«20 տարվա ընթացքում առաջին անգամ տարածքներ ենք կորցրել, և պատերազմի վերսկսման վտանգն ավելի մեծ է»
ԳԱԼԱ-ի հարցազրույցն իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ:
—Պարոն Հարությունյան, առաջնագծում շինարարական աշխատանքներ են սկսվել: Տասնյակ ընտանիքներ արդեն վերադառնում են Մարտակերտ և Մատաղիս։ Կամավորներն էլ Ս. Սարգսյանի՝ Վիեննայի հանդիպումից հետո վերադառնում են: Կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ պատերազմն այս փուլում ավարտվել է, և գոնե այս պահին լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգ չկա:
-Պատերազմի վերջանալու մասին արձանագրումներ անել չենք կարող։ Այսօր լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելին է, քան եղել է վերջին 20 տարիների ընթացքում։ Տարիներ շարունակ մեր իշխանությունները ոչինչ չեն արել պատերազմի հավանականությունը նվազեցնելու ուղղությամբ։ Ռազմագծում արվող բոլոր շինարարական աշխատանքները, սահմանագծի պաշտպանությանն ուղղված ջանքերը, սահմանամերձ գյուղերի խնդիրները պետք է ոչ թե քառօրյա պատերազմի ստեղծած նոր իրականության արդյունքում, այլ մշտապես լինեին իշխանությունների օրակարգում։ Լավ պաշտպանված սահմանների վրա թշնամին դժվարությամբ կհարձակվեր կամ չէր հարձակվի ընդհանրապես։ Նաև լավ պաշտպանված սահմանների վրա, այսպես կոչված, «անակնկալ» հարձակումներ չեն լինում։ Մենք պատերազմի հավանականությունը նվազեցնելու միայն մեկ ճանապարհ ունենք. դա մեր երկրի հզորությունն է։ Իսկ մեր կարգի երկիրը կարող է հզոր լինել միայն այն դեպքում, եթե կդառնա կայացած պետություն՝ ժողովրդավարական աշխատող ինստիտուտներով հանդերձ։ Երկիր, որտեղ իշխանությունը ձևավորվում է օրենքի շրջանակներում, ընտրությունների միջոցով, որի օրինական ձևավորված իշխանությունը լծված է երկրի առաջ ծառացած խնդիրների լուծմանը։ Կլինեն դրանք ներքին խնդիրներ, արտաքին, թե սահմանագծի պաշտպանություն։ Այն իշխանությունները, որոնք որ տարված են ցանկացած գնով սեփական վերարտադրությունն ապահովելու հոգսերով, որոնք իրենց ընտանիքի ու սեփական անձի բարեկեցությունն ամեն ինչից վեր են դասել ու դասում, չեն կարող ստանալ ոչ երկրի բնակչության և ոչ էլ դրսի աջակցությունը։ Նրանք միշտ լինելու են մերժվածի կարգավիճակում ու չեն կարողանալու ոչ երկրի հոգսերն ընկալել ու լուծել, ոչ երկրի պաշտպանությունը կազմակերպել և ոչ էլ պատերազմի վտանգը նվազեցնել։ Ընդհակառակը, այս կարգի իշխանությունների պարագայում մարդիկ, հատկապես երիտասարդները, լքելու են երկիրը, արտագաղթի պատճառով անգամ զորակոչ չեն կարողանալու ապահովել, իսկ համատարած բնույթ կրող կոռուպցիան և գերուռճացված իշխանական համակարգն արգելակելու է տնտեսության զարգացումը։ Արդյունքում մենք էլ ավելի թույլ ենք դառնալու, իսկ դրան զուգահեռ էլ ավելի է բարձրանալու պատերազմի վերսկսման վտանգը։
-Պարոն Հարությունյան, եթե փորձենք ամփոփել քառօրյա պատերազմը և հաջորդող օրերը, ապա ո՞րն է ենթադրությունը: Արձանագրելով ներկա ստատուս քվոն՝ նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հող են հանձնել, կամ այս իշխանությունների օրոք տարածքային կորուստներ ենք ունեցել: Նման ենթադրություն կարո՞ղ ենք անել, որ Ս. Սարգսյանը պարտվող նախագահ է:
-Այն, որ վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ հայկական կողմը տարածքներ է կորցրել, անվիճելի է։ Այո, մենք տարածքներ ենք կորցրել։ Պատճառն այն է, որ մենք պատերազմին պատրաստ չենք եղել։ Մեր երկրի բարձրագույն իշխանավորները միշտ վստահորեն մտածել են․ քանի որ մենք աչքներս փակ ենթարկվում ենք Մոսկվայի թելադրանքներին ու առանց կամուկացի, առանց քննարկման կատարում ենք նրանց բոլոր պահանջները՝ կլինի դա քվեարկություն միջազգային ատյաններում, կլինի դա ԵՏՄ մտնել, կլինի դա ռուսական շահերի սպասարկում Հայաստանի ներսում ու Հայաստանի սահմաններից դուրս, ապա, որպես փոքրիկ փոխհատուցում մեր այդ հավատարմության, Մոսկվան Ադրբեջանին կարգելի լայնածավալ պատերազմ սկսել։ Սահմանային փոքրիկ ընդհարումները և մշտական լարվածությունները հաշիվ չեն։ Դրանք նույնիսկ ցանկալի են։ Դրանք օգնում են երկրի ներսում ծագած խնդիրների լուծմանը։ Բայց լայնածավալ հարձակումը մերոնք բացառել են ու ի սկզբանե այն բացառելով՝ դրան չեն պատրաստվել։ Բայց պարզվեց, որ Մոսկվան Հայաստանին այնքան ամուր է կապել իր կառքին ու արդեն այնքան սեփական է համարում, որ հայկական շահերն ընդհանրապես հաշվի չառնելով՝ սկսել է լրջորեն զբաղվել Բաքվին նույն ամրությամբ իրեն կապելու գործով։ Ահա մոսկովյան այս ծրագրերի շրջանակներում էլ եղավ այս հարձակումն, ինչի արդյունքում մենք տարածքներ կորցրեցինք։
-Հայաստանում և Արցախում իշխանական շրջանակները ոգևորված են Վիեննայի հանդիպումից, հատկապես կարևորում են հետաքննությունների մեխանիզմի ներդրումը, մինչդեռ Ադրբեջանից արդեն կան առաջին պաշտոնական մեկնաբանությունները, որ իրենք դեմ են: Երեկ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարեց, թե Բաքուն ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու պարտավորություն չի ստանձնել։ Սա ի՞նչ է նշանակում:
-Սա նշանակում է, որ Բաքուն շահագրգռված չէ հետաքննությունների մեխանիզմի ներդրմամբ։ Նաև սա նշանակում է, որ Բաքուն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու կամ թույլտվություն ունի, կամ լուրջ հովանավոր ունի, որի առկայության պարագայում իրեն նման ազատություններ է թույլ տալիս։ Ես չեմ բացառում, որ այդ հովանավորը կարող է Մոսկվան լինել։ Հետաքննությունների ներդրման մեխանիզմները կարևոր ու անհրաժեշտ են, և եթե դրանք ներդրվեն, ապա սահմանագծում շատ բան կփոխվի։ Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ նման մեխանիզմ ներդրվի։
— Հասկանալի է, որ Արցախում կա կուտակված զայրույթ: Առանձին իշխանության ներկայացուցիչների, ընդդիմադիրների հետ մեր զրույցներից կարող ենք ենթադրել, որ այնտեղ դժգոհ են կորուստներից և ամենևին էլ չեն կարծում, որ կորցրած 800 հա-ն անվտանգության գոտի է եղել: Այս իրավիճակում ի՞նչ զարգացումներ են հասունանում:
-Տարածքներ չկորցնելու մասին պետք էր մտածել 20 տարի անընդհատ ու ամեն օր, ոչ թե կորցնելուց հետո։ Եթե 20 տարի շարունակ մարդիկ հարստացել են բանակի հաշվին, եթե 20 տարի շարունակ չեն ստեղծել այն բանակն ու պաշտպանական համակարգը, որ պետք է լիներ, եթե 20 տարի շարունակ չեն հասկացել, որ Հայաստանը պատերազմող երկիր է, ու լայնածավալ պատերազմի մշտական վտանգը հաշվի չեն առել, ապա տարածքների կորուստն անխուսափելի էր։ Դուք տեսեք, թե ինչ հարստությունների տեր են մեր բանակի գեներալներն ու ղեկավարները։ Դուք տեսեք նրանց վարք ու բարքը։ Մամուլն ու հասարակական կազմակերպությունները միշտ էլ բարձրաձայնել են բանակում տիրող մթնոլորտի, այնտեղ առկա սանձարձակությունների մասին։ Բայց իշխանությունները, ովքեր բանակը դիտարկել են ոչ թե միմիայն որպես երկրի սահմանները պաշտպանող կառույց, այլ նաև՝ սեփական իշխանությունն անսասան պահելու գործում ոստիկանությանն ու անվտանգության համակարգին զուգահեռ հերթական հենարան, վկա 2008թ․ դեպքերը, թույլ են տվել, որ բանակում լինի այն, ինչ եղել է մինչև այսօր, և ինչը դեռ կա ու կլինի։ Լավ է գոնե, որ մեր հակառակորդ Ադրբեջանն այս հարցերում մեզանից շատ չի տարբերվում ու մեզանից լավը չի։ Հակառակ դեպքում կորուստները շատ ավելին էին լինելու։ Այն բոլոր ցուցադրական քայլերը, որ մեր իշխանություններն անում են այսօր՝ կլինի դա կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների դեմ պայքար, ուռճացված կառավարման համակարգի դեմ պայքար, իրականում դատարկ հայտարարություններ են ու կյանքի չեն էլ կոչվելու։ Այսօր տարբեր բարձր ատյաններից հնչեցվող այս հերթապահ նախաձեռնությունները պետք է տարիներ շարունակ լինեին մեր կենցաղի մասը, մեր առօրյան։ Այդ դեպքում մենք կլինեինք կազմակերպված պետություն՝ իր պաշտպանունակ բանակով, իր երկրին տեր կանգնող ու իր երկրում ապրող բնակչությամբ, որի հետ աշխարհի լուրջ երկրները հաշվի կնստեին, որի շահերը հաշվի կառնեին, որին կաջակցեին ու յուրային կհամարեին և որի վրա հարձակվելն այնքան էլ հեշտ չէր լինի։ Տարածքների կորստի հետ չհամակերպվելն ու դրա դեմ բողոքելն անիմաստ գործ է։ Կռվից հետո բռունցքներ ճոճելու փոխարեն պետք է այնպիսի քայլեր նախաձեռնել, որոնք երկրում քաղաքական իրավիճակ կփոխեն, ինչից էլ պետք է սկիզբ առնեն մեծ ու իրական փոփոխությունները, առանց որոնց մենք նորանոր կորուստներից ու չարդարացված զոհերից ապահովագրված չենք լինելու։
— Հասկանալի է, որ իշխանությունների համար ամենաձեռնտուն թերևս այս վիճակն է, որը նման է նախաապրիլյան վիճակին՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ: Թերևս սրանով է բացատրվում Վիեննայի բանակցությունների ժամանակ և դրանից հետո ՀՀ իշխանությունների գոհ կեցվածքը: Սակայն արդյոք հնարավոր է վիճակն այսպես պահել: Որքա՞ն կտևի Վիեննայի պարգևած խաղաղությունը:
-Իշխանությունների համար նախաապրիլյան վիճակն ամենացանկալի ու ամենաերանելի վիճակն էր։ 10-20 տարի այդ վիճակը հնարավորություն է տվել, որ մեր երկրում ձևավորված իշխանությունն ինքնահաստատվի, բարգավաճի, ամրապնդվի ու, ընտրողի կամքից ու քվեից անկախ, անընդհատ վերարտադրվի։ Բայց ամեն ինչ իր վերջն է ունենում։ Ապրիլյան քառօրյա պատերազմով ավարտվեց 20 տարի ձգված նախաապրիլյան փուլը։ Այսօր և երկրում, և հայ-ադրբեջանական հարաբերություններում բոլորովին նոր իրավիճակ է։ Այդ նոր իրավիճակում ինքնահաստատվելու համար մեր իշխանություններին հաղթանակներ են պետք։ Այդ պատճառով էլ որպես հաղթանակ են փորձում ներկայացնել քառօրյա պատերազմի արդյունքը։ Դա հաստատելու համար խոսում են պատերազմի անսպասելիությունից ու կորցրած տարածքներն են անկարևոր հայտարարում։ Նախ՝ զավեշտ է հարձակման անսպասելիության մասին խոսելը, ապա նույնքան կամ ավելի զավեշտալի են կորցրած տարածքների անկարևորության մասին արված մտավարժանքները։ Չի կարող տարածքը կարևոր չլինել։ Վերջին հաշվով այդ տարածքների համար զոհվել են հարյուրին մոտ հայ ու մի այդքան էլ ադրբեջանցի զինվորներ, ու նման խոսակցությունները, ինչքան էլ որ դու տարված լինես քեզ հաղթանակներ վերագրելու անհրաժեշտությամբ, բացարձակապես արդարացված չեն։ Որպես նման մի հաղթանակ էլ, անհասկանալի է թե ինչ հիմնավորմամբ, փորձում են ներկայացնել Վիեննայի բանակցությունները։ Բայց այս հաղթանակ կոչվածներն արհեստական են ու իրական պտուղներ տալ չեն կարող։
— Ժողովրդի մեջ ևս կա կուտակված դժգոհություն՝ սոցիալական վիճակ, տարածքային կորուստներ: Հասկանալի է, որ իշխանություններն ամեն ինչ անելու են այդ ցասումը զսպելու, մեղմելու ուղղությամբ: Դարձյա՞լ կհաջողվի իշխանություններին, թե՞ այս անգամ ժողովրդի հիասթափությունը կվերածվի պայթյունի:
-Պայթյունի մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց որ իշխանություն-ժողովուրդ հակասությունն ու անջրպետը է՛լ ավելի է խորանալու՝ կասկած չունեմ։ Շատ կարևոր է, որ այդ հակասությունը չսպառնա երկրի անվտանգությանը և լինելիությանը։ Շատ բարդ իրավիճակում ենք մենք այսօր գտնվում։ Նրանք, ովքեր այսօր երկրում տիրապետում են իշխանական լծակներին, անկախ այն հանգամանքից, թե ինչ ճանապարհով են ձեռք գցել այդ լծակները, պետք է վերջապես կարողանան հասկանալ ու պատկերացնել իրենց պատասխանատվության չափը։ Նրանցից այսօր շատ բան է կախված։ Բոլորն անում են իրենց գործը։ Զինվորը կռվում ու զոհվում է, կամավորները մեկնում են ճակատ, քաղաքական ուժերը բողոքի հրապարակային միջոցառումներ չեն իրականացնում, միայն իշխանություններն են, որ նոր իրականությանը համապատասխան կեցվածք դրսևորել չեն կարողանում կամ չեն ցանկանում։
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի