Բաքվի դատարանում Արայիկ Հարությունյանը ցուցմունք է տվել

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, իբրև թե Արայիկ Հարությունյանն ասել է՝ «Ադրբեջանին խորը հարվածներ հասցնելու որոշումները կայացվել են Հայաստանում»
Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր շարունակել է ցուցմունք տալ:
Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը գրել է, որ Արայիկ Հարությունյանն, իբրև թե 44-օրյա պատերազմի ընթացքում «ցանկացել է նամակ ուղարկել» Ադրբեջանի նախագահին պատերազմը դադարեցնելու մասին, սակայն Հայաստանի վարչապետը չի տվել այդ հնարավորությունը:
Բացի այս, ադրբեջանական լրատվամիջոցը գրում է, որ Արայիկ Հարությունյանն իբրև թե ասել է՝ «Ադրբեջանին խորը հարվածներ հասցնելու որոշումները կայացվել են Հայաստանում»։
«Ղարաբաղի պաշտպանության կոմիտեից» տեղեկություն չեմ ստացել։ Ես երբեք տեղեկացված չեմ եղել իրավիճակի մասին։ Ես «բանակի» հետ կապված ոչ մի լիազորություն չունեի։ Դուք էլ գիտեք սա։ Այս մասին գրված է նաև մեղադրական եզրակացության մեջ։ Այս կապակցությամբ հայկական մամուլը նույնպես բազմիցս նշել է, որ Հայաստանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղում հայերի անվտանգության համար։ Այն ներառում էր նաև Հայաստանի զինված ուժերը, Ղարաբաղի պաշտպանության բանակը։ Սա նշանակում է, որ Հայաստանը պատասխանատու է անվտանգության հետ կապված հարցերի համար», -իբրև թե այս մասին իր ցուցմունքում ասել է Արայիկ Հարությունյանը։
Նշենք, որ Բաքվում ընթացքող հայերի նկատմամբ այս դատավարությունը չի լուսաբանվում միջազգային մամուլի կամ տեղական անկախ լրատվամիջոցների կողմից։
Հունվարին, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է․« Հետախուզական տվյալներ ունենք, որ Բաքվում դատվող հայերի նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի էսկալացիա հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզվեն»։
Նա նաև ասել էր՝ այդ դատավարությունն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության դեմ։
ՀՀ ԱԳՆ-ն օրերս հայտարարություն էր տարածել, որտեղ նշված է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է Բաքվում հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ ստանալ, հիշեցնելով Բաքվին՝ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց կալանավորումն ու հետապնդումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտում։
Նշենք, որ ադրբեջանական բանտերում 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։
Նրանք մեղադրվում են ծանր հանցագործությունների մեջ՝ ահաբեկչություն, մարդկության դեմ հանցագործություն և այլն։ Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
Նորություններ

