Եթե «Թրամփի ուղիով» ՀՀ-ն երկաթուղային կապ չստանա դեպի Իրան ու կապ Ադրբեջանով, ապա այդ նախագիծը վտանգավոր է Հայաստանի համար․Քոչարյան | Region

Եթե «Թրամփի ուղիով» ՀՀ-ն երկաթուղային կապ չստանա դեպի Իրան ու կապ Ադրբեջանով, ապա այդ նախագիծը վտանգավոր է Հայաստանի համար․Քոչարյան

Հոկտեմբեր 07,2025 12:30

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրած ասուլիսում քննադատեց վաշինգոտնյան համաձայանգիրը։ Նա ասաց, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններում Հայաստանի վարչապետը ստացել է մեկ նկար նախագահ Թրամփի ստորագրությամբ և իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին։
Ըստ նրա՝ «Փաշինյանն ԱՄՆ-ում դեկորացիայի դերում է եղել»:

Քոչարյանի մեկնաբանությամբ՝ վաշինգտոնյան հռչակագրով ԱՄՆ-ն ստացել է ապագայում ձևավորվող Սյունիքում միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ սահմանում փաստացի վերահսկողության հնարավորություն, իսկ ահա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստացել է Նոբելյան մրցանակին առաջադրվելու հնարավորություն, Ադրբեջանը՝ միջանցքի հնարավորություն ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում, 907-րդ բանաձևի չեղարկում։

Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանը վաշինգտոնյան համաձայնագրերով միայն խնդիրներ է ստացել։ Նա ասաց, որ ՀՀ իշխանությունը վաշինգտոնյան հռչակագրերը փորձում են ներկայացնել «խաղաղության խաչմերուկ» թեզի շրջանակներում՝ իբրև դրա շարունակություն կամ գործնական քայլ։

Նա նշեց՝ յուրաքանչյուր երկրի տրանզիտային ներուժը բաղկացած է երեք մասից՝ երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ռելիեֆը, ճանապարհային ցանցերի վիճակը․« Առաջին երկու պայմանը պարտադիր են, եթե այդ պայմանները կան, ապա երրորդը՝ ճանապարհների վիճակը, ներդրումների, աշխատանքի հարց է։

Ասուլիսի ժամանակ էկրանին պատկերված քարտեզով Քոչարյանը ներկայացրեց տարածաշրջանում հաղորդակցությունները, պարզաբանեց՝  Թուրքիան ու Վրաստանը ունեն բոլոր հնարավորությունները շրջանցելով Հայաստանը հաղորդակցվել իրար հետ․«Թուրքիա–Ռուսաստանը ևս կարող են, Վերին Լարսում թուրքական մեքենաները շատ ավելի շատ են, քան հայկականները։ Վրաստան–Ադրբեջանի դեպքում ևս ամբողջությամբ հնարավորությունը կա տրանսպորտային կապը կա և հիմնական ակտիվ աշխատող միջանցքը Կասպից և Սեւ ծովերի միջեւ հենց սա է։ Իրանը և Ադրբեջանը եւս բոլոր հնարավորություններն ունեն հաղորդակցվելու և Իրան–Ադրբեջան  առևտուրը ոչ ոք չի անում Հայաստանի տարածք մտնելով։ Նույնը Թուրքիայի և Վրաստանի դեպքում։ Անիմաստ է ուղղակի։ Ոչ մի բեռնատարի վարորդ Հայաստանով չի փորձելու գնա Վրաստան։ Իրան–Թուրքիայի դեպքում ևս նույն վիճակն է»։

Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով այս երկրների համար տրանզիտային ներուժ գրեթե չունի, սակայն կա մեկ բացառություն՝  Ադրբեջան–Թուրքիա, և այս երկրների հարաբերություններում ենթադրվող միջանցքը իսկապես էական նշանակություն ունի և դա ունի մի քանի բաղադրիչ․«Որպես թուրքական պրոյեկտ այն իսկապես ունի տրանզիտային ներուժ։ Եվս մեկ հանգամանք՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջանցք նաև աշխարհաքաղաքական ներուժ է, գործոն է  այդ երկրի համար։ Հայաստանի տարածքի միայն այն մասը, որն ունի տրանզիտային ներուժ, տրվում է ԱՄՆ–ին երկարատև պայմանագրով կառավարման։ Տրվում է ՀՀ–ի միայն այն հատվածը, որն իր մեջ ունի տրանզիտային ներուժ, նաև աշխարհաքաղաքական կշիռ»։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը «Թրամփի ուղուց», Քոչարյանը պատասխանեց․«Եթե Երասխ–Ջուլֆա–Իրան երկաթուղին սկսի աշխատել, մենք կստանանք երկաթուղային կապ Իրանի հետ, և եթե ստանանք երկաթուղային կապ Ադրբեջանի տարածքով։ Այդ երկու գործոնն են միայն հետաքրքիր Հայաստանի համար։ Եթե  այս երկու բանը Հայաստանը չի ստանում, ամբողջ նախագիծը անիմաստ և վտանգավոր է Հայաստանի համար»։

Նա հավելեց՝ արդեն հայտարարվել է, որ կառուցվում է Կարս–Իգդիր–Նախիջևան երկաթուղին, իսկ սա նշանակում է, որ երկաթուղային կապը այս միջանցքով կարող է անխափան աշխատել, սակայն Հայաստանի հետ կապը կարող է չաշխատել․«Մենք արդյունքում ոչինչ չենք ունենալու Իրանի և Ռուսաստանի հետ կապ ունենալու հարցում»։

ՀՀ 2-րդ նախագահն անդրադառնալով «Թրամփի ուղու» վերաբերյալ Իրանի վերաբերմունքին, ասաց՝ Իրանը 7 սահման ունի տարբեր պետությունների հետ, և միայն Հայաստանի հետ սահմանին կհայտնվեն ամերիկացիներ․«Եթե որևէ մեկը մտածում է, որ Իրանում երջանիկ են սրա համար, խորը հիասթափություն պետք է ապրեն։ Նման որոշում կայացնելը չափազանց ռիսկային է ՀՀ համար»։

Ըստ Քոչարյանի՝ ստեղծված իրավիճակից երկու ելք կա՝ կամ ընդլայնել ԱՄՆ-ի հետ նախագծերը, կամ հրաժեշտ տալ դրանց։

Նորություններ