Մեսրոպ Առաքելյանը բացառում է, որ Վալոդյա Գրիգորյանը որևէ մեկի հետ խնդիր կամ թշնամանք կարող էր ունենալ․«Նա կառուցողական հարաբերություններ ուներ նաև մրցակից խմբակցության հետ»
«Նա օր ու գիշեր լծված էր համայնքի խնդիրների լուծմամբ, բնակիչների հետ հանդիպումներով։ Անընդհատ քննարկում էինք համայնքին, երկրին վերաբերող և՛ օրվա, և՛ երկարաժամկետ խնդիրները։ Վալոդյա Գրիգորյանը մեծ հայրենասեր էր, նվիրված իր երկրին, և մեզ համար սա մեծ ողբերգություն է»,-այս մասին այսօր ասաց «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն՝ (նա դեպքի վայրում էր) անդրադառնալով Մերձավանում այսօր գիշերը տեղի ունեցած իրենց կուսակցի՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։
ՆԳՆ-ն այսօր հաղորդել է, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ մյուս սպանվածը Արարատի մարզային վարչության քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է, ով այդ պահին Գրիգորյանի հետ է եղել, սակայն չի եղել ծառայության մեջ: Սպանված ոստիկանը Գրիգորյանի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել։ Իսկ վիրավորը, ըստ ՆԳՆ խոսնակի, Արծրուն Գալստյանն է: Նա վիրահատվել է, այս պահի դրությամբ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Իրավապահների նախնական տեղեկություններով՝ դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է տեղում կանգնած երեք անձանց ու կրակահերթ արձակել:
Առաքելյանը բացառեց, որ Վալոդյա Գրիգորյանը որևէ մեկի հետ ինչ-որ խնդիր կամ թշնամանք կարող էր ունենալ, վստահեցրեց՝ կառուցողական հարաբերություններ են եղել նաև մրցակից խմբակցության հետ։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը այս տարվա մարտին Փարաքարի համայնքապետի արտահերթ ընտրություններում հաղթել էր իր առաջնորդած «Միասնություն» դաշինքով, նա ստացել էր ձայների ավելի քան 57%-ը: Փարաքարում արտահերթ ընտրություններ նշանակվեցին, երբ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, այդ ժամանակվա համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական տվեց արյունալի մի միջադեպի ներկա գտնվելու պատճառով:
Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս պահին իրենք որևէ վարկած չունեն, թե ինչու է սպանվել Գրիգորյանը, նա հույս հայտնեց, որ իրավապահներն արագ կբացահայտեն դեպքը, նշելով, որ այս սպանությունը իրավապահ համակարգի բացթողումն է․«Մարդիկ են սպանվել, ապօրինի զենքով, և դա իրավապահ մարմինների բացն է։ Հայաստանում չկան կանխարգելիչ միջոցառումներ, երկրում նման մթնոլորտը անթույլատրելի է»։
Առաքելյանը հստակ չպատասխանեց հարցին՝ արդյոք կապ ո՞ւնի այս սպանությունը Մերձավանում մի քանի ամիս առաջ տեղի ունեցած սպանության հետ, սակայն նշեց նման միջավայրերում ոստիկանությունը պարտավոր էր լրացուցիչ անվտանգային միջոցառումներ ձեռնարկել, մանավանդ այն դեպքում, երբ սպանված անձանցից մեկը ոստիկան էր․«Մյուս սպանվածը ոստիկան է եղել, Վալոդյա Գրիգորյանի ընկերը։ Այն վարկածները, որ դեպքը այլ միջավարում էր, այլ պատճառներով, ճիշտ չեն։ Վալոդյա Գրիգորյանն օրենքի մարդ էր, հայրենիքին նվիրված, և դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ նրա ընկերների մեջ եղել է տարածքային ոստիկանության աշխատողը։ Սա պետք է ազդակ դառնա ոստիկանների համար, որ հանցագործները կարողանում են փողոցում ոստիկանի սպանել»։
Նիկոլ Մարգարյան
