«Մենք չենք կարող կրել այս մեդալները, երբ դրանց հիմքում դրված արժեքն ու զոհողությունը զրոյացվել է»․ պատերազմի մասնակիցները վերադարձնում են իրենց շքանշանները

Պատերազմների 7 մասնակից այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում, նրանք վերադարձնում են իրենց շքանշանները, նշելով, որ այս իշխանությունն ապազգային ու ապահայկական քաղաքականություն է վարում։
44-օրյա պատերազմի մասնակից Հովսեփ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իրենց գործողությունը․«Այս կառավարությունն իր սխալները սրբագրելու, սխալները չխոստովանելու համար փորձում է խմբագրել մեր պատմությունը, փորձում է այն կյանքը, դժվարությունները, որ մենք ենք ունեցել, որի համար մենք արյուն ենք տվել, զրոյացնել։ Իշխանությունը մեզ ասում է, որ մեր վերջին երեսուն տարվա պայքարը, որի գաղափարով մեր հանրապետությունը հռչակվել է, և որը եղել է մեր պետության գաղափարական հիմքը, կեղծ է եղել, ուստի ի նշան բողոքի, ես ու իմ մարտական ընկերները որոշել ենք վերադարձնել 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողությունների համար ստացած շքանշանները վերադարձնել։ Մենք չենք կարող այս շքանշանները կրել այն դեպքում, երբ ամեն արժեք ու զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է»,-ասաց Ղազարյանը, համելելով, որ այդ շքանշանները ստացել են Արցախի և Հայաստանի հանարապետությունների նախագահներից։
Բողոքի ցույցի նախաձեռնողները հայտարարեցին, որ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթերի ստորագրումից հետո այս իշխանությունը սկսեց պարբերաբար տարածքային ու արժեքային զիջումների գնալ, սկսեցին հրաժարվել պայքարի ձևերից․«Ցավալին այն է, որ սկսեցին հրաժարվել մեր ինքնությունից, ազատությունից ու պայքարելու իրավունքից։ Սա է պատճառը, որ մենք բողոքի ձայն ենք բարձրացնում ու վերադարձնում շքանշանները»։
Նրանք նշեցին, որ իշխանությունը զբաղված է «ապազգային, հակահայկական գործունեությամբ, կարմիր գծերը հատել են, այսօր էլ միջանցք տալու հարցն է քննարկվում»։
«Այս իշխանությունը չհիշեց սեպտեմբերի 19-ը՝ Արցախի հայաթափման մեկնարկը, որին ես ներկա եմ եղել ու մինչև վերջին պահը պայքարել եմ, ազատության կորուստը զգացել եմ, գլխիկոր դուրս եմ եկել Բերձորի անցակետից։ Չեմ ուզում, որ դա կրկնվի։ Մենք պայքարելու ենք, հասնենք նրան, որ Հայաստանի Հանրապետությանը վերադարձնենք արժանապատվությունը»,-հայտարարեց պատերազմի մասնակիցներից մեկը։