«Ինձ ասում էին՝ դե լեզու գտնեիր: Լեզու գտնելու խնդիր չի։ Պետական ողջ մեքենան լծված է, որ ես չստանձնեմ քաղաքապետի պաշտոնը»․Մամիկոն Ասլանյան | Region

«Ինձ ասում էին՝ դե լեզու գտնեիր: Լեզու գտնելու խնդիր չի։ Պետական ողջ մեքենան լծված է, որ ես չստանձնեմ քաղաքապետի պաշտոնը»․Մամիկոն Ասլանյան

Հունվար 29,2025 16:49

Վանաձորի նախկին քաղաքապետը, որին այսօր դատարանը մեղավոր է ճանաչել, հայտարարում է՝ իշխանության հիմնական նպատակը ՏԻՄ-երի ապականումն ու պղծումն է

Հակակոռուպցիոն դատարանը այսօր մեղավոր  ճանաչեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին՝ ազատազրկելով վերջինիս 4 տարի 4 ամիս ժամկետով։ Դատական նիստից հետո նախկին քաղաքապետը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ բողոքարկելու է դատարանի վճիռը։

«Մեծ հաշվով այսօրվա Հայաստանում առավելապաշտական ակնկալիքներ չունեյինք։  Հաճախ նաև խղճահարություն ու նողկանք է առաջանում մարդու մոտ էս պրոցեսներին հետևելիս»,- նշեց Ասլանյանը։

Նրա խոսքով` դատական քննության որևէ փուլում, որևէ ապացույց, որևէ ակնարկ կամ վկայություն չի եղել, որի հիման վրա կարելի էր իրեն մեղավոր ճանաչել․« Ակնհայտ էր, որ դատավորը կաշկանդվածություն ունի, քանի որ նա հուզական լարված վիճակում էր»։

Ասլանյանի բնութագրմամբ՝ իշխանություններն օրենքի ուժն օգտագործում են չար նպատակներով, և իրեն կալանավորել են հենց այդ իշխանությունների հետ «լեզու չգտնելու պատճառով»։

«Ինձ կալանավորել են ընտրություններում հաղթելուց 10 օր հետո, երբ որ մենք ընդհանուր հայտարարի չենք եկել, այսինքն, այսպես ասած, ես լեզու չեմ գտել իշխանությունների հետ: Ինձ ասում էին՝ դե լեզու գտնեիր: Լեզու գտնելու խնդիրը չկա այստեղ, այստեղ ուղղակի օրենքի ուժը օգտագործվում է չար նպատակով: Ուղղակի ես խղճում եմ այն մարդկանց, որոնք այդքան անսահմանափակ ուժ, հնարավորություններ ունեն և դա օգտագործում են չար նպատակներով»,-ասաց Ասլանյանը:

Նա նշեց, որ իշխանության նման վերաերմունքը չի կարող «չարացնել» իրեն, շարունակելով․«Ես իմ ողջ գիտակցական կյանքը ապրել եմ ուղիղ հայացքով, ուղիղ քայլվաքով, որևե մեկից հայացքս փախցրած չկամ, ոչ ժողովրդից, ոչ բարձր ու ցածր չինովնիկից՝ ցանկացած ժամանակահատվածում, հետևաբար ես նույն ձևի եմ ապրելու, որտեղ էլ լինեմ, նույն գաղափարներն ու սկզբունքներն եմ կրելու։ Ես միշտ մնալու եմ հաղթած, և ինչ էլ անեն իմ գաղափարաբանությունը երբեք չի փոխվի»։

Դատարանը 3 տարով Ասլանյանին զրկել է հանրային պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Այս առնչությամբ Վանաձորի նախկին քաղաքապետն ասաց՝ նրանց հիմնական նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների ապականումն ու պղծումն է, որը հնարավորություն կստեղծի հետագա այլ գործընթացների համար․«Պետական ողջ մեքենան լծված է, որպեսզի ես չստանձնեմ Վանաձորի քաղաքապետի պաշտոնը, ցավալի է, որ ներկա մեծ մարտահրավերների կողքին, նրանց թիրախը ինձ նման էս երկրին ազնվորեն ու առանց տրտնջալու ծառայած մարդիկ են»,-ասաց նա, վստահեցնելով, որ դա անհնար է․«Վաղ, թե ուշ էֆֆեկտը դառնալու է դեֆֆեկտ։ Եթե անգամ ճիշտը հողի մեջ ես թաղում, ինքը միշտ ծիլեր տալիս է»։

Ասլանյանի խոսքով՝  թեև իշխանությունները հայտարարում են, որ ընտրությունները չենք կեղծում, բայց ընտրության արդյունքները չեն թողնում, որ դառնա իրողություն․«  Այնպիսի խոչընդոտներ են դրած, որ այսօր Հայաստանի ՏԻՄ-երի գրեթե 30-40-50%-ում դա իրացված չէ, այսինքն սահմանադրական կարգը տապալված է: Սահմանադրությամբ ամրագրված ՏԻՄ օրենսդրությունը համայնքներում չի գործում, վերցնում ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակում, բյուջեներ են տնօրինում, որոնց իրավունքը չունեն»։

Նա նշեց, որ երկրում ռադիկալ փոփոխություններ են պետք․«Այն երկրում, որտեղ չկա անկաշկանդ իրավական համակագ, չի կարող լինել օրինականություն, և որևէ քաղաքացի կամ օտարերկրյա ներդրող այստեղ չի կարող իրեն ապահով զգալ»։

Նիկոլ Մարգարյան 

 

 

Նորություններ