Վարդան Ղուկասյանը «Գյումրու օր» տոնակատարության մասին հարցը հանեց օրակարգից, որոշեց՝ տոնը բարերարն է անելու | Region

Վարդան Ղուկասյանը «Գյումրու օր» տոնակատարության մասին հարցը հանեց օրակարգից, որոշեց՝ տոնը բարերարն է անելու

Սեպտեմբեր 22,2025 21:35

Գյումրու ավագանու այսօրվա արտահերթ նիստում, որտեղ պետք է քննարկվեր «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության կազակերպման և անցկացման հարցը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանեց օրակարգից։

«Ես հարցը հանում եմ, դուք էլ չեք քվեարկելու, ելույթներ կարող եք ունենալ»,-հայտարարեց Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին նիստի ժամանակ էլ Վարդան Ղուկասյանի առաջարկով հարցը հանվել էր օրակարգից։

«Տրամադրությունն էն չի,դիմացն էլ ցուրտ է»,-ասել էր Ղուկասյանը։ 

Այսօրվա արտահերթ նիստը ՔՊ-ի նախաձեռնությունն էր՝ հարցը նորից օրակարգ բերելու համար։

Սեպտեմբերի 17-ին Կոմկուսը հայտարարություն տարածեց՝  «Գյումրու օր» տոնակատարության հարցը ավագանու նիստից հանվել է ֆինանսական միջոցների ավելացման նպատակով։

Նկատենք, որ երեկ «Մեր ձևով» նախաձեռնությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ միասին կկազմակերպի Գյումրի քաղաքի տոնը:

Այս նախաձեռնության անդամ Ռուբեն Մխիթարյանն էլ սոցիալական ցանցում հայտարարեց՝ խոսել է Վարդան Ղուկասյանի հետ, որը մեծ ոգևորությամբ ընդունել է «Մեր ձևով»-ի առաջարկը։

Համայնքապետարանի մշակույթի բաժինը, ինչպես այսօր ասաց Վարդան Ղուկասյանը, 4 կամ 6 մլն դրամ է ներկայացրել տոնակատարության համար, ասաց՝ ավագանու անդամներ կային, որոնք առաջարկեցին այդ գումարն ուղղել այլ միջոցառումների իրականացմանը․«Տրամադրությունն էլ տեսնելով՝ ես ասացի հարցը հանենք, հետո կքննարկենք»։

Ո՞ւմ տրամադրությունն է վատ, գյումրեցիները պատճառ չունեն տոնը չնշելու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի այս հարցին ի պատասխան Ղուկասյանն ասաց՝  ավագանու անդամներին: Ավելին՝ որևէ խնդիր չի տեսնում, որ բարերարներն այդ միջոցառումը անցկացնեն:

Սարիկ Մինայսանը հայտարարեց՝ Գյումրու հետ կապված ցանկացած որոշում պետք է կայացնի Գյումրու համայնքապետարանը՝ իր բաժիններով․«Քաղաքն ունի քաղաքային իշխանություն, ունի ավագանի, որոնք որոշումներ են կայացնում: Քաղաքապետարանից բացի որևէ մեկն իրավունք չունի «Գյումրու օր» տոնը կազմակերպել ու անցկացնել, կամ օրն ու ժամը որոշել։ Ձեր իրավունքն է, ուզում եք հարցը հանել՝ հանեք»։

«Քաղաքապետարանն է նշանակում օրը, մշակույթի բաժինն է կարգավորելու ամեն ինչը, ամեն րոպե էլ չի բարձրաձայնվելու՝ ով է կազմակերպել: Ըդպես տղա չկա երկրում, որ մեզ հետ ուրիշ ձևով ուզենա խոսա, բարիդրացիական հարաբերություններով ուզում են աջակցեն»,-Միանասյանին պատասխանեց քաղաքապետը։

«Քաղաքացիական պայմանագրից» Քնարիկ Հարությունյանն էլ հայտարարեց՝ ոմն անհատ հայտարարություն է անում համայնքապետարանի անունից և որոշում, թե երբ պետք է նշել Գյումրու օրը, ինչպես և որ ժամին․«Այսինքն, համայնքապետարանը տեղում չէ և չի կարող հասարակ միջոցառում կազմակերպել: Վերահաստատում ենք, որ «Գյումրու օր» տոնակատարությունը պետք է կայանա: Ձեր իրավունքն է, կարող եք հարցը հանել, սակայն Գյումրու համայնքապետարանը պետք է այս միջոցառումը նախաձեռներ, ոչ թե թույլ տար, որ անհատները, ժամանակից առաջ ընկնելով, հայտարարություններ տարածեին, ինչը խոսում է համայնքապետարանի տեղում չլինելու մասին»։

Ղուկասյանն արձագանքելով Հարությունյանին, ասաց, թե «քաղական տարրեր պետք չէ փնտրել իր այս որոշումներում, ու պետք չէ մտածել, թե քաղաքը ոչ մի բան չուներ, Սամվել Կարապետյանը եկավ հասավ, փրկեց։ Փրկիչ էր»:

Ի վերջո հարցը հանվեց օրակարգից, Ղուկասյանն ասաց․« 15 միլիոնի տեղն էլ մարդիկ կրկնակի, եռակի ավելի գումար են ծախսելու, ու ավելի լավ միջոցառում են անելու մարդիկ»։

 

Նորություններ