ՊՆ 2026-ի բյուջեն նախորդ տարվա համեմատ նվազում է մոտ 101 միլիարդով, «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրի ծախսերը՝ մի փոքր ավելանում

2026 թվականին կառավարությունը նախատեսում է Պաշտպանության նախարարությանը հատկացնել 563 մլրդ 127 մլն դրամ։ Այս մասին նշված է ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին նախագծում։
Կառավարությունն այսօր հաստատեց նախագիծն, այն պետք է քննարկվի Ազգային ժողովում։
Հիշեցնենք․ որ 2025 թ-ի բյուջով Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 664 մլրդ դրամ, այսինքն եկող տարվա բյուջեն մոտ 101 մլրդ դրամով նվազում է։
Դեռ օգոստոսի 21-ին էլ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է նվազեցնել պաշտպանությանը հատկացվող ծախսերի մասնաբաժինը 2026 թ-ի ընդհանուր ծախսերի մեջ։
Պաշտպանական ծախսերի կրճատման մասին հայտարարությունից հետո սուր քննադատություններ հնչեցին։ Ռազմական փորձագետները, ընդդիմությունը նշում էր, որ Ադրբեջանը իր ռազմական ծախսերն ավելացնում է, իսկ ՀՀ-ն՝ նվազեցնում, սա անընդունելի է, մանավանդ, որ խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ։
Հատկանշական է, որ պաշտպանական ծախսերը կրճատելու մտադրության մասին հայտարարվեց օգոստոսի 8-ից հետո, Վաշինգտոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո։
Սեպտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊՆ ծախսերի կրճատման վերաբերյալ ասել էր․«Որոշել ենք, որ այն պարտքի կտորները, որ հինգ տարում պիտի փակեինք՝ ապագա փուլում, հիմա կոնսոլիդացրել ենք․ այդ պարտքը հիմա ենք փակել։ Եթե այդ պարտքի կտորը հանենք խոսակցությունից, վերցնենք թվերը, սրանից դուրս կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որն ի սկզբանե պլանավորել էինք և միգուցե մի փոքր էլ ավելի։․․․2025 թ-ին պաշտպանական ծախսերի կտրուկ աճ է տեղի ունեցել, և դա մեծ մասամբ պայմանավորված է միջազգային ծրագրերով ձեռքբերումների և պարտքի սպասարկման անհրաժեշտություններով»։
Նկատենք, որ 44-օրյա պատերազմից հետո, սկսած 2021 թվականից մինչև 2025 թվականը, ՀՀ պաշտպանության ծախսերն աճել են։ Օրինակ 2021-ին ՊՆ-ին հատկացվել է 311 մլրդ դրան, 2022-ին՝ 345 մլրդ, իսկ 2023 և 2024 թվականներին ՊՆ բյուջեն կտրուկ է աճել՝ 500-ից ավելի միլիարդ դրամ: ՊՆ-ին հատկացված այս տարվա բյուջեն կազմել է 664 մլրդ դրամ։
Ըստ 2025 թվականի պետական (աղբյուրը՝ ֆինանանսների նախարարություն) բյուջեի՝ ՀՀ պաշտպանության ապահովում՝ (ՀՀ ԶՈւ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում, արտաքին թշնամուց ՀՀ պետական սահմանների պաշտպանության ապահովում), ծրագրի ծախսերը 660 մլրդ 912 մլն դրամ է։ Իսկ «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրի ծախսերը՝ 253 միլիարդ 570 մլն դրամ։
Ինչ է նախատեսվում ՊՆ 2026-ի բյուջեի ծախսային մասով՝ ՀՀ պաշտպանության ապահովում ծրագրով` (ՀՀ ԶՈւ ռազմավարական ծավալումն ապահովող մարտական պատրաստականության պահպանում, արտաքին թշնամուց ՀՀ պետական սահմանների պաշտպանության ապահովում), ծախսերը՝ 560 մլրդ 98 մլն դրամ։ «Ռազմական կարիքների բավարարում» ծրագրի ծախսերը՝ 256 մլրդ 697 մլն դրամ։
Նելլի Բաբայան