Գյումրիի ավագանու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության 2 անդամ հրաժարվել են մանդատներից
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում ներկայացվեց Գյումրիի ավագանու «Կոմունիստական կուսակցության» խմբակցության՝ երկամսյա կալանքի տակ գտնվող երկու անդամների՝ Գևորգ Ղուկասյանի և Սպարտակ Սահակյանի մանդատներից հրաժարվելու մասին Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանի արձանագրությունները ու նրանց մանդատները տրամադրվեց Սամսոն Էլբակյանին և Տիգրան Ավագյանին։ Տիգրան Ավագյանը ևս գտնվում է երկամսյա կալանքի տակ։
Թիվ 31 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը Regions TV-ի հետ զրույցում պարզաբանեց, որ Տիգրան Ավագյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը, սակայն դատարանի վճռով նա անգործունակ չի ճանաչվել, այդ իսկ պատճառով մանդատ են տվել։
«Մանդատ չեն տալիս այն դեպքում, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով քաղաքացին ճանաչված է անգործունակ, այդ պարագայում ընտրվելու իրավունք չունի, բայց երբ խափանման միջոց կա կիրառված, ապա նա կարող է ցանկացած պահի մանդատ ստանալ և խափանման կիրառումը ցանկացած պահի կարող փոխվել ու տվյալ անձը կվերադառնա իր աշխատանքին»,- ասաց Տիգրան Ղազարյանը։
Ընտրական հանձնաժողովի նիստին «Կոմունիստական կուսակցության» խմբակցությունից ոչ մի ներկայացուցիչ ներկա չի գտնվել։
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ցանկալի է, բայց պարտադիր չէ, որ ներկա գտնվեն․ «Օրենքով ինչ-որ պարտադրանք չկա, բայց ցանկալի է, որ տվյալ խմբակցությունից ներկայացուցիչներ ներկա գտնվեն, իրենք կարող են թղթային տարբերակով ստանալ վկայականները, նիստի պահից իրենք արդեն ունեն իրենց մանդատը»։
Տիրուն Մարգարյան
