«Կուսակրոնությունը հանել կամ փոփոխելը սխալ քայլ կլինի, որովհետև մենք դրանով դուրս ենք գալիս մեր սրբազան ավանդության դեմ»․ Տեր Հուսիկ | Region

«Կուսակրոնությունը հանել կամ փոփոխելը սխալ քայլ կլինի, որովհետև մենք դրանով դուրս ենք գալիս մեր սրբազան ավանդության դեմ»․ Տեր Հուսիկ

Դեկտեմբեր 16,2025 14:35

Վեհափառ հայրապետն ինքն է որոշում, թե ինչ ձև է շարժվում եկեղեցին, մեր եկեղեցին կանոնակարգման փոփոխությունների անհրաժեշտություն չունի։ Այս մասին RegionsTV-ի հետ զրույցում ասաց Յոթ Վերք եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի երեկվա առաջարկությանը՝ «Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզի երկրորդ կետը այն մասին է, որ եկեղեցու նոր կանոնագիրքը պետք է անդրադարձ ունենա հոգևորականի բարեվարքության կանոններին և  դրանց պահպանման երաշխիքներին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ սոցիալական ցանցում եկեղեցու բարեվարքության կանոնակարգի փոփոխությունների մասին իր հերթական առաջարկությունն է արել։ «Այսօր, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում հոգևորականի բարեվարքության կանոններ գոյություն չունեն։ Այսինքն մենք չգիտենք, թե համաձայն եկեղեցու կարգի հոգևորականն իր ամենօրյա գործունեության և կյանքի մեջ ինչպիսի չափանիշների պետք է համապատասխանի։ Ընդ որում, խոսքը վերաբերվում է թե ամուսնացյալ, թե կուսակրոն քահանաներին։ Ես կարծում եմ, որ նաև եպիսկոպոսած դասը, հոգևոր դասը պետք է քննարկի և որոշման գա մի հարցում, արդյոք պահպանվո՞ւմ է կուսակրոնության ինստիտուտը, թե չի պահպանվում։ Եթե պահպանվում է, արդյոք դա բացարձակ պարտադիր պայման է եպիսկոպոս լինելու համար, թե կարող են լինել ինչպես կուսակրոն, այնպես էլ ամուսնացյալ եպիսկոպոսներ»,-ասել է Փաշինյանը։

Շիրակի թեմի քահանա Տեր Հուսիկ Գրիգորյանը մեզ հետ զրույցում արձագանքելով Փաշինյանին, խոսքը Ավետարանից մեջբերումով ու քաղաքական հարցերով սկսեց․ «Երբ  Քրիստոսին մոտենում, հարց են տալիս՝ ի՞նչ իշխանությամբ ես դա անում, Քրիստոսն էլ ասում է՝ ես էլ ձեզ մի հարց տամ, եթե պատասխանեք, ես էլ ձեր հարցի պատասխանը կտամ, ու հարցնում է՝ Հովհաննես Մկրտչի իշխանությունը երկնքի՞ց էր, թե՞ մարդկանցից։ Կողքի են գնում փարիսեցիները և մտածում են՝ եթե ասենք երկնքից էր, կասի՝ բա ինչո՞ւ չհավատացիք։ Եթե ասենք մարդկանցից էր, ապա կստացվի, որ վախենում ենք մարդկանցից,  որովհետև մարդիկ նրան որպես մարգարե էին ընդունում։ Գալիս ասում են՝ մենք այս հարցի պատասխանը չգիտենք։ Հիսուսն էլ ասում է, թե՝ ես էլ ձեզ չեմ ասի, թե իմ իշխանությունը որտեղից էր։ Ասածս այն է, որ  եթե իրենք ուզում են եկեղեցում ինչ-որ փոփոխություններ անեն, նախ այս հարցը պետք է տան իրենց, թե իրենք  այդտեղ տեղավորվո՞ւմ են։ Իսկ եթե ուզում են տեղավորվել, մենք էլ կարող ենք շատ  հարցեր տալ իրենց, եթե իրենք մեր տված հարցերին պատասխանեն, մենք էլ իրենց հարցերին կպատասխանենք։ Օրինակ այն հարցը, թե այդ ինչպե՞ս Արցախը հանձնվեց, պայմանավորվածությո՞ւն կար, թե՞ չկար,  ինչո՞ւ ելավ  հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ու դիվանագիտությունը վերջ տվե՞ց, ի՞նչ էր հետապնդում դրանով,  ո՞նց  թշնամին մտավ Շուշի,  ո՞նց հանձնվեց Շուշին, այդ հարցերի պատասխանները մենք ունե՞նք։ Չունենք»։

Ապա քահանան անցավ բուն պատասխանին․ «Նախ՝ Վեհափառ հայրապետը ինքն է որոշում թե ինչ ձև է շարժվում եկեղեցին, մեր եկեղեցին կանոնակարգման փոփոխությունների անհրաժեշտություն չունի, որովհետև այդ կանոնները նոր չեն, որ գրվել են, դարավոր պատմություն ունի։ Այո, բաներ կան, որոնք պետք է փոփոխվեն․ կանոն կա, որ գրվել է ժամանակին, բայց հիմա չի գործածվում, օրինակ՝ այն, որ չմկրտված մարդը  չէր կարող եկեղեցու ատյանից առաջ գալ, պետք է սպասեր, որովհետև արգելված էր։ Հիմա բոլոր մարդիկ մտնում են՝ հավատացյալ, թե անհավատ»։

Ինչ վերաբերում է կուսակրոնության պահպանմանը կամ չպահպանմանը, ապա Տեր Հուսիկն ասաց․ «Կուսակրոնության ուխտը փոխելն անթույլատրելի է, որովհետև Ավետարանի թելադրանք կա այդտեղ։ Ավետարանի մեջ ասվում է այդ մասին։ Այս սկզբունքների վրա մեր եկեղեցին կենտրոնացել և վերջնական եկել է այդ օրենքի սահմանմանը, որ պետք է կուսակրոնությունը պաշտպանվի։ Հիմա եթե վարչապետը ի վիճակի է կաթողիկոս փոխելու, ինչին ես չեմ հավատում, այ այդ ժամանակ նոր կարելի է այդ հարցերին անդրադառնալ, թե ով, ինչպես կարող է ինչ-որ բան անել։ Ինչ էլ լինի, եկեղեցին իր սահմանումը կունենա, իսկ եթե նա ինչ-որ բան փորձի փոխել, ես վստահ եմ, որ մի մարդ, ով քանդելով փորձել է գնալ առաջ, դժվար թե կարողանա եկեղեցին կառուցել։  Գրեթե բոլոր ոլորտները այս յոթ տարիների ընթացքում միայն նվազում է ապրել։ Եթե մարդը եկել է իշխանության ու իր կառավարման ժամանակ ի վիճակի չի եղել բարձրացնել ոլորտների զարգացումը, ապա անհրաժեշտություն չունի եկեղեցին բարձրացնելու կամ փոխելու։ Եկեղեցու կանոնակարգը 1700 տարվա շաժվող ճանապարհ ունի ու 2000 տարվա պատմություն ու այս ամենը փոխելը հիմարություն կլինի որևէ մեկի կողմից, եթե իհարկե այստեղ չենք տեսնում օտար երկրների թելադրությունը։ Մեր հայ առաքելական եկեղեցին շատ պահպանողական է, այսինքն՝  մեր մոտ ընդունված չէ  միասեռ ամուսնությունները և նմանատիպ այլ բաներ, մեր եկեղեցին շատ պահպանողական է և դարերով պահել է ու չի փոխել իր կանոնակարգը։ Հիմա ինքը կարող է նմանատիպ կանոնական փոփոխություն մտցնի, ով իմանա։ Հետևաբար, մենք չենք կարող թույլ տալ, որ ինչ որ մեկը կանոնական փոփոխութուններ կատարի հատկապես, որ կանոնակարգի փոփոխության անհրաժեշտություն չկա։ Չգործածվող կանոնը դա սխալ չէ, պարզապես այն չի գործածվում և վերջ, դրա համար էլ ասում եմ, որ փոփոխության կարիք ընդհանրապես չկա»։

Տեր Հուսիկն անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ առաջարկին՝ «բարեվարքության կանոնները պետք է թափանցիկ լինեն ժողովրդի համար և բոլորին հասանելի», վստահեցրեց՝  հոգևորականները միայն ուրախ կլինեն դրա համար, քանի որ եթե ժողովուրդը կարդա և ուսումնասիրի, նրանց  ճանաչողականությունը էլ ավելի կզարգանա․ «Մենք դեմ չենք, որ բոլորն էլ իմանան մեր կանոնները, մի բան էլ ուրախ կլինենք։ Բայց դա երկար գործ է և եկեղեցու կանոնակարգը դա օրենքների նման է երկար  ու բարդ գործընթաց է։ Հեշտ բան չէ, որ նստես կարդաս ու դուրս գաս։ Եկեղեցու կանոնակարգը գաղտնիություն չի պարունակում»։

Նիկոլ Փաշինյանը նաև առաջարկել է, որ «պետք է հստակ լինի, թե վարքականոնի բարեվարքության որ կանոնի խախտումն է, որ բերում է հոգևոր ծառայության հետ անհամատեղելիության, որոնք են, որ կարող են ունենալ ավելի մեղմ հետևանքներ։ Բացի դա, հանրությունն էլ պետք է իմանա, թե որևէ հոգևորականի բարեվարքության հետ կապված կոնկրետ խնդիրներ ունենալու դեպքում, փաստեր ունենալու դեպքում, որ մարմնում է, որ այդ փաստերը կարող է բարձրացնել և ստանալ հարցերի պատասխանները»։

Այս առնչությամբ էլ Տեր Հուսիկը կրկին որոշ զուգահեռներ տարավ, ասաց՝  եկեղեցին կենդանի օրգանիզմ է, ուստի ունի նաև խնդիրներ․«Այո, կլինեն մարդիկ, որ անհանդուրժականություն կունենան, կլինեն հոգևոր քահանաներ, որոնք պատրաստ կլինեն ինչ-ինչ պատճառներով դուրս գալ առաջնորդի կամ հայրապետի դեմ, նմանատիպ բաներ կան ու կինեն։ Բայց եկեղեցին մաքրելը  դա մարդուն տրված չէ։ Եկեղեցին օվկիանոսի նման է, միայն խենթը կարող է մտածել, որ կարող է օվկիանոսը մաքրել, օվկիանոսը իքնամաքրման  սովորություն ունի և եկեղեցին նույնպես, ինքը իրեն է մաքրում։ Հիմա այս դեպքերը, որ տեղի են ունենում, ինքն էլ իրա մեջ մաքրում է պարունակում։ Դե տեսնում ենք՝ ով է հավատարիմ, իսկ ով՝ հավատարիմ չէ, ով է սիրում եկեղեցու կարգ ու կանոնն, իսկ ով՝ չէ։ Եթե մաքրման անհրաժեշտություն կա, ինքը ներսից մաքրվում է, հետևաբար, ինչ-որ մեկը ի վիճակ չէ դա անել։ Եթե նկատի ունենանք ներկա դրությունը,  այդ ինչ-որ մեկը կարո՞ղ է ի վիճակի լինել այն դեպքում, երբ  նրա ցանկությունը կարող է լինել, այն, որ ինքը գա և ինքը ղեկավարի։ Ինքը տիրելու է և ինքը պետք է թելադրի, սա մաքրման գործընթաց չէ, սա տիրելու ցանկություն է, դրանք տարբեր բաներ են և պետք է հասկանանք և ճիշտ գնահատենք»։

Ըստ Շիրակի թեմի քահանայի՝ այդ ամենը վերանայողը ամենայն հայոց հայրապետն է և արդյոք փոփոխություններ կլինեն, թե՝ ոչ, որոշողը նա է․«Հիմա եթե հայրապետը որոշի, որ վերանայելու կամ փոփոխելու է, կվերանայի ու կփոփոխի։ Բայց ես վստահ եմ, որ հայրապետը շարունակելու է տալ այն հայրական ժառանգությունը, որը  մեզ փոխանցվելու է, այսինքն՝ չի շեղվելու այդ հայրական ժառանգության ձևից։ Կուսակրոնությունը հանել կամ փոփոխելը  սխալ քայլ կլինի, որովհետև մենք դրանով դուրս ենք գալիս մեր սրբազան ավանդության դեմ, որովհետև սրբազան ավանդության մեջ կա կուսակրնության սկզբունք»։

Տիրուն Մարգարյան  

Նորություններ