Հարկային նոր փոփոխությունները կհանգեցնեն անուղղելի խտրականության՝ խոցելի խմբերին դարձնելով է՛լ ավելի խոցելի․ ահազանգում են իրավապաշտպան կառույցները | Region

Հարկային նոր փոփոխությունները կհանգեցնեն անուղղելի խտրականության՝ խոցելի խմբերին դարձնելով է՛լ ավելի խոցելի․ ահազանգում են իրավապաշտպան կառույցները

Փետրվար 07,2025 14:51

Հարկային փոփոխություններն առաջին հերթին ազդել են փոքր փաստաբանական ընկերությունների և իրավապաշտպան ՀԿ-ների գործունեության վրա, նրանք արդեն իսկ չեն կարողանում փաստաբանական ծառայություններ իրականացնել մարզերում  սակավ ռեսուրսների պատճառով

Հարկային օրենսգրքի՝ արդեն իսկ ուժի մեջ մտած կարգավորումներով այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող փաստաբաններն անցել են հարկման ընդհանուր համակարգի: Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները, որոնք փաստաբանական անհատույց ծառայություն են մատուցում հասարակության խոցելի խմբերին, նույնպես տուժել են այս փոփոխության հետևանքով:

«Մեդիա կենտրոն»-ում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ «Կանանց աջակցման կենտրոն»-ի քաղաքացիական գործերով փաստաբան Հասմիկ Փախանյանը ներկայացնելով վերջին մեկ ամսում հարկային փոփոխությունների հետևանքները, նշեց, որ դրանք առաջին հերթին ազդել են փոքր փաստաբանական ընկերությունների և իրավապաշտպան ՀԿ-ների գործունեության վրա:

«ՀԿ-ն ունենալով իր բյուջեն փաստաբաններին ծառայություն մատուցելու համար  գումար է վճարում, որից փաստաբանը այս փոփոխությունների համաձայն պետք է 6-8 անգամ ավել հարկ վճարի: Բնականաբար, նման հարկային պարտավորությունները փաստաբանները չեն կարողանալու վճարել, և այս ամենը հանգեցնելու է նրան, որ իրավապաշտպան ՀԿ-ները, որոնց վրա այդ փաստաբանական ծառայություները իրականացնելու պարտադիր պահանջ է դրված, չեն կարողանալու ապահովել այդ ծառայությունները »,-ասաց նա, որպես օրինակ բերելով իրենց կազմակերպությունը, որն արդեն իսկ չի կարողանում փաստաբանական ծառայություններ իրականացնել մարզերում սակավ ռեսուրսների պատճառով: Խնդիրը փաստաբանի վստահեցմամբ համատարած է՝ Հանրային պաշտպանի գրասենյակում ևս այն առկա է:

«Փինք Արմենիա» ՀԿ-ի փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ իր հերթին անդրադարձավ օրենքի՝ հասարակության խոցելի խմբերի վրա ունեցած ազդեցությանը, ասելով, որ այս օրինագծի ընդունումը մտահոգիչ է առաջին հերթին մարդու իրավունքների տեսանկյունից:

«Այստեղ ծագում է դատարանի մատչելիության իրավունքի խնդիր:  Փաստացի ստացվում է, որ պետությունը իր այս քայլով  զրկում է անվճար իրավաբանական օգնությունից այն անձանց, ովքեր գումար չունեն փաստաբան վարձելու համար»,-ասաց  Արա Ղարագյոզյանը։

Նրա ներկայացմամբ՝ օրենքի ընդունումը հակասում է նաև բոլոր ժողովրդավար երկրներում ընդունված «պրոբոնո ինստիտուտի» սահմանած դրույթներին, որով փաստաբանները պարտավորվում են տարվա ընթացքում պայմանական քանակի անվճար իրավաբանական աշխատանք կատարել: Փաստաբանը նշեց,  որ նաև հարցեր է առաջացնում նախագիծը շահագրգիռ կողմերի հետ պատշաճ ձևով չքննարկելը, հաշվի չի առնվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի և Արդարադատության նախարարի բացասական դիրքորոշումը:

«Մենք զբաղվում ենք ԼԳԲՏ անձանց իրավունքներով։ Բոլորս գիտենք, թե ամեն անգամ այդ անձինք միայնակ լինելով ոստիկանական բաժնում, ինչպիսի խտրականության կարող են ենթարկվել։ Առանց փաստաբանի անհնար է։ Տուժողները չեն ցանկանում առանց փաստաբանի ոչ հաղորդում ներկայացնել, ոչ էլ քննչական գործողությունների մասնակցել։ Ստացվում է, որ պետությունն այնպիսի քայլեր է ձեռնարկում, որ ի վերջո անձինք զրկվեն անվճար իրավաբանական օգնությունից։ Այն անձինք, որոնք չունեն այդ գումարը և ռազմավարական է նրանց գործը՝ խոշտանգումներ, ընտանեկան բռնություն, խտրականություն, այլևս չեն կարողանալու իրենց իրավունքները պաշտպանել, որը դատարանի իրավունքի սահմանափակում է»,-ասաց Արա Ղարագյոզյանը։

«Կանանց աջակցման կենտրոն»-ի քրեական գործերով փաստաբան Զարուհի Մեջլումյանն էլ ասաց, որիրավապաշտպան կազմակերպությունները հայտնվել են բարդ իրավիճակում, և խնդիրը կարգավորելու համար փնտրում են նոր ֆոնդահայթայթումներ, նոր միջոցների և ռեսուրսների ներգրավումներ: Իրենց հերթին նոր կարգավորումները Մեջլումյանի կարծիքով՝ բերելու են անուղղակի խտրականության, առանց այն էլ խոցելի վիճակում գտնվող խումբը դարձնելով էլ ավելի խոցելի:

Անդրադարձ եղավ նաև խնդրին, որ կառավարությունը չի իրականացրել հանրային լսումներ և բավարար իրազեկման աշխատանքներ:

«Մեր կարծիքով նպատակը եղել է շատ արագ կերպով ընդունել փոփոխությունները, և չներգրավվել  իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին, քանի որ սա հանգեցնելու էր բողոքի շատ մեծ ալիքի բարձրացման, լինելու էին բազմաթիվ հանրային քննարկումներ, և շատ հնարավոր էր, որ այդ դեպքում օրենքը չընդունվեր, կամ օրենքում նախատեսվեյին բացառություններ»,-ասաց Հասմիկ Փախանյանը։

Բանախոսները վստահեցրին՝ օրենքի ընդունմամբ խախտվում են Սահմանադրությամբ հաստատված մարդու հիմնարար իրավունքները, նրանք հույս հայտնեցին, որ Սահմանադրական դատարանը խոհեմ կգտնվի, և անվճար իրավաբանական օգնության դրույթի վերաբերյալ վարույթը կընդունի, հակառակ դեպքում խնդիրը կփորձեն լուծել միջազգային հարթակներում:

Նիկոլ Մարգարյան

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Նորություններ