«Սրբազանին դատողը եկեղեցի քանդող է»․բողոքի ցույց ի աջակցություն Միքայել Աջապահյանի

«Ո’չ պետությունը, ո’չ էլ ժողովուրդը իրավունք չունի դատելու կղերական մարդուն, հոգևորականներին։ Այս նստացույցը թող ահազանգի նման հնչի մարդկանց համար, որպեսզի նրանք հասկանան, որ իրավունք չունեն որևէ բան ասելու, քննադատելու, կամ առավել ևս դատելու հոգևորականին։ Դա շատ մեծ փորձանք ու վատ կարմա կբերի այդ մարդուն ու ամբողջ հայ ժողովրդին»,-ԱԺ շենքի դիմաց ի աջակցություն սրբազան Միքայել Աջապահյանին բողոքի ցույցի ժամանակ ասաց Սոնյա Դասչյանը։
Մի խումբ քաղաքացիներ այսօր մեկ ժամանոց նստացույց են իրականացրել խորհրդարանի շենքի մոտ՝ իշխանություններից պահանջելով ազատ արձակել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով դատարանի որոշմամբ ազատազրկվել է երկու տարի ժամկետով։
«Հայ մարդ, ո՞րն է քո պատվի կարմիր գիծը», «Նիկոլի խաղաղության գինը», «Սրբազանին դատողը եկեղեցի քանդող է»․այսպիսի գրառումներով պաստառներով էին մարդիկ եկել ցույցին։
Կազմակերպիչներից «Նոր Հայաստան» հասարակական նախաձեռնության հեղինակ Էլեոնորա Մանանդյանը հստակեցնելով իրենց նպատակները, նշեց, որ իրենք ձեռնամուխ են լինելու, որպեսզի երկրում ձևավորվի ազգային ճակատ՝ ընդդիմության միավորմամբ։ Ըստ նրա՝ պետք չէ պասիվ մնալ, միայն պայքարելով է հնարավոր Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։
«Այն, որ մեր մասին եթերով ինչ ասես սկսում են ասել, մեզ համար լավ արձագանք է։ Ես չեմ նսեմանում իրենց ողջ պղտորումներով, հակառակը՝ մտածում եմ, որ այդպես գործը սկսում է առաջ գնալ, և գոնե այդպես ընդդիմությունը սկսում է հասկանալ, որ միավորումը անխուսափելի է, քանի որ առանձին-առանձին նրանք պարզապես կարող են անհրաժեշտ ձայներ չհավաքել։ Պետք է ընդհանուր ճակատով հանդես գալ, որպեսզի Նիկոլը չհամարձակվի անգամ մասնակցել ընտրություններին։ Նիկոլի համար կարող եմ ասել, որ անխուսափելի է նրա դատը, և ինքը վստահաբար շատ շուտով դատվելու է»,-հայտարարեց Մանանդյանը։
Ցույցը բավականին սակավաթիվ էր, ինչը տիկին Մանանդյանը բացատրեց այն հանգամանքով, որ իրենք ոչ մեկին մասնակցության կոչ չեն արել, պարզապես եկել են արտահայտելու իրենց բողոքը։
«Նոր Հայաստան» հասարակական նախաձեռնության հեղինակը հավելեց․«Մինչև հաղթական ավարտին հասնելը մեր հիմնական նպատակը եղել է, կա, և կմնա Նիկոլին դատելը։ Նա անհապաղ պետք է հեռացվի իշխանությունից։ Այդ ժամանակ բոլոր քաղբանտարկյալները ինքստինքյան դուրս կգան»։
Խոսեց նաև իմփիչմենթի գործընթացից, ասելով, որ կողմ է նախաձեռնությանը, չնայած ըստ նրա գործընթացը պետք էր ավելի շուտ սկսել․«Չեմ հասկանում, թե ինչո՞ւ է իմփիչմենթի գաղափարը 2025 թվականի վերջում տեղի ունենում։ Ինձ համար սա շատ տխուր է, անգամ զարհուրելի։ Բայց մյուս կողմից «լավ է ուշ, քան երբեք», դրա համար այժմ ցանկացած գնով թող լինի իմփիչմենթ»։
Նիկոլ Մարգարյան