2021-ին ՀՀ-ն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ, 2024-ին Ադրբեջանին է փոխանցվել նոր տեղամատյաններ․ԱԳՆ խոսնակ

Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը, X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Բաքվի այն մեղադրանքներին, որ Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին:
«Կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։ Ավելին` հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով հավաքագրել և 2024 թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ»,- գրել է Բադալյանը։
Նա շեշտել է՝ Ադրբեջանը մշտապես կասկածի տակ է դնում տրամադրված քարտեզների ճշգրտությունը, թեպետ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ չկան ավելի լավ կամ ավելի ճշգրիտ քարտեզներ: Ուստի Հայաստանը նախկինի պես հիմա էլ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել դրանց ճշգրտությունը։
Բադալյանը հավելել է, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված ականապատ քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս։ Նրա պնդմամբ՝ Հայաստանի քարտեզները ցույց են տալիս Ադրբեջանի տարածքում մոտ 400 հազար ականի տեղակայում, սակայն իրական թիվը մոտ 1,5 միլիոն է։ Հաջիզադեն հավելել էր` Բաքուն ակնկալում է, որ րևանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, ինչը կապահովի «ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը և տուժած շրջանների վերակառուցումը»։
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանը մեղադրել է ՀՀ-ին, թե Հայաստանը տրամադրել է որոշ քարտեզներ, որոնք ընդգրկում էին ականապատ տարածքների միայն մի փոքր մասը և միայն 25%-ով էին ճշգրիտ։ Բաքուն Հայաստանինց պահանջել է տրամադրել ականների բոլոր տեղանքների ճշգրիտ քարտեզներ։