Բաքվում շինծու մեղադրանքով դատապարտված Վագիֆ Խաչատրյանի վիճակը վատացել է, նրան տեղափոծել են հիանդանոց
Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված արցախցի Վագիֆ Խաչատրյանի աողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Ադրբեջանի արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
70-ամյա Վագիֆ Խաչատրյանն, ըստ ադրբեջանական հիվանդանոցի բժշկի, հոսպիտալացվել է դեկտեմբերի 23-ի գիշերը՝ ծանր վիճակում՝ աորտայի ծանր ստենոզի, սրտի անբավարարության ախտորոշմամբ, ինչը հանգեցրել է թոքային այտուցի և ծանր շնչառական անբավարարության զարգացմանը։
Հաղորդվում է, որ Վագիֆ Խաչատրյանին ցուցաբերվել է բժշկական օգնություն՝ «դեղորայքային բուժումը, հեղուկների կառավարումն ու ոչ ինվազիվ արհեստական շնչառության համակարգը, դրական արդյունքներ են տվել։ Հիվանդն այժմ դուրս է եկել կյանքին սպառնացող կրիտիկական փուլից, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բուժումը շարունակվում է վերակենդանացման բաժանմունքում ինտենսիվ հսկողության ներքո»։
Հիշեցնենք, որ 2023-ի հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետից ադրբեջանցի ուժայինները առևանգել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանավորության տակ գտնվող և բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին: Նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել, իբր թե արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։
