Բաց վերքը. բռնագաղթից 2 տարի անց․ինչպես են արցախցիներն ապրում Գյումրիում

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակմամբ սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ պաշոտնական տվյալներով՝ այդ օրերին Արցախից բռնի տեղահանվեց 115 365 մարդ։ Նրանցից մոտ 3000-ը բնակություն է հաստատել Շիրակի մարզում։
Գյումրու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում Արցախից բռնի տեղահանված 25 ընտանիք է ապրում արդեն 2 տարի։ Նրանք հիմնականում միայնակ տարեցներ են, հաշմանդամություն ունեցողներ, անաշխատունակներ, սոցիալապես անապահով անձինք։ Այս ընտանիքներին ժամանակավոր կացարանով ապահովելուց հետո, պետությունը նրանց չի վճարում բնակվարձի և կոմունալ վճարների համար տրամադրվող աջակցությունը: Ընտանիքների միակ եկամուտը թոշակն է, որով էլ ապրում են, մի կերպ ծայրը ծայրին հասցնելով, հիմնականում հնարավորություն չունենալով ո՛չ աշխատել, ո՛չ էլ բնակարանի խնդիր լուծել։
Շիրակի մարզում ապաստան գտած շատ արցախցիներ ցանկություն են հայտնել ապրել այս կացարանում, բայց ազատ սենյակներ չկան։ Իսկ բնակության պայմաններն այստեղ հանրակացարանային են՝ ընդհանուր խոհանոցով, սանհանգույցով ու լոգարանով։
Այս շենքում հաստատված գրեթե բոլոր արցախցիների սենյակներում իրերը ճամպրուկների մեջ են, չեն շտապում դրանք հանել ու դասավորել։ Նրանք ապրում են կարոտով, Արցախ վերադառնալու տենչանքով։
Գենադի Աղաջանյանն ասում է՝ տարեց մայրն ամեն օր որդուն խնդրում է իրեն Ստեփանակերտ տանել։