Ինչո՞ւ է Հայաստանն օգնություն խնդրել ԵՄ–ից. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը | Region

Ինչո՞ւ է Հայաստանն օգնություն խնդրել ԵՄ–ից. ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը

Դեկտեմբեր 15,2025 20:43

Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայունության բարձրացման, այդ թվում՝ հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է և նոր չի սկսվել։ Գործընկերության զարգացմանը զուգահեռ դիտարկվում, մշակվում, հաստատվում են ՀՀ ժողովրդավարական, տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված տարբեր նախաձեռնություններ։ Այս մասին ի պատասխան Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասի հայտարարության հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

«Այդ սկզբունքով ընդունվեցին, օրինակ՝ այս պահին  իրականացման ակտիվ փուլում գտնվող «Դիմակայունություն և աճ» ծրագիրը, Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մասին որոշումը։ Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը, ԵՄ աջակցությունը՝ հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Համապատասխանաբար, այո՛, կան այդ ուղղությամբ համատեղ քննարկումների արդյունքում ձևավորված նախաձեռնություններ, որոնց շուրջ որոշումների կայացման պարագայում հանրությունը պատշաճ կտեղեկացվի»,- ասել է Բադալյանը։

Հիշեցնենք՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Կայա Կալասը այսօր հայտարարել է, որ պաշտոնական Երևանը աջակցություն է խնդրել երկրում 2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար։

Նա հայտարարել էր, որ Եվրամիությունը 15 մլն եվրո կտրամադրի Հայաստանին։

Նորություններ