«Արցախի հարցը չի կարող լուծված համարվել, քանի դեռ արցախցիները զրկված են իրենց հայրենիքից». Շահրամանյան

«Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է խաղաղությանը, սակայն մենք մշտապես նշում ենք, որ արցախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից»։
Այս մասին հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, որը 44–օրյա պատերազմի 5–րդ տարելիցին Եռաբլուրում էր։
Հավատո՞ւմ է արդյոք Երևան-Բաքու խաղաղությանը, որն, ըստ իշխանության ներկայացուցիչների, արդեն իրողություն է։ Հարցին Շահրամանյանն արձագանքեց՝ խաղաղությունը ողջունում ենք, բայց, անկախ պայմանավորվածություններից, Արցախի հարցը չի կարող լուծված համարվել, քանի դեռ արցախցիները զրկված են իրենց հայրենիքից։
«Արցախի հայերի խնդիրների անտեսումն ապագայում լուրջ խնդիրներ կստեղծի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար», –ասաց նա՝ շարունակելով, որ լուրջ չի վերաբերվում պնդումներին, թե արցախցիները կարող էին և պետք է մնային ու կռվեին։