«Մեր գյուղը գործարան չէ։ Պահպանենք բնությունը»․Երնջատափում ցեմենտի արտադրամասի կառուցման վերաբերյալ հանրային լսումներ էին․բնակիչները դժգոհ են նախագծից

«Նորթ ինվեստ» ՍՊԸ-ն Արագածոտնի մարզի, Ապարան համայնքի Երնջատափ բնակավայրում արտադրական գործարանի վերահատակագծման և ցեմենտի մինի արտադրամասի կառուցման նախագիծ է ներկայացրել:
«Մեր գյուղը գործարան չէ», «Պահպանենք բնությունը, փրկենք ապագան».այսօրվա հանրային լսումներին այսպիսի պաստառներով էին եկել Երնջատափի մի խումբ բնակիչներ, հիմնականում՝ դպրոցականներ:
Տնօրեն Արթուր Հարությունյանը ներկայացրեց, թե ինչ արտադրամաս է նախատեսվում կառուցել․«Արտադրանքը լինելու է փոշի, չոր վիճակում, իսկ շինարարական գործընթացը կազմակերպվելու է մի քանի փուլերով: Սկզբում իրականացվելու է համապատասխան սարքավորումների բետոնային աշխատանքները, որից հետո դրանց հիմքերի կատարվելու է սիլոսների և բունկերների տեղադրումը, և իրականացվելու է հոսքագծի մոնտաժը: Սարքավորումները մի քանի հատ են: Քանի որ դա մինի-արտադրություն է, մեկ հատ աղաց է, երկու հատ սիլոս, չորս ընդունման բունկեր, երկու հատ փոխադրիչ, և ամենակարևորը մինչև 6 հատ փոշի կլանող ֆիլտր»։
Նա վստահեցրեց, որ բոլոր սարքավորումները համապատասխանում են ժամանակակից եվրոպական ստանդարտներին, իսկ արտադրությունը էական ազդեցություն չի ունենալու կոմունիկացիաների, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա.«Էլեկտրականության հզորությունը լինելու է 550 կվ, իսկ գազը ծախսվելու է միայն տաք ջուր ունենալու, և շենքերի ձմեռային ջեռուցումը ապահովելու նպատակով: Արտադրական պրոցեսում անգամ մեկ կաթիլ ջուր չի օգտագործվելու, որովհետև սա մշակում չի, և արտադրական պրոցեսը իրենից ներկայացնելու է միայն հումքի աղում, և իրար հետ խառնում: Քիմիական և ֆիզիկական որևէ պրոցեսները, թափոնների արտանետումները ևս բացառվում են: Այս պահին մշակման փուլում է գտնվում նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության մասնագիտական հաշվետվությունը, որը ձեր կողմից հաստատավելուց հետո կուղարկվի ՀՀ Կառավարություն՝ համապատասխան ռիսկերը գնահատելու նպատակով»:
Նա ասաց, որ նախատեսվում է ստեղծել 30-60 աշխատատեղ, աշխատավարձերը՝ 200 հազարից մինչև 450 հազար դրամ՝ կախված մասնագիտական որակավորումից և հաստիքից, աշխատավարձի մասով, ինչպես նշեց տնօրենը՝ կանանց և տղամարդկանց միջև խտրականություն չի լինելու։ Աշխատողները լինելու են տեղացիները: Սկզբնական շրջանում նեղ մասնագետները կհրավիրվեն դրսից, սակայն ինչպես նշեց ընկերության տնօրենը, իրենց նպատակն է հետագայում համապատասխան վերապատրաստումներ անցնելուց հետո այդ աշխատատաեղերը ևս տրամադրել համայնքի բնակիչներին, մասնավորապես՝ երիտասարդներին:
Հարությունյանը խոստացավ, կապահովեն ժամանակակից ստանդարտներին համապատասխան աշխատանքային միջավայր, նաև խոստացավ, որ ընկերությունը կմասնակցի համայնքի սոցիալական ծրագրերին:
Բնակիչների մեծ մասը չտրվեց «գայթակղությանը», այնքան էլ մեծ ոգևորությամբ չընդունեցին ծրագիրը: Համայնքում նման արտադրամասի գործունեությունն ընդունելի չէ բնակիչների համար, և ոչ միայն այն պատճառով, որ այնուամենայնիվ, շրջակա միջավայրին վնաս կհասցնի, նաև նշեցին, որ զբոսաշրջության կոմիտեն նպատակ ունի տարածքը տուրիստական գոտի հայտարարելու, և գործարանի հնարավոր շահագործումը կխոչընդոտի նախագծին.«Այդ պարագայում ի՞նչպես կարող են համատեղվել տուրիզմն ու գործարանի փոշին: Ի՞նչ եք կարծում շվեցարացի տուրիստը, ով իր առողջության մասին մտահոգվում է, կգա՞ այստեղ, իմանալով, որ տարածքում ցեմենտի գործարան կա: Առաջարկում եմ փոխել նախագիծը: Էլի աշխատատեղեր ապահովեք, բայց այլ բան կառուցեք, մի աղտոտեք այս ալպիական բնությունը»:
Լրագրողների հետ զրույցում Ապարանի ավագանու անդամ, ՔՊ խմբակցության ղեկավար Սևակ Սաֆարյանն էլ ասաց․»Ես բազմաթիվ ռիսկեր եմ տեսնում: Կա մեծ առողջապահական ռիսկ: Հաջորդ խնդիրը այն է, որ գործարանի աշխատելու պարագայում այստեղ մեծ բեռնատարների կուտակում կլինի, և ճանապարհը կքանդվի ավելի շուտ, քան այլ պայմաններում: Ի՞նչքանով են իրենք համոզված, որ գործարանի՝ համայնքին բերած եկամուտը կգերազանցի ճանապարհաշինարարական ծախսերին: Նրանք որևէ առարկայական բան չներկայացրին: Ինձ համար անհասկանալի էր նաև այն, թե ի՞նչու են իրենք գործարանը կառուցում այս վայրում, եթե արտադրված ցեմենտի մեծամասնությունը ծախսվելու է իրենց Աբովյանի գործարանում: Ի՞նչու են այստեղ արտադրում, իսկ հետո հետ տանում այնտեղի գործարան»։
Նա հայտնեց, որ ավագանու նիստերի ընթացքում անպայման կներկայացնի բնակիչների մտահոգությունները, ու կարծիք հայտնեց, որ այս նախագիծը վերջիվերջո հաջողություն չի ունենա:
Նիկոլ Մարգարյան