Արայիկ Հարությունյանը շատ բան կարող է ասել, համոզված եմ, դրանք միայն ուժի ազդեցությամբ կարող են լինել. Ռաֆայել Մարտիրոսյան | Region

Արայիկ Հարությունյանը շատ բան կարող է ասել, համոզված եմ, դրանք միայն ուժի ազդեցությամբ կարող են լինել. Ռաֆայել Մարտիրոսյան

Հունվար 19,2025 16:13

Փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը կարծում է, որ Բաքվում տեղի ունեցող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այսպես կոչված «դատավարությունները» ազգամիջյան ատելության պետական ​​քարոզչության և անմեղության կանխավարկածի խախտման համատեքստում չեն համապատասխանում անկախ և արդար դատարանի սկզբունքներին։

 

Հունվարի 17-ին Բաքվում սկսվել են այսպես կոչված «դատավարությունները» շինծու քրեական գործերով, որոնք հարուցվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ։ Բաքվի «դատավարությունները», որոնք կոչվում են «Նյուրնբերգյան դատավարություններ», բազմաթիվ հարցեր են առաջացնում դրանց օրինականության և արդարության վերաբերյալ։

Ֆորմալ առումով, բոլոր գերեվարված հայերը մեղադրվում էին ահաբեկչության, ռազմական հանցագործությունների, սահմանի ապօրինի հատման, խոշտանգումների և այլ գործողությունների հետ կապված «ծանր հանցագործությունների» մեջ։ Մեղադրանքները լուրջ են, և նրանց կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։ Անգամ մինչև գերեվարվելն ու ապօրինի ազատությունից զրկելը, նրանց արդեն Բաքուն անվանում էր  «հանցագործներ և մեղավորներ»։

Դժվար է խոսել որևէ արդար գործընթացի մասին, երբ ճաղերի հետևում հայտնվում են մարդիկ, որոնք պաշտպանում էին իրենց մշակույթն ու ինքնությունը։ Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում ասաց արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Որքանո՞վ են արդար Ռուբեն Վարդանյանին, Արայիկ Հարությունյանին և մյուս բանտարկյալներին առաջադրված մեղադրանքը, փաստաբանն ասաց՝ ես մեղք չեմ տեսնում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններում։

Մարտիրոսյանի խոսքով՝ նրանք պայքարել են իրենց ժողովրդի ազատության համար, իսկ այդ պայքարը վերաճել է պատերազմի բացառապես Ադրբեջանի գործողությունների հետևանքով։

Արցախցի փաստաբանը կարծում է, որ Բաքվում տեղի ունեցող այսպես կոչված «դատավարությունները» ազգամիջյան ատելության պետական ​​քարոզչության և անմեղության կանխավարկածի խախտման համատեքստում չեն համապատասխանում անկախ և արդար դատարանի սկզբունքներին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնությունը դատարանները համարում է կողմնակալ և իշխանություններից կախված․«Անկախ դատարանների և թափանցիկ հետաքննությունների բացակայությունը սրում է իրավիճակը՝ մարդկանց դարձնելով իշխանության կամայականության զոհեր։ Նույնիսկ ադրբեջանցիները դժգոհ են Ադրբեջանի դատարաններից։ Կան բազմաթիվ դեպքեր, որոնք վկայում են Ադրբեջանում անարդար դատավարության մասին։ Ընդհանրապես օրենսդրորեն արգելված է դատական պաշտպանության հասանելիությունը։ Ադրբեջանցիները զրկվել են օտարերկրյա փաստաբանների ծառայություններից օգտվելու իրավունքից»։

Մարտիորսյանի ներկայացմամբ՝ ադրբեջանցիները ՄԻԵԴ դիմելու հնարավորություն չունեն․«Իսկ դատական ​​պաշտպանությունը գտնվում է անմխիթար վիճակում։ Եթե ​​Ադրբեջանը փայլում է կոռուպցիայով, ապա ի՞նչ արդարադատության մասին կարող է խոսք լինել։ Բունդեսթագի անդամների կաշառակերության վերաբերյալ Գերմանիայում վերջերս տեղի ունեցած դատավարությունը պետական ​​մարմինների բարոյականության հստակ վկայությունն է»։

Անդրադառնալով օրերս հրապարակված Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը, որտեղ նա իր իրավունքների խախտումների մասին է խոսել, փաստաբանն ասաց՝ Ադրբեջանում տիրում է անօրինականություն, նման երկրում հիմարություն է արդարություն սպասել։

Մարտիրոսյանի կարծիքով՝ այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, դա բռնի և ապօրինի դատավարության օրինակ է․« Ռուբեն Վարդանյանի ուղերձում նշված տեղեկությունները իր բնույթով նմանվում են միջնադարյան ռասիզմի: Եթե Վարդանյանի հետ նման կերպ են վերաբերվել, ապա պատկերացնում եմ, թե ինչպես են վերաբերվել մյուսների հետ:

Իսկ ինչ հարցերի է պատասխանել Ռուբեն Վարդանյանը, ապա տեղեկացնեմ, որ ըստ Ադրբեջանի քրեական դատավարության օրենսգրքի մեղադրյալները դատարանում սկզբից ներկայացնում են իրենց անկետային տվյալները: Նա դատարանում դեռևս ցուցմունք չի տվել»:

Անդրադառնալով Բաքվի դատարանում Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, որտեղ նա ասել է, թե իբրև 44-օրյա պատերազմում Գյաջան հրթիռակոծելու հրամանը ինքը չի տվել և զղջում է, որ քաղաքը հրթիռակոծվել է, Մարտիրոսյանն ասաց․« Արայիկ Հարությունյանը շատ բան կարող է ասել, որոնք, համոզված եմ, կարող են տեղի ունենալ միայն ուժի ազդեցությամբ: Այնուամենայնիվ Ռուբեն Վարդանյանի ուղեձը հենց այդպիսի տեղեկությունների մասին է վկայում»:

Թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր չեն դնում, որպեսզի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ազատվի գերությունից, Մարտիրոսյանն ասաց․«Գուցե քայլեր ձեռնարկել են կամ ձեռնարկում են չեմ կարող ասել: Սակայն կարծում եմ, նրանց ազատելու ուղին ողջամտորեն ենթադրվում է միջազգային կառույցների միջոցով, ինչը ակնհայտ չի նշմարվում: Հաշվի առնելով, որ Հայաստանի իշխանությունը փաստացի Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, իսկ այդ մարդկանց դատում են որպես Ադրբեջանի քաղաքացիներ, ՀՀ իշխանությունը չի միջամտում գործընթացին: Սակայն փաստ է, որ տվյալ դատավարությունը ցեղասպանական արարք է, որի դեպքում անկասկած ՀՀ  իշխանությունը պետք է գործուն միջոցներ ձեռնարկեն»:

 Զաբելա Ավագյան

Նորություններ