Ջրհեղեղից տուժածները դժգոհ են պետական փոխհատուցումներից․քննարկում Ալավերդիում | Region

Ջրհեղեղից տուժածները դժգոհ են պետական փոխհատուցումներից․քննարկում Ալավերդիում

Սեպտեմբեր 14,2024 19:30

Այս տարվա մայիսին Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած քաղաքացիներից շատերը դժգոհ են պետական փոխհատուցումներից, շատերը գտնում են, որ իրենց վնասներն արդարացի չի փոխհատուցվում։

Երեկ Լոռու մարզի Ալավերդի համայնքում «Թիմ ռեսուրս» ՀԿ-ն  «RegionsTV»-ի հետ քննարկում էր կազմակերպել ջրհեղեղից տուժածների եւ ՏԻՄ պաշտոնյաների մասնակցությամբ։

Ալավերդիի Սանահին կայանի աղետից վնասված շենքի առաջին հարկի բնակիչներից Ռոբերտ Մոսինյանն ասում է՝ աղետի ավերածություններից հետո, ամիսներ առաջ տարբեր պաշտոնյաներ են այցելել, սարեր-ձորեր խոստացել, թե՝ ամեն ինչ լավ կլինի, սակայն արդեն 4-րդ ամիսն է ՝ աջակցություն չեն ստացել․«:Կողքից օգնություններ ենք ստացել, շնորհակալ ենք, իսկ պետությունը․․․ որ եկել, սարեր է խոստացել․․․ Իմ տնից մնացել է 4 պատը, եկան ասին՝ ամեն ինչ լավ է լինելու: էսօր նոր 60-հազարական դրամներն են նստացրել՝ իմ ու կնոջս հաշվին»։ Այս նույն բնակիչը պատմում է, որ իր ընտանիքի անդամները 6-ն են, սկզբում իրենց խոստացել էին, որ տան բոլոր անդամները պետք է փոխհատուցում ստանան՝ 60 հազար դրամ, չտվեցին, պարզաբանել են, թե՝ գրանցում չունեն։

Ռոբերտ Մոսինյան

«80% տոկոսով տները վնասվել են, 60% են տալիս, մինչեւ հիմա էդ գույքի փողերը չենք ստացել։ 60%-ը տալիս են շինարարության համար, 40%-ը գումար է տալիս։ Մեզ ասել են, որ մենք կգանք կտեսնենք, որ դուք էդ աշխատանքը կատարել եք, մենք կփոխհատուցենք, երկրորդ փուլն եք արել՝ կփոխանցենք 3-րդ փուլ, դա էլ կանեք, կտանք գույքի փող։ Հարց՝ ես,  ու իմ նմանները շատ  են, մարդիկ այդպես մտածելով  գումար են վերցրել, ասենք պարտքով ու էդ շինարարությունն արել է, հիմա էդ պարտքը էդ մարդը ո՞նց է տալու, որ ասենք 40%-ը տալիս է որ շինարարին փող տաս, բա էն մնացածը մենք ո՞նց ենք անելու»,-ասում է Սանահինի բնակիչը։

Նա դիմում է կառավարությանը, խնդրում է փոխհատուցման ծրագիրը հասցեական եւ ճիշտ իրականացնել․«60% ինձ ինչի՞ է տալիս, ինձ  ասենք հասնում է 4 միլիոն, դու ինձ գումարը տուր, արի տես՝ եթե չեմ արել, ինձ գումար մի տուր»։

Նա պատմում է, որ իրեն, որպես փոխհատուցում, 1 միլիոն 200 հազար են հաշվարկել․«Ինձ դա գույքի փող են տալիս։ Ես տանից դուրս եմ եկել ռեզինի սապուգներով։ Որ հաշվում ենք մինիմալը․․․ խոլոդելնիկ է, տելեվիզոր է, կռավատ է, վերջը, տեղաշոր է, թե ինչ է, էդ 1 միլիոն 200 հազարի մեջ ես ո՞նց տեղավորվեմ: Մենք փող ենք կորցրել, ոսկի ենք կորցրել, դրա մասին չենք խոսում։ Ինձ հասնում է 4 միլիոն, դու ինձ իմ 4 միլիոնը տուր փուլ առ փուլ տուր, որ ասենք ժողովուրդը կարողանա տեղավորվել։ «Սաղ կյանքս աշխատել եմ, սաղ ջրին տվի»:

Գոռ Հովվյան

Քննարկման մասնակիցներից Ալավերդի համայնքապետարանի եկամուտների հաշվառման, հավաքագրման, գույքի կառավարման, առևտրի և սպասարկման բաժնի պետ Գոռ Հովվյանն այս առնչությամբ պարզաբանում է՝ բնակարանների գծով փոխհատուցումներն արդեն նստած են որոշ մարդկանց դեպքում բանկային հաշիվների վրա։ Նրա վստահեցմամբ՝այս պահին 50-ից ավել բնակիչների հաշվեհամարներին գումարները նստած են, փուլային կարգով այդ գումարները կփոխհատուցվեն:

«Ինչ վերաբերում է փոխհատուցման ձևին՝ բոլորին առաջին օրից խորհուրդ ենք տվել, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս, շինարարական խանութներից կարող էին հանգիստ պահանջել իրենց այդ ծախսերի վերաբերյալ հաշվարկները, կամ կտրոնները: Նույնիսկ մեքենաների վնասների ժամանակ խնդրել ենք բոլորին, որ նկարեն իրենց մեքենաների բոլոր վնասված մասերը։ Եթե որևէ տեղ տանում ենք վերանորոգման, նշեք ձեր կատարած ծախսերը։ Արձանագրությունները կազմելիս, դիմումները գրելիս՝ բոլորին հատ-հատ հարցրել ենք՝ ձեր կրած վնասները, ձեր ծախսած գումարի չափը, առանց հիմնավորում պահանջելու։ Բայց շինարարական աշխատանքները․․․ մարդիկ ծախսում են որոշակի գումարներ, Ալավերդի համայնքի բոլոր շինարարական խանութները կարող են հանգիստ տալ կտրոններ, իրենցից ինչ ապրանքներ, որ գնված են, եթե կտրոնները պահպանված են, կարող են հանգիստ փոխհատուցումները ստանալ»:

Արմենակ Աղաջանյան

Քննարկման մասնակից մեկ այլ պաշտոնյա, էկոմոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության Գյուղատնտեսական աջակցության ծրագրերի նախագծման բաժնի պետ Արմենակ Աղաջանյանն էլ անդրադառնալով աղետի հետեւանքով գյուղոլորտի տնտեսավարողների վնասներին, ասում է՝ համապատասխան որոշման համաձայն՝ փոխհատուցում է տրամադրվում անկած կամ կորցրած գյուղատնտեսական կենդանիներին ինչպես նաև ոչնչացված կամ կորցրած պտղատու ծառերի և ցանքատարածությունների համար։

Որոշմամբ սահմանված է, ըստ պաշտոնյայի, որ եթե անկած և կորսված կենդանիները հաշվառված են գյուղատնտեսական տնտեսությունների համայնքների տնտեսությունների գրքերում, ապա կենդանիների դեպքում փոխհատուցումը տրամադրվում է 100%-ի չափով՝ ցուլերի դեպքում( յուրաքանչյուր գլխի համար)՝ 650 000 դրամ, կովերի՝ 550 000 դրամ, խոզերի դեպքում՝ 100 000, ոչխարի կամ այծի դեպքում՝ 50 000։

Իսկ եթե կենդանիները հաշվառված չեն, սակայն համայնքային  կամ մարզային հանձնաժողովով հաստատված է, որ տվյալ մարդիկ ունեցել են գյուղատնտեսական կենդանիների կորուստներ,  ապա, ըստ պաշտոնյայի, նրանց կփոխհատուցվի 50%-ի չափով, սակայն այստեղ չեն կարող մտնել խոշոր եղջերավոր կենդանիները, դրանք պարտադիր պետք է լինեն համարակալված, հաշվառված և այդ տնտեսությունների գրքերում հաշվառված:

Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանն էլ նկատում է՝ քաղաքացիները պետք է ավելի ակտիվ ու պահանջատեր լինեն ու հենց սկզբից իրենց խնդիրների մասին բարձրաձայնեն, որպեսզի, ինչպես քննարկման ժամանակ պարզվեց, խզում չլինի։

«Աղետից հետո տարբեր պաշտոնյաներ տարածաշրջան եկան, բոլորը լավատեսություն էին ներշնչում և խոստումներ տալիս բնակիչներին։ Մի բնակչի հետ երբ խոսում էի իր իրական վնասների, խնդրի բարձրաձայնման մասին, ինքը ավելի շատ էդ պաշտոնյային էր հավատում, որ ամեն ինչ լավ է լինելու և կարծում էր, որ խոսալ պետք չի: Հասարակությունը իր խնդիրների, կրած վնասների մասին ուշ է խոսում, այսինքն, դրա մասին պետք էր ամենասկզբից խոսվեր, որպեսզի ՏԻՄ-երը կամ կառավարությունն այլ հայացքով նայեին խնդիրներին։ Իմ մոտ եկել է քաղաքացի, ասում է՝ ջրհեղեղի պատճառով ամբողջ պոչհանքը լցվել է իմ գյուղատնտեսական նշանակության հողերը։ Երբ ասեցի՝ դե արի էդ խնդրի մասին խոսենք, ասաց՝ սպասիր, մի հատ այդ ընկերության հետ խոսեմ, տեսնեմ էլ ում հետ եմ հանդիպում։ Ինքն այդպես էլ չեկավ , ու վստահ եմ որևէ փոխհատուցում չստացավ»:

Քննարկման մանրամասները՝ շուտով տեսանյութում

Նորություններ