«Թրամփն էլ է օգտագործում միջանցք տերմինը։ Եթե դա հստակեցված չէ, ինչո՞ւ են ստորագրել»․Արթուր Խաչատրյան | Region

«Թրամփն էլ է օգտագործում միջանցք տերմինը։ Եթե դա հստակեցված չէ, ինչո՞ւ են ստորագրել»․Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 03,2025 13:54

Ես Փաշինյանի էքստրասենսոր հնարավորություններից տեղյակ չեմ, թե ինչ նկատի ուներ, երբ մեկնաբանում էր, թե Ալիևն ինչու է «Զանգեզուրի միջանցք» ասում,  հավանաբար այդ հարցը պետք է քննարկվեր Կոպենհագենում։ Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ օրերս խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ասել է․«Իմ ընկալումն այն է՝ երբ Ադրբեջանն ասում է «Զանգեզուրի միջանցք», իրենք նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը։ Կարող են ասել՝ դա միջանցք է, որը տանում է դեպի Զանգեզուր: Ասում են, թող ասեն, բայց Հայաստանի մասին չէ դա: Այդ երկու ելույթը և արձագանքները վերլուծելով՝ ես հասկացա, որ խոսքը Հորադիզ-Զանգելան ճանապարհի մասին է»։

Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ժամանակ իր ելույթում է նաև անդրադարձել Ադրբեջանում օգտագործվող արտահայտություններին։ ՀՀ վարչապետն իր ելույթում ասել է, որ Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել են Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ ՄԱԿ  ամբիոնից օգտագործել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք», արտահայտությունը։

«Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա։ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Կարծում եմ, որ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,-ասել է Փաշինյանը։

Արթուր Խաչատրյանի խոսքով․«2018-20 թվականներին, երբ այս իշխանությունները գաղտնի բանակցում էին արցախյան հակամարտության կարգավորման շուրջ, Փաշինյանին երբ հարցնում էին՝ Աշխաբադում, Մյունխենում և այլուր, երբ հանդիպում էիք, ի՞նչ եք քննարկում, ասում էր, թե փորձում էին հասկանալ՝ նույն բառի տակ նո՞ւյն իմաստն են հասկանում, թե՞ չէ։ Հիմա Փաշինյանի մեկնաբանություններն էապես տարբերվում են Ալիևի մեկնաբանություններից։ Հարց է առաջանում ՝լավ, մի հատ հասկանամ, էս բառի տակ ի՞նչ ենք  հասկանում, գուցե այլաբանություն է այդ միջանցք ասածը, թե իրականություն է, էս հապշտապությունն ինչո՞վ է պայմանավորված»։

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ ԱՄՆ նախագահ Թրամփն էլ է օգտագործում միջանցք տերմինը։ Խաչատրյանը հարց է տալիս՝ եթե «միջանցք» է, թե «միջանցք» չէ, սա հստակեցված չէ, ինչո՞ւ են ստորագրում։

«ՀՀ իշխանությունների պահանջը՝ «բոլոր կապուղիների միաժամանակյա ապաշրջափակում»-ը փոխարինվել է «փոխադարձ առավելություն» անորոշ, անսահմանելի մի ինչ որ նախադասությամբ։ Որո՞նք են այդ փոխադարձ առավելությունները։ 2001-ին Փաշինյանն ասում էր՝ միջանցքը պետք է թուրքերին և ամերիկացիներին տանք, փող աշխատենք։ Փող աշխատելն ինքը դիտում է որպես փոխադարձ առավելություն, կարո՞ղ ենք բացառել, որ հիմա էլ դա նկատի ունի։ Չգիտեմ»։

Նորություններ