Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները | Region

Ներկայացվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները

Դեկտեմբեր 25,2024 10:41

Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի Հանրապետություն են այցելել Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրները և ղեկավար կազմը՝ կրթօջախի տնօրենի տեղակալ Նիկոլոզ Մելկաձեի գլխավորությամբ:

ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պատվիրակությանն ընդունել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՀՀ պաշտպանության ոլորտում իրականացվող վերափոխումների գործընթացը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում Հայաստանի և Վրաստանի համագործակցության հեռանկարները։

Վրաստանի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, որտեղ կրթօջախի ղեկավար, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը ներկայացրել է համալսարանի գործունեության վերաբերյալ բանախոսություն։ ՊՆ ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները պատասխանել են «Պաշտպանություն և անվտանգություն ավագ ծրագրի» ունկնդիրների հարցերին։

Հայաստան կատարած այցի արդյունքներով՝ երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների համագործակցության պատմության մեջ առաջին անգամ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վրաստանի ՊՆ պաշտպանական հաստատությունների զարգացման դպրոցի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Նորություններ