Այս Ամանորին տուր-փաթեթները զգալի թանկացել են․դեպի Գյումրի պահանջարկը ցածր է
Ամանորին զբոսաշրջային փաթեթները տարվա մյուս թեժ շրջանների համեմատ մշտապես ավելի թանկ են։ Սակայն այս տարի այդ փաթեթները նախորդ տարիների համեմատ բավականին թանկացել են։
Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Շիրակի մարզում ևս բնակիչները սկսել են տոնական հանգիստը նախապես ծրագրել, գնել զբոսաշրջային փաթեթներ։
Ո՞ր ուղղություններն են ամենապահանջվածը այս օրերին, ի՞նչ գնային սանդղակ է ձևավորվել, ու թե որքանով են փոխվել շիրակցիների նախընտրությունները նախորդ տարիների համեմատ՝ փորձել ենք պարզել Գյումրիում գործող տուր-գործակալություններից;
Ամանորյա փաթեթները սպառվում են բավականին արագ, տոներից դեռ 10-15 օր առաջ: Հիմնական խնդիրը, որը ազդում է պահանջարկի նվազման վրա, շուկայում առաջացած գնաճն է։
RegionsTV-ի հետ զրուցած զբոսաշրջային որոշ գործակալություններ նշել են, որ գնաճն ազդել է իրենց գործունեության վրա, որոշներն էլ՝ զգալի փոփոխություն չեն արձանագրել։
Blue Sky Tour-ից մեզ հայտնեցին, որ իրենց գործակալությունում նախորդ տարիների համեմատ այս տարի պահանջարկը նվազել է․«Պատճառը գնաճն է, որովհետև հյուրանոցային ծառայությունների գները անցյալ տարի շատ ավելի խելամիտ էին։ Նույն հյուրանոցները, որոնց հետ համագործակցել էինք նախորդ տարի, այս տարի կտրուկ բարձրացրել էին իրենց համարների, նաև ծառայությունների արժեքները։ Դա էլ իր ուղղակի ազդեցությունն ունցավ մեր գործունեության վրա»։
Ըստ տուր-գործակալություններին՝ամենապահանջված ուղղությունները շարունակում են մնալ Վրաստանն ու Եգիպտոսը:
Ամանորին քաղաքացիները հիմնականում նախընտրում են տուրեր դեպի արտերկիր։ Ինչպես վերջին տարիներին մշտապես, այնպես էլ այս տարի, առաջին տեղը այս ցուցանիշով զբաղեցնում է Թբիլիսին։ Հաջորդը ցուցակում Եգիպտոսն է։ Դուբայը, Շրի Լանկան, եվրոպական երկրները զգալիորեն զիջում են նշված մյուս ուղղություններին։ Այս հանգամանքն, ըստ Gyumri Tour-ի հիմնադիր-տնօրենի պայմանավորված է գների համեմատաբար մատչելի լինելով։ Նրա խոսքով՝ տուրերը դեպի Վրաստան ու Եգիպտոս մշտապես պահանջված են, ու շատ արագ են սպառվում։
Այդ միտումը պահպանվել է նաև այս տարի․«Վերջին 15 օրը նորից բավական մեծ պահանջարկ կա դեպի Վրաստան, բայց արդեն ազատ տեղեր չկան, ու այլևս հաճախորդներին չենք կարող ինչ-որ բան առաջարկել։ Վաճառքը սկսվում է բավական շուտ, ու նույնկերպ արագ էլ սպառվում է»։
Գրեթե նույնն ասացին Blue Sky Tour և Live Tour Gyumri գործակալություններից։ Ինչ վերաբերում է ներգնա զբոսաշրջությանը, ապա նշեցին՝ առաջատարը Ծաղկաձորն է, որին հաջորդում է Գյումրին:
Եվրոպական երկրներ տուրերը քիչ պահանջարկ ունեն վիզայի հետ կապված խնդիրների պատճառով։
Gyumri Tour-ից այս առնչությամբ պարզաբանեցին․«Այսօր վիզա ստանալը բավական բարդ է, և մարդիկ ստիպված են լինում բազմաթիվ քաշքշուկների ու ծախսերի միջով անցնել այն ստանալու համար։ Հենց նմանատպ, բյուրոկրատական խնդիրներից խուսափելու համար էլ մարդիկ շատ հաճախ ընտրում են այնպիսի երկրներ, որտեղ այս խնդիր չկա, կամ եթե կա, ապա հեշտ է լուծվում»։
Տուրիստական փաթեթների գները նախորդ տարիների համեմատ աճել են։ Դեպի Վրաստան տուր-փաթեթների գները աճել են մոտ 10-15 տոկոսով։ Գրեթե նույնաչափ, մոտ 7-15 տոկոսի աճ կա դեպի Եգիպտոս փաթեթում։
Blue Sky Tour-ից ներկայացրին գնաճի պատճառները.«Գնաճը պայմանավորված է զբոսաշրջջության հետ առնչվող տեղական վերահսկող կազմակերպության բացակայությամբ, որը կարող է սահմանել հստակ չափորոշիչներ։ Ուստի դրա բացակայության դեպքում յուրաքանչյուր ձեռնարկատեր տեսնելով, որ մի տարի բավականին բարձր է եղել պահանջարկը, հաջորդ տարի առաջարկը ավելի թանկ է ձևավորում»։
Ամանորը Շիրակում անցկացնելու մեր հայրենակիցների ցանկությունը որոշ դեպքերում կարծես նվազել է։ Որոշ գործակալություններ նշեցին, որ դեպի Գյումրի տուր-փաթեթների պահանջարկի նվազում է արձանագրվել, իսկ ոմանք էլ կայունություն են արձանագրում:
Blue Sky Tour-ից հայտնեցին, որ պահանջարկը դեպի Գյումրի միշտ կա, անգամ գնաճի պայմաններում․«Այս տարի 3 հյուրանոց, որոնցից յուրաքանչյուրը 17-20 համար ունի, արդեն վաճառվել են առանձին փաթեթներով, տարբեր ընտանիքների։ Հստակ նվազում կոնկրետ մեր օրինակով չենք նկատել»։
Իսկ ահա մյուս երկու գործակալություններից փաստեցին, որ այս տարի ուղևորությունների միտումբը դեպի Շիրակի մարզ, համեմատաբար ցածր են: Gyumri Tour-ից նշեցին պատճառները․«Որպես այդպիսին, քաղաքը չի կարող ինչ-որ նորություն առաջարկել։ Մարդը չի գա, անընդհատ նույն բանը տեսնելու համար։ Ոչ միայն ամանոյա շրջանում, ամբողջ տարվա կտրվածքով ևս ուղևորությունների քանակը դեպի Գյումրի նվազել է: Այս խնդիրը կանխատեսվել է դեռ տարիներ առաջ, բայց կոնկրետ լուծում հարցին այդպես էլ չի տրվել»։
Հաջորդ տարվա համար ևս սպասելիքները միանշանակ չեն: Տուր-գործակալություններից՝ Live Tour Gyumri-ում եկող տարում գնաճ չեն կանխատեսում, հակառակը սպասում են գնանկման՝ պայմանավորված վառելիքի գնի նվազմամբ: Blue Sky Tour-ում ևս եկող տարվա հետ կապված բազմաթիվ պլաններ ունեն՝ էկոզբոսաշրջությունը խթանող կցամեքենաներով շրջայցերից, մինչև տարբեր տիպի էքսկուրսիաներ՝ հուսով, որ իրենց սպասելիքներն ու իրականությունը եկող տարում համընկնելու են:
Gyumri Tour-ում արդեն սպասելիքները այնքան էլ ուրախացնող չեն: Վերջինիս թիմի կողմից արված վերլուծություններն ու մասնագիտական քննարկումները ցույց են տվել, որ գալիք տարում ևս դեպի Շիրակի մարզ տուրիստական հոսքերի նվազում է լինելու մի քանի պատճառներով՝ ենթակառուցվածքների բացակայություն կամ վատ աշխատանք, նաև պետական աջակցությունների բացակայություն: Տուր-գործակալությունից մանրամասնեցին.«Այն նորությունները, որոնք առաջարկվում են, լինում են մասնավոր ընկերությունների կողմից, մասնավորն է անում այն, ինչ անում է։ Բայց միայն մասնավորի առաջարկով, իհարկե, չի կարող մի ամբողջ մարզի զբոսաշրջություն լուրջ զարգացում ապրել։ Անհրաժեշտ է պետական մոտեցում, որը վստահաբար այս պահին առկա չէ։ Հարկային բեռի բարձրացումը ևս նպաստում է մարդկանց գնողականության նվազմանը, բարձրանում է ապրանքների ինքնարժեքն ու մարդիկ գրեթե նույն ծախսով արտերկրում իրենց հանգիստն անցկացնելու հնարավորություն են ստանում»։
Նիկոլ Մարգարյան
