Օրենքի նախագիծը խիստ մտահոգիչ է և բացասական է անդրադառնալու տնտեսվարողների վրա. «Մանթաշյանց գործարարների ակումբ»

«Մանթաշյանց գործարարների ակումբը» հայտարարություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ։
«ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծ, որի համաձայն՝ վիճարկման հայցի ներկայացումը այլևս չի կասեցնելու վիճարկվող ակտի գործողությունը:
Գտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագիծը խիստ մտահոգիչ է և բացասական է անդրադառնալու տնտեսվարող սուբյեկտների գործունեության վրա, ինչպես նաև խախտում է անմեղության կանխավարկածի մոտեցումը:
Այսպես, հաշվի առնելով, որ
* Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը երկու ատյաններում միջինում տևում է երկու տարուց ավելի,
* և ՊԵԿ-ի կայացրած ակտերը վարչական դատարանում մոտ 80 տոկոս բեկանվում են( տես` նույն ՊԵԿ-ի վիճակագրությունը),
Կարող ենք եզրակացնել, որ առաջարկվող նախագծի ընդունման դեպքում, տնտեսվարող սուբյեկտները ՊԵԿ-ի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվելու 80 տոկոս դեպքերում, անհիմն կերպով երկու տարուց ավելի զրկվելու են իրենց տնտեսական միջոցների օգտագործման հնարավորությունից։
Այսպես, օրինակ, ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողի նկատմամբ 100 միլիոն դրամի վճարային պարտավորություն առաջացնող ակտի կայացման դեպքում, նույնիսկ եթե ակտը անհիմն է, և ի վերջո դատական պաշտպանության եղանակով կարող է վերացվել, միևնույնն է, այդ ակտի հետևանքով գոծարարից այդ գումարը բռնագանձվելու է, և նա շուրջ երկու տարով զրկված է լինելու այդ միջոցները տնօրինելու հնարավորությունից։
Նման դեպքերում, հնարավոր է, որ տնտեսվարողը մինչև դատարանի կողմից իր խախտված իրավունիքի վերականգնումը, դարձած լինի անվճարունակ և սնանկանա, կամ առնվազն էապես նվազած լինեն նրա շրջանառությունը և եկամուտները։
Առաջարկվող կարգավորումը մեր գնահատմամբ հանդիսանում է իրավական առումով նահանջ թե դատական պաշտպանության իրավունքի իրացման, թե սեփականության իրավունքի պաշտպանության, թե ազատ տնտեսական մրցակցության սկզբուներից։ Քանի որ փաստացի պետությունը զրկում է ապօրինի կերպով ՊԵԿ-ի կողմից իր նկատմամաբ կիրառած ֆինանսական պարտավորություն առաջացնող ակտերից պաշտպանվելու գործուն մեխանիզմներից։
Ընդ որում, իրավաչափ ենթադրվող նպատակը առերևույթ անհամաչափ փոքր է սպսվելիք վնասներից։
Այսպես, պետությունը այս եղանակով կարող է փորձել, այն 20 տոկոս դեպքերում, երբ ՊԵԿ-ի կողմից կայացված ակտերը դատարանում մնում են ուժի մեջ, մինչև դատական պրոցեսների ավարտը գումարը հավաքագրել և օգտագործել պետական ծախսերի համար, սակայն տնտեսվարողները 80 տոկոս դեպքերում անհիմն ակտի պատճառով այդ ամբողջ ժամանակահատվածում մնալու են առանց իրենց օրինական միջոցները տնօրինելու հնարավորությունից»,-նշված է հայտարարության մեջ։
Նորություններ

