«Նորից խաբեցին մեզ, խուսափում են հանդիպել մեզ հետ։ Կառոբկա չենք տվել ՊՆ-ին, երեխա ենք տվել»․անհետ կորածների ծնողների՝ ՊՆ-ի մոտ ցույցի ժամանակ իրավիճակը լարվեց, ծնողի ինքնազգացողությունը վատացավ

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն այսօր Պաշտպանության շենքի մոտ բողոքի ցույց էին անում։ Ծնողները վրդովված են, շաբաթ օրը, երբ նրանք կրկին այստեղ բողոքի ցույց էին անում, ՊՆ-ից խոստացել էին հանդիպում կազմակերպել երկուշաբթի օրը, սակայն այսօր էլ, ինչպես ասացին ծնողները՝ խաբեցին։
Մի պահ ՊՆ անցակետի մոտ իրավիճակը լարցվեց, ծնոնղերը պահանջում էին դուռը բացել, որպեսզի ներս մտնեն, նրանց թույլ չտվեցին ներս մտնել։
«Ոտդ կպոկեմ, դուռը բաց»,-պահանջում էին ծնողները։
Շաբաթ օրը անհետ կորածների հարազատներին խոստացել էին, որ նրանք կհանդիպեն իրենց ուզած պաշտոնյաների՝ Հ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ, սակայն այսօր նրանց հայտնեցին, որ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը կհանդիպի նրանց, ինչը դժգոհություն առաջացրեց։
«Մենք Արման Սարգսյանի հետ չենք ուզում հանդիպել, նրա հետ մի քանի անգամ հանդիպել ենք, արդյուքն չկա»,-հայտարարեցին ծնողները։
«Ինչպես միշտ ծնողը խաբված է, նորից ծնողների զայրույցը հարուցեցին։ Ստորաբար խաբեցին մեզ։ Շաբաթ օրը Արման Սարգսյանն այստեղ էր, մեքենան էր նստում, ասացինք՝ հիմա ծնողները կմոտենան ձեզ, ուզում ենք հանդիպել, նա չսպասեց, քշեց, գնաց։ Բայց հիմա չենք ուզում իր հետ հանդիպել»,-ասացին ծնողները։
Նրանք պնդեցին, որ անցակետի մոտ ՊՆ աշխատակցիներն այնպես արեցին, որ ծնողները հունից դուրս գան, բախում առաջանա, ուստի մի պահ իրավիճակը լարվեց։
«Կոնկերտ խուսափում են մեզ հետ հանդիպել, որովհետև գիտեն, որ մեր հարցերին չեն կարողանալու պատասխանել»,-հայտարարեց ծնողներից մեկը։
Պատերազմում անհետ կորած Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ արդեն հինգ տարի է՝ որևէ առաջընթաց չկա իրենց զավակներին ու հարազատներին գտնելու ուղղությամբ․«Ոչ մի պատասխան հինգ տարվա մեջ չի բավարարել մեզ, արդեն դանակն ոսկորին է հասել։ Մեր երեխաներին տվել ենք ՊՆ-ին, ՊՆ-ից պատասխան ենք պահանջում»։
Նա վստահեցրեց, որ երբ այս գործով զբաղվում էր ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանը, ԱԱԾ-ն իր գործառույթների 60%-ն անում էր, հիմա կրկին անորոշոություն է․«Բոլոր կառույցները պետք է հասկանան, որ մենք երեխա ենք փնտրում, մի հատ «կառոբկա» չենք տվել, հիմա էլ հետ ենք ուզում։ Հինգ տարի է՝ ասում են զբաղվում ենք, բայց եթե գոնե մեկ հոգու ճակատագիր բացահայտված չէ, ուրեմն ոչ մի բան էլ չեն անում, գործ չեն արել, եթե աշխատում են էդ ուղղությամբ, մի բան պարզված կլիներ»։
Ծնողները հայտարարեցին, որ եթե իրենց պահանջը՝ իրենց ուզած պաշտոնյաների հետ հանդիպումը տեղի չունենա, բողոքի ցույցերը շարունակելու են՝ փողոց են փակելու․«Երթևեկությունը կոլապսի է ենթարկվելու։ Վերջերս սկսել են չհանդիպել ծնողների հետ, ուրեմն թող արխային չընկնեն, մենք ճանապարհներ ենք փակելու»։
Իրավիճակը կրկին լարվեց, երբ ծնողներին նորից ներս չէին թողնում, ՊՆ-ի անտարբերությունը զայրացրեց ծնողներին, Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացավ, շտապ օգնության բրիգատ ժամանեց։ ՊՆ հսկիչ-անձնագրային մուտքը ծնողները փակ են պահում։