3 նախագահների մերժումից հետո Փաշինյանը նրանց կրկին հրավիրում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանավեճի․«Առաջարկում եմ ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում հետեւությունները կմնան ժողովրդին»
Փաշինյանը երեք նախագահներին բանավեճի նոր հրավեր է ուղարկել, նա գրել է՝ ես վճռական եմ եւ այդ խոսակցությունը տանելու եմ մինչեւ վերջ, իսկ եթե նրանք չընդունեն հրավերը, հետեւությունները կմնան ժողովրդին․«Եւ ես ժողովրդին կօգնեմ այդ հետեւությունները անելու գործում»
ՀՀ նախկին 3 նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ բանավեճի հրավերը։ Այս մասին հայտարարել են նախագահների ներկայացուցիչները։
Նիկոլ Փաշինյանը երեկ սոցիալական ցանցերում գրել է․«1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որեւէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել: Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար»:
ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակն արձագանքելով Փաշինյանի հրավերին,
գրել է․« Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:
Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն: Արդյունքը կրկին նույնն է լինելու»:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից էլ արձագանքել են․«Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։ Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։ 2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի։
Հազարավոր ոստիկանների և թիկնապահների ետևում թաքնված գոյատևողի՝ թաքնվելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին ավելի խոսուն կպատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»։
Սերժ Սարգսյանի գրասենյակից Փաշինյանի հարվերի մասին Pastinfo.am-ին հայտնել են․«Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը: Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր 2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը: Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»։
Այս մերժումներից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան կրկին հրավիրել է բանավեճի․«Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից։ Սա իրականում ճշմարտության պահ է, որովհետեւ բանավեճը, որ առաջարկել եմ Հայաստանի նախկին նախագահներին կարեւորագույն նշանակություն պիտի ունենա այն հարցում, որ ժողովուրդը վերջնական եւ աներկբա եզրակացութուն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, ո՞վ է մեղավոր, ինչո՞ւմ է մեղավոր: Սա բացառիկ հնարավորություն է, որ ինֆորմացիայի առաջնային կրող մարդիկ դեմ դիմաց հանդիպեն եւ հեռակա ու հեռավար բանավեճը եզրափակեն առերես բանավեճով: Սա միայն անցյալի խոսակցություն չէ, այլ նաեւ ապագայի ռազմավարություններում կողմնորոշվելու համար առանցքային մի իրադարձություն է։ Խնդիրը միայն բանավեճը չէ, այլ սեփական պատմությունը սեփական ժողովրդին մեկնաբանելու, սեփական պատմությունը հասկանալու մասին է: Ուղիղ կամ անուղղակի նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, բայց ես նրանց կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել այս մասին, որովհետեւ եզրակացությունը ի վերջո տեղի ունենալու է: Ես վճռական եմ եւ այդ խոսակցությունը տանելու եմ մինչեւ վերջ, ինչ ֆորմատով, դա ուրիշ խնդիր է, ես ընտրում եմ ազնիվ ճանապարհը՝ նախկին նախագահների հետ դեմ դիմաց, առերես կանգնելու եւ խոսելու: Առաջարկում եմ նրանց ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում հետեւությունները կմնան ժողովրդին եւ ես ժողովրդին կօգնեմ այդ հետեւությունները անելու գործում»։