«Որևէ մեկն իրավունք չունի անուն դնել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա»․Փաշինյանը՝ ԵԽԽՎ-ում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործած պատվիրակին

Որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ Հայաստանի կողմից։ Այս մասին այսօր ԵԽԽՎ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին:
Պատվիրակը հարց էր ուղղել Փաշինյանին՝ օգտագործելով «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, նա հետաքրքրվեց՝ թե ի՞նչ տարբերություն կա «Զանգեզուրի միջանցքի» ընկալումներում ՀՀ և Ադրբեջանի համար, և արդյոք այն նույնքան շահավետ է Հայաստանի համար, որքան Բաքվի համար, քանի որ կարծես Ադրբեջանի համար այն ավելի շահավետ է։
Փաշինյանը պատասխանելով հարցին ասաց, որ այդ փաստաթղթերը ծավալուն չեն, ու խորհուրդ տվեց կարդալ դրանք։
«Ձեր նշած խոսույթը առկա չէ այդ փաստաթղթում, «Զանգեզուրի միջանցք եք ասում, որտեղի՞ց այդ արտահայտությունը ձեզ, որտե՞ղ եք կադացել, նման արտահայտություն չկա, չի եղել և համոզված եղեք, չի լինի Հայաստան-Ադրբեջանա համաձայնեցված որևէ փաստաթղթում»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ խաղաղությունը խնամք է պահանջում, դրա կարևոր բաղադրիչը լեգիտիմ բառապաշարի օգտագործումն է․«Նրանք, ովքեր օգտագործում են «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը․․․ ադրբեջանցի գործընկերոջն էլ ասացի՝ թող պարզաբանի, թե որտեղից այդ արտահայտությունը, քարտեզի վրա պետք է ցույց տալ «Զանգեզւորի միջանցքը», որովհետև եթե պարզվի, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի ունեն ՀՀ տարածք, որևէ մեկն իրավունք չունի ՀՀ ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ կողմից։ Դա արդեն իսկ ձեռքբերված ինքնիշխանության, փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է։ Դուք օգտագործում եք մի բառապաշար, որը վնասում է խաղաղության գործընթացին, որովհետև ուղիղ կերպով խախտվում է պայմանավորվածությունը»։
Անդրադառնալով «Թրամփի ուղուն», Փաշինյանը կրկնեց՝ այն գործելու է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և փոխադարձության սկզբուքնով, և դա մի փաստաթուղթ է, որի տակ ստորագրել է Ալիևը։
«Ես խստորեն դատապարտում եմ ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումը»,-ասաց Փաշինյանը։