«Գիշերները վեր եմ թռնում. Միքայելն ու Նվերը կանչում են. «Մամա, արի՛ մոտս»
10-ամյա Միքայելի և 8-ամյա Նվերի դաժան պատմությունը հայտնի է գրեթե բոլորին: Փոքրիկներին դառը ճակատագիր էր բաժին հասել: Ղազարյանների ընտանիքը բնակվում էր Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում, որը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ 5 զոհ տվեց: Միքայելն ու Նվերը նրանց թվում էին։ Օրեր անց փոքրիկներին հուղարկավորեցին Մասիսում:
Ղազարյանների ընտանիքն այսօր ժամանակավորապես բնակվում է Մասիսում, սակայն շուտով կտեղափոխվեն Սիս համայնքում կառուցվող նոր բնակարան: Նրանց կողքին են բոլոր մասիսցիները, քաղաքապետը, ՀԱԵ Մասյացոտնի թեմի հոգեւորականները, անհատ բարերարները:
Փոքրիկների մայրը՝ Զարինե Ղազարյանը, անընդհատ ծանր ապրումների մեջ է, սակայն, ինչպես ինքն է նշում, թեւաթափ լինելու իրավունք չունի՝ մեծացնում է 2 կրտսեր որդիներին՝ 6-ամյա Սեյրանին եւ 1-ամյա Կարենին: