«Ես մինչև վերջին վայրկյանը պայքարում էի ու չէի մտածում, որ վերջ, հաղթել եմ»․Մալխաս Ամոյան
«Թիմի մասնակցությունը համարում եմ բավարար: Թիմային պայքարում հաղթել հաստատ չէինք կարող, քանի որ իրանցիները միավորների մեծ տարբերությամբ առաջ էին, բայց կարող էինք եռյակ մտնել: Ամեն դեպքում ունենք երեք մեդալ, 60 երկրների մեջ` 5-րդ հորիզոնական, այն դեպքում, երբ 80-90 միլիոն բնակչություն ունեցող Թուրքիան նվաճեց ընդամենը մեկ մեդալ»,-ամփոփելով Զագրեբում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեր թիմի ցույց տված արդյունքները «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-21-ը Խորվաթիայի Զագրեբ քաղաքում տեղի ունեցավ հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունը, որտեղ մեր հավաքականը մասնակցեց 10 մարզիկով, նվաճեց 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ, թիմային պայքարում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը:
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն, 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր դարձած Մալխաս Ամոյանն էլ նշեց, որ Զագրեբ էր մեկնել հենց ոսկու հետևից, լավ էր պատրաստվել առաջնությանն ու վստահ էր սեփական ուժերին: Առանձնացրեց եզրափակիչ գոտեմարտը, որտեղ 10-1 հաշվով առավելության հասավ գործող Օլիմպիական չեմպիոն Նաո Կուսակայի նկատմամբ, ում պարտվել էր նախորդ տարի Փարիզում, ամառային Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում՝ 1-3 հաշվով։
«Չէի սպասում, որ ճապոնացի ըմբիշին կարող եմ հեշտ հաղթել, քանի որ նա էլ մեր քաշային կարգի ուժեղագույն ըմբիշներից է, բայց իմ շարունակական մարզումները բերեց նրան հասցրեց, որ հոգեպես էլ պատրաստ լինեմ: Մի վայրկյան չեմ կասկածել, որ կարող եմ պարտվել այստեղ: Երևի այդ օրը իմ օրն էր, այդ պահին ես ինձ ավելի լավ էի զգում, և այս անգամ ինձ հաջողվեց հաղթել: Օլիմպիական խաղերից հետո շատ էի ուսումնասիրել Կուսակային: Այնպիսի տպավորություն ունեի, որ նրան չեմ կարող հաղթել: Օլիմպիական խաղերում մեր գոտեմարտը վերանայելիս հասկանում եմ, որ այնտեղ նրան չէի կարող հաղթել: Մարզիչների հրահանգը ճիշտ կատարելու արդյունքում եւ ճիշտ մարտավարության արդյունքում հաղթեցի: Ես մինչև վերջին վայրկյանը պայքարում էի ու չէի մտածում, որ վերջ, հաղթել եմ, որովհետեւ ըմբշամարտը 6 րոպե է եւ ամեն վայրկյան կարող ես պարտվել, մրցակցիդ միավոր տալ: Մինչեւ վերջ պետք է զգոն մնաս, որ հասնես հաղթանակի»,- ասաց Մալխաս Ամոյանը:
67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճած Սլավիկ Գալստյանը ևս շեշտեց, որ թիմը ունակ էր ավելի շատ մեդալներ նվաճելու, քանի որ լավ մարզավիճակում էին: Ամփոփելով իր ելույթները ասաց, որ այս պահին գոհ է իր ցուցադրած արդյունքից, չնայած նպատակը չեմպիոն դառնալն էր.«Բոլոր մրցակիցներս էլ փորձառու էին, չեմ կարող ասել, որ որևե հաղթանակ հեշտ է տրել: Մազիչների հետ շտկումներ կանենք: Ե´վ ես, և´ մարզիչները հավատում են ինձ: Հաջորդ մրցաշարերում կփորձեմ ավելին անել, և չեմպիոն դառնալ»:
Հավաքականի մարզիչ Արմեն Բաբալարյանը մեկնաբանեց նաև աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ելույթները առաջնությունում, անդրադարձավ նաև այն խոսակցություններին, որ վերջին շրջանում նրա ոչ այնքան հաջող ելույթների պատճառը վերջինիս տարիքն է.«Տարիքը բացարձակապես կապ չուներ արդյունքի հետ: Արթուրը պարզապես սայթաքեց, բռնվածքը թուլացավ, ինչն էլ պարտության պատճառ դարձավ: Բոլորն էլ պարտվում են»:
Բաբալարյանը հանրությանը կոչ արեց նաև չմոռանալ Ալեքսանյանի ներդրումն ու զերծ մնալ վերջինիս քննադատելուց.«Չի կարելի քննադատել Արթուրին: 2009 թվականից հետո նա շարունակ բոլոր մրցումներում բարձր է պահել մեր պատիվը: Ոչ ոք իրավունք չունի նրան քննադատելու: Եթե Արթուրի նվաճած մեդալները գցեն ինչ-որ մեկի վզին, հնարավոր է էդ մեկի վիզը կախվի, էլ չկարողանա բարձրացնի: Այնպես որ, մենք բոլորս նրան ասում ենք շնորհակալություն»:
Նիկոլ Մարգարյան
