Արման Թաթոյանը կմասնակցի 2026-ի ընտրություններին, հայտարարեց «Միասնության թևեր» նախաձեռնության մեկնարկի մասին

«Այլևս չեմ կարող զուտ մասնագիտորեն վերաբերվել քաղաքական կյանքին, որը հայանպաստ չէ: Կփորձեմ պետության և ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղել իմ և իմ թիմակիցների բոլոր ջանքերը, այդ թվում՝ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությամբ, որի մտահաղացումը բխում է ժողովրդին սատարելու, և միավորվելու իմ ցանկությունից»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ազդարարելով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության պաշտոնական մեկնարկը, ասաց նախաձեռնության ղեկավար, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ «Միասնության թևեր» նշանակում է՝ իրար թև ու թիկունք լինել, նայել առաջ ու իրար վեր բարձրացնել։
«Միասնության թևեր»-ը, Արման Թաթոյանի առաջնորդությամբ, մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
«Բոլորը միտված են ընտրություններում հաղթելուն, մենք՝ հիմնախնդիրների լուծմանը: Մենք ուզում ենք պատմություն, որը մեզ կվերադարձնի ազգային արժանապատվությունն ու հպարտությունը, մեզ պետք է պատմություն, հենց մեր մասին: Այսօր մեզ առաջարկվում է հետևյալ բանաձևը՝ պարտություն, համակերպվել, հանձնվել: Մենք առաջարկում ենք՝ քաղել դասեր, համատեղ աշխատել, ջանքեր գործադրել, վերածնել ու վերականգնել բանաձևը»,-իր ելույթում նշեց Արման Թաթոյանը:
Հայաստանում տիրող իրավիճակը Թաթոյանը համեմատեց Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված երկրների՝ Գերմանիայի և Ճապոնիայի հետ: Շեշտեց, այդ երկրները ևս պարտվել էին ու փլատակների մեջ էին, սակայն միասնական աշխատանքի և համբերատարության շնորհիվ կարողացան վերականգնվել, ու ժամանակի ընթացքում զարգացվածության մակարդակով անգամ գերազանցել բազմաթիվ պետությունների: Նա վստահ է, մենք ևս կարող ենք, անգամ պարտավոր ենք այդ ճանապարհով գնալ.«Այսօրվա պարտությունը մեր պատմության ավարտը չէ, մեզ հիմա պետք է պատմություն այն մասին, թե ինչպես արժանապատվորեն դուրս գալ պարտված վիճակից ու վերականգնվել, ինչպես կրկին դառնալ միասնական երկիր: Պետք է համերաշխություն ու միավորում պառակտումից հետո: Անցյալի փոխարեն մեզ պետք է ապագա, որը հիմնված չէ նախկինում գործած սխալները կոծկելու վրա: Մենք պետք է անցյալով խրատվենք, մեր դասերը քաղենք, ու թույլ չտանք, որ մեզ հետ կատարվածը նորից կրկնվի»:
Նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն էլ Հայստաստանի զարգացման իրենց տեսլականը ներկայացրեց, ասաց, որ Հայաստանը պետք է ապրի ոչ թե իր ներքին սպառման հաշվին, այլ իր ստեղծած արտադրանքի և գաղափարի արժևորումով համաշխարհային շուկաներում: Ասաց՝ մենք աշխարհին պետք է վաճառենք ոչ թե հումք, այլ գիտելիք, տեխնոլոգիա և արդյունք․«Մենք սպառման տնտեսությունից պետք անցնենք դեպի արտահանելի տնտեսություն: Մեր կողմից արդյունահանված պաշարները պետք է վերածվեն այնպիսի պատրաստի արտադրանքի, որի արժեքը ոչ թե կկրկնակի, այլ բազմակի անգամ կգերազանցի արտահանող հումքի արժեքը: Մենք կկառուցենք արդյունաբերական գոտիներ ողջ Հայաստանով մեկ՝ Սյունիքից մինչև Տավուշ, Աշոցոից մինչև Արմավիր: Յուրաքանչյուր մարզում առնվազն երկու արդյունաբերական գոտի, որոնք կդառնան տնտեսության նոր դարբնոցներ, հագեցած ենթակառուցվածքներով»:
Պատասխանելով լրագրողների հարցերի, Թաթոյանն ասաց՝ իրենց ուշադրության կենտրոնում լինելու է Արցախի հարցը, ու մանրամասն քննարկվելու են բոլոր այն հանցանքները, որոնք եղել են մեր երկրի հանդեպ՝ նաև գործող իշխանությունների սխալների պատճառով․«Բնականաբար մենք չենք քննարկում Արցախի վերադարձի հարցը, բայց ունենք 120,000-ից ավելի հայրենակիցներ, ոովքեր տեղահանվել են իրենց հայրենիքից, և ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք, ըստ միջազգային սկզբունքների ու գոյություն ունեցող կանոնների: Օրինակ 2023 թվականի հոկտեմբերի 11-ի ՄԱԿ-ի մարդու իրավունքնեերի խորհրդի նախաձեռնությամբ հստակ արձանագրված է արցախցիների վերադարձի իրավունքի հարցը: Ավելին, այդ փաստաթուղթը ստորագրել է նաև Հայաստանը»։
Թաթոյանը նշեց, որ նախաձեռնության խորհրդանիշը թևավոր ցուլն է, որի թևերին փարված են մեզ առաջնորդող յոթ արժեքները. «Իսկ ցուլը խորհրդանշում է ուժ, աշխատասիրություն, հետևողականություն, համառություն, համբերություն ու հաղթանակ։ Այս խորհրդանիշների ներքո էլ շարժվելու ենք առաջ։ Ցանկանում եմ ձեզ ասել, մեր այսօրվա պարտությունը պատմության ավարտը չէ, մեզ հիմա պետք է պատմություն այն մասին, թե ինչպես պետք է արժանապատվորեն դուրս գալ պարտված վիճակից ու վերականգնվել, ինչպես կրկին դառնալ միասնական երկիր։ Մեզ պետք է համերաշխւթյուն ու միավորում պառակտումից հետո»։
Նիկոլ Մարգարյան