Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը

Կապանի «Սյունիք» օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը, այլ ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով։ Այս մասին հայտնում են «Սյունիք» օդանավակայանից։
««Սյունիք» օդանավակայանը հայտարարում է, որ հակառակ այսօր լրատվամիջոցներում տարածված հրապարակումների, օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը։ Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է բացառապես չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով։
Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ և կանոններով։
Երևան-Կապան-Երևան չվերթը կվերսկսվի օդանավի տեխնիկական աշխատանքները ավարտելուց անմիջապես հետո, որը նախատեսվում է այս տարեվերջին։