Հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ, առաջին աշնանային գերլուսինը․Ազիզյան
Հոկտեմբեր 06,2025 11:15

Երկու գիշեր անընդմեջ՝ հոկտեմբերի 6-ին և 7-ին, տեսանելի կլինի տարվա ամենագեղեցիկ լուսիններից մեկը՝ առաջին աշնանային գերլուսինը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրեն Լևոն Ազիզյանը:
«Հերթական լիալուսինը, որը տեսանելի կլինի հաջորդ երկու անընդմեջ գիշերներին (հոկտեմբերի 6-7 և հոկտեմբերի 7-8), ինչպես սպասվում է, կլինի տարվա ամենագեղեցիկներից մեկը։ Լիալուսինը իր ուղեծրով կգտնվի Երկրին ամենամոտ կետում և, համապատասխանաբար, երկնքում կհայտնվի իր առավելագույն չափին մոտ։ Չնայած այս փոփոխությունները համեմատաբար փոքր են (ամենամեծ լուսինը ընդամենը 13%-ով մեծ է ամենափոքրից)՝ պայծառության տարբերությունը կարող է հասնել 25%-ի կամ ավելիի, ինչը սովորաբար բավականին նկատելի է։
Լիալուսնի ճշգրիտ պահը ընկնում է հոկտեմբերի 7-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07:47-ին։ Սա նշանակում է, որ ՀՀ տարածքի համար հոկտեմբերի 6-7-ի և հաջորդող հոկտեմբերի 7-8-ի գիշերները միատեսակ բարենպաստ կլինեն լուսինը դիտարկելու համար Լուսնի լուսավորության և բավական ցածր ամպամածության առումով:
Միայն Լոռու և Տավուշի մարզերում ամսի 6-ին ամպամածությունը կարող է խանգարել վայելել այդ գեղեցկությունը, իսկ 7-ին պայմանները առավել բարենպաստ կլինեն գերլուսինը դիտելու համար:
Գերլուսնի սեզոնը սովորաբար տևում է 3-4 լիալուսին անընդմեջ։ Լուսինը կհասնի ավելի մեծ պայծառության նոյեմբերին (5-ին) և դեկտեմբերին (4-ին), չնայած խոսքը ընդամենը 2-3% տարբերության մասին է, իսկ վերջին ձևական գերլուսինը տեղի կունենա հունվարի 3-ին։
Հ.Գ. Անգլիական ավանդույթում՝ հոկտեմբերյան լուսինը կոչվում է Բերքահավաքի լուսին։ Այսպիսով, եթե որևէ մեկը դեռ չի հանել իր կարտոֆիլը, ապա դրա համար իսկական ժամանակն է»,- ասվում է գրառման մեջ։