«Քաջորդիների սխրանքն անմահ է, անունը՝ բոլորի սրտերում»

44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի օրը Շիրակի մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, զինվորականները, Երկրապահ կամավորականներն այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հուշակոթողին ու շիրիմներին, խնկարկել, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել անմահ հերոսների հիշատակին։
«Հինգ տարի է անցել 44-օրյա մղձավանջից, բայց մեր հիշողությունները չեն խամրել։ Մեր հերոսները կռվել են հայրենիքի համար, այս հող ու ջրի համար, Հայաստանի Հանրապետության հարատևության համար, խաղաղության համար»,- լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
«Մենք դարերով շատ թանկ գին ենք վճարել խաղաղություն ունենալու համար, երկիր ունենալու համար, Հայաստանի անկախ, ինքնիշխան Հանրապետություն ունենալու համար և ամեն անգամ այստեղ գալուց պետք է հիշենք՝ ինչի համար մեր տղաներն ամենաթանկը՝ կյանքն ու արյունը տվեցին, ուրեմն ով ենք մենք, որ մեր քրտինքն ու ջանքերն ափսոսանք մեր երկրի համար։ Մեզ պետք է խաղաղություն, որին այժմ մենք հասել ենք և կամք բոլորիս, որ զարգացնենք մեր հայրենիքն ու առաջ տանենք մեր երկիրը դեպի հավերժություն»,- ավելացրեց մարզպետը։