«TRIPP-ին ՌԴ մասնակցության համար այս պահին չկան բավարար նախադրյալներ, դրա հնարավորությունը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության ելքից»․ Պողոսյան | Region

«TRIPP-ին ՌԴ մասնակցության համար այս պահին չկան բավարար նախադրյալներ, դրա հնարավորությունը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության ելքից»․ Պողոսյան

Դեկտեմբեր 18,2025 16:30

«TRIPP-ին Ռուսաստանի մասնակցության համար այս պահին չկան բավարար նախադրյալներ»,-RegionsTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանն՝ անդրադառնալով ռուսական կողմից հնչած այն հայտարարություններին, թե իրենք պատրաստ են քննարկել նախագծին իրենց հնարավոր մասնակցությունը:

Հիշեցնենք, որ օրերս նման հայտարարությամբ էր հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: Կալուգինը նշել էր, որ «ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ուղի» նախաձեռնության պարամետրերի վերաբերյալ»։ Նա ասել էր, որ հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն, Մոսկվան բաց է նախաձեռնության բովանդակության քննարկումների համար:

Քաղաքագետ Արա Պողոսյանի կարծիքով՝ ռուսական կողմի մասնակցության համար առկա խնդիրներից մեկն էլ այն է, որ թե´ Հայաստանի, թե´ Ադրբեջանի իշխանությունները դեմ են դրան, ավելին` Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը  համարում են, որ ստեղծվել է պատեհ առիթ տարածաշրջանից Ռուսաստանին դուրս թողնելու համար։

Մյուս կողմից էլ, ըստ Պողոսյանի, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին առաջացնում է որոշակի իրավա-պայմանագրային պարտավորություններ միասնական մաքսային գոտում միասնական մաքսային ընթացակարգերի պահպանման առումով։ Սակայն, ինչպես նշում է քաղաքագետը,  խնդիրը զուտ իրավական տիրույթում չէ, այլ գլոբալ քաղաքականության։ Բացատրում է.«Ռուսաստանը Հարավային Կովկասը ավանդաբար համարել է իր ազդեցության գոտին, որտեղ պաշտպանվում են Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերն ու հավակնությունների մերձավոր արևելյան հատվածը։ Հետևաբար, վերջին շրջանում հատկապես Հայաստանից հնչող հակառուսական հռետորաբանությունը ՌԴ իշխող էվերնախավի մոտ մտահոգություններ է առաջացրել, ինչի համար նրանք այժմ փորձելու են ամրապնդվել Հարավային Կովկասում։ Ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր ավարտն էլ հույս է տալիս այլ տարածաշրջաններում առավել անկաշկանդ գործելու, ուստի Ռուսաստանը հիմա այսպիսի հնարքներով փորձում է քայլ առաջ կատարել»։

Չնայած, որ Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ «Թրամփի ուղի» նախագծում ՌԴ մասնակացության հարց այդ երկրի հետ չի քննարկվում, այդուհանդերձ, ո՞ր դեպքում կարող է ՌԴ-ն էլ մասնակցել, այս հարցին ի պատասխան Արա Պողոսյանն ասաց․ «Տեսականորեն հնարավոր է, որ մասնակցի։ Այդ հնարավորությունը կախված է ռուս-ուկրաինական հակամարտության ելքից։ Եթե Ռուսաստանը հակամարտությունից դուրս գա նվազագույն քաղաքական կորուստներով, և ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային ազդեցությունների վերաբաշխման մասով պայմանավորվածություն ձեռք բերի, ապա կարծում եմ, որ Ռուսաստանի մասնակցությունը TRIP -ին լրիվ իրատեսական կլինի։ Իսկ հակառակ պարագայում չկան նախադրյալներ, որ Ռուսաստանը մասնակցի»։

Վատագույն սցենարի պարագայում, ըստ մեր զրուցակցի, էներգետիկ և պարենային անվտանգության մասով Հայաստանը կարող է նաև շրջադարձ կատարել դեպի իր ոխերիմ թշնամիները, քանի որ այս պահին Ռուսաստանի կողմից օգտագործվող ճնշման գործիքները բավարար չափով արդյունավետ չեն, ու կարող են պատրվակ դառնալ վերոնշյալ իրավիճակի կտրուկ փոփոխության համար:

«Թրամփի ուղու» մասին Իրանից էլ հակասող հայտարարություններ են լինում։ Չնայած Իրանի ԱԳՆ-ն, ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտնել են, որ «Թրամփի ուղի» նախագծում ՀՀ-ն հաշվի է առել Իրանի կենսական շահերը, սակայն, Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հակառակ բանն է ասում, նա ՀՀ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ TRIPP-ը կարմիր գիծ է, և դա ենթադրում է ՆԱՏՕ-ի ներկայություն Իրանի սահմանին։

Իրանի և ՌԴ-ի` այս հարցի վերաբերյալ որոշակի համաձայնության հասնելու հավանականությունը Արա Պողոսյանը ո´չ  բացառում է, ո´չ էլ միանշանակ հնարավոր համարում։ Ըստ նրա՝ հստակ է մի բան միայն, որ այս պահին երկու երկրներն էլ միայնակ չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ այս հարցում.«Իրանը ևս այս պահին ունի սահմանափակ ռեսուրսներ որևէ էական քայլ անելու համար։ Բացի այդ, Իրանում պահպանողական և բարեփոխական ճամբարների միջև այս հարցում կա էական հակասություններ։ Իսլամական Հանրապետության գերագույն հոգեւոր առաջնորդն ու իր մերձավորները (պահպանողական) այլ տեսակետ ունեն, որը հիմնված է Իրանի մաքսիմում նպատակների վրա, իսկ նախագահը և իր մերձավորները (բարեփոխականներ) այլ մոտեցում ունեն, որն էլ հիմնված է Իրանի հնարավորությունների և մինիմում նպատակների վրա։ Դեռևս պետք  է ուշադիր հետևել այս հայտարարություններին: Ամեն դեպքում ռուս-իրանական հավանական տանդեմի ստեղծումը էապես կփոխի տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը և TRIPP-ը կվերածվի նոր ոլորտային բաժանման օբյեկտի»։

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ