Գուրգեն Սիմոնյան. Թուրքիան չի հաջողվի նստել երկու աթոռի վրա
Հոկտեմբերի 22-ից 24-ը Կազանում կայացած BRICS-ի 16-րդ գագաթնաժողովում Աֆրիկայի, Ասիայի, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի ղեկավարները քննարկել են BRICS-ի հետ համագործակցության հարցեր, շատ երկրներ հայտն են ներկայացրել դառնալ լիրավ անդամ։
Ադրբեջանը BRICS-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոսին Բաքու այցից հետո, ապա Թուրքիան այս միությանը անդամակցելու հայտ ներկայացրեց։ Թուրքիան ստացավ BRICS-ի գործընկերոջ կարգավիճակ։ Սակայն Ադրբեջանը ոչ միայն չդարձավ կազմակերպության անդամ, այլեւ չստացավ գործընկերոջ կարգավիճակ։
Քաղաքական գործիչ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը REGIONSTV-ի հետ հարցազրույում նկատեց. «Նախ, պետք է ընդգծենք, որ BRICS-ի անդամ երկու կարևոր երկրներ՝ Հնդկաստանը և Բրազիլիան, հայտարարեցին, որ այս կազմակերպությունը ոչ մի կերպ չի հավակնում դառնալ հակաարևմտյան որոշումների կամ հակաարևմտյան քաղաքականության ակումբ։ Այնպես որ, ես կարծում եմ, որ BRICS-ը չի կարող դառնալ այն կազմակերպությունը, որը ներկայացնում են Վլադիմիր Պուտինը և Չինաստանը։ BRICS-ի երկրները կխոչընդոտեն նման հարթակ ստեղծելու փորձերին»։
Քաղաքագետը նշեց՝ Հնդկաստանը խոչընդոտեց BRICS-ին միանալ ոչ միայն Ադրբեջանին և Թուրքիային, այլև՝ Պակիստանին։
Կազմակերպությանը Ադրբեջանի և Թուրքիայի լիիրավ անդամակցությունը արգելափակվել է Անկարայի և Բաքվի Պակիստանի հետ հարաբերությունների պատճառով։ Պակիստանը Հնդկաստանի աշխարհաքաղաքական հակառակորդն է, ուստի Հնդկաստանը թույլ չտվեց Պակիստանին միանալ BRICS-ին՝ ներքին տարաձայնությունների պատճառով, թեև Ռուսաստանը կշահեր Պակիստանի հետ դաշինքից՝ հաշվի առնելով, որ Պակիստանը միջուկային տերություն է և առավել եւս՝ Չինաստանի դաշնակիցը տարածաշրջանում։ Հնդկաստանի դիրքորոշումը կիսում էին Բրազիլիան և Հարավային Աֆրիկան, որոնք դեմ էին կազմակերպության հետագա ընդլայնմանը:
Ադրբեջանին և Թուրքիային BRICS -ին անդամակցելու Հնդկաստանի խոչընդոտելու պատճառ է նաեւ Պակիստան- Ադրբեջանի ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը, Բաքվի աջակցությունը Պաղեստին պետության ստեղծմանը։
Գուրգեն Սիմոնյանի կարծիքով․ «Թուրքիան հնարավորություն չունի երկու բևեռով խաղալու, Թուրքիային չի հաջողվի նստել երկու աթոռի վրա, քանի որ նա Հյուսիսատլանտյան դաշինքի կարևոր գործընկերն ու դաշնակիցն է։ Չնայած, Թուրքիան ժամանակ առ ժամանակ փորձում է Հյուսիսատլանտյան դաշինքին և նրա գործընկերներին գլոբալ և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ սեփական տեսակետը պարտադրել՝ հաճախ խաղալով այդ դաշինքի կանոններից դուրս։ Իսկ Ադրբեջանը ընդհանրապես չի դիտարկվում որպես առանձին սուբյեկտ, այն միշտ դիտարկվում է կամ Ռուսաստանի, կամ Թուրքիայի համատեքստում։ Այն տարբեր ժամանակներում տարբեր երկրների պրոքսի երկիր է դիտարկվում, լինի դա Թուրքիան, թե՝ Ռուսաստանը: Այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանը չընդունվեց BRICS-ում»:
BRICS-ի նկատմամբ Թուրքիայի հետաքրքրությունը և՛ տնտեսական է, և՛ քաղաքական։ Թուրքիան դուրս է գալիս ԱՄՆ-ի և Եվրոպայի ենթակա գործընկերոջ կարգավիճակից։ Մի քանի տասնամյակ Միացյալ Նահանգները գերիշխում է Թուրքիայի վրա ռազմական և քաղաքական առումով և երկար ժամանակ պահպանում է Թուրքիայի ներքաղաքական կայունությունը։ Սակայն այժմ իրավիճակը փոխվել է, աջակցելով քրդական ազգայնականությանը՝ ԱՄՆ-ը Թուրքիայի համար կայունացնող ուժից վերածվել է ապակայունացնող ուժի: Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա Թուրքիան ներկայումս Եվրամիության անդամ չէ, և ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները փաստացի մտել են փակուղի։
BRICS-ին Ադրբեջանի անդամակցությանը ոչ միայն Հնդկաստանն է դեմ արտահայտվել, այլև՝ Իրանը։ Մերժման հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանը գտնվում է Իսրայելի ազդեցության տակ և սերտորեն համագործակցում է նրա հետ։ Թեհրանը միշտ դժգոհ է այն փաստից, որ պաշտոնական Բաքուն Իրանում ապրող էթնիկ ադրբեջանցիներին անվանում է «հայրենակիցներ»՝ պահանջելով նրանց տալ ավելի լայն իրավունքներ։
Զաբելա Ավագյան