 տարեկան եղբայրս։ Սկսել են տակնուվրա անել սենյակը, գնացել կողքի սենյակ, դուրս եմ եկել հյուրասենյակ, որտեղ ևս 3 տղամարդիկ քաշքշում էին պապիկիս, ով հիմա տառապում է մահացու հիվանդության ցավերից և ով հիմա իմ խնամակալն է։ Տուն ներխուժած տղամարդիկ չեն ներկայացրել տան խուզարկման որևէ փաստաթուղթ, ներկայացել են որպես ինչ-որ 6-րդ վարչության ներկայացուցիչներ։ Հայհոյախառն խոսակցություններից ու բարձր ձայներից վախեցած քույրերիս ու եղբորս մինչև հիմա չեմ կարողանում հանգստացնել։ Ասում էին, որ ամեն ինչ խլելու են մեզանից, որ հայրս փտելու է բանտում։ Հայրս արդեն 78 օր է, ինչ գտնվում է անազատության մեջ՝ ապօրինի։ Ես 78 օր է մտածում եմ, թե ինչու եմ ծնվել մի երկրում, որտեղ արդարություն, արդարադատություն չկա․․․»,- գրել է Միլենան։
Նա նաև նշել է, որ առողջական լուրջ խնդիրներ ունի, դժվարությամբ է քայլում, վիրահատվելու կարիք ունի․«․․․ ես հրաժարվել եմ վիրահատությունից, հրաժարվելու եմ այնքան ժամանակ, քանի դեռ հայրս կողքիս չէ, որովհետև ինձ պետք չէ քայլել միայնակ, առանց հորս։ Հիմա միգուցե մտածեք, որ խաղում եմ կյանքիս հետ, վտանգի տակ դնում, բայց իմ կյանքն ու ապրելու իմաստը հայրս է….Հորս ապօրինի կալանավորելուց հետո, մենք մնացել ենք միայնակ, բոլորը փորձում են ամեն կերպ մեր կյանքը վերածել քաոսի, և ասեմ, որ նրանց մոտ ստացվում է. Ինձ, քույրերիս ու եղբորս միշտ ինչ-որ սև մեքենա է հետապնդում, որը ես ֆիքսել եմ տարբեր օրերի․․․»
Միլենան իր գրառմամբ դիմել է վարչապետին, գլխավոր դատախազին, արդարադատության նախարարին, ՄԻՊ-ին, սակայն այս կառույցներից նրա ահազանգին չեն արձագանքել։
Նա մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց տուն ներխուժած տղամարդիկ տանից իրենց հետ ոչինչ չեն տարել:
Այս ամենը նա կապում է իր հոր կալանավորման, ու դրանից առաջ կատարված իրադարձությունների հետ: Նրա հայրը՝ Գոռ Մինասյանը ձերբակալվել էր այս տարվա հունիսին, իր համագյուղացի, ըստ իրավապահների՝ Տաթև խոշորացված համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Վարուժան Մարտիրոսյանի որդուն և դստերը մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով, չնայած որ նա և իր քաղաքական թիմակիցները պնդում են, որ կատարվածը քաղաքական դրդապատճառներ ունի, ու Գոռ Մինասյանը կապ չունի կատարվածի հետ: Սույն գործով դատական լսումները դեռևս ընթացքի մեջ են:
Նիկոլ Մարգարյան