«Լենինի դեմքին ժպիտ է եկել, որ Գյումրիում Կոմկուսը կրել է»․Շիրակի մարզպետ | Region

«Լենինի դեմքին ժպիտ է եկել, որ Գյումրիում Կոմկուսը կրել է»․Շիրակի մարզպետ

Ապրիլ 10,2025 14:22

Շիրակի մարզպետը հրաժարական չի տալու։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ինքը՝ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում է հրաժարական տալ, ինչպես որ մամուլն է գրում։

«Ես հրաժարական  չեմ ներկայացնելու, լավ արդյունքներ գրանցելու դեպքում որևէ մեկը աշխատանքից չի ազատվելու։ Ես բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել՝ նայելով նրանց աչքերի մեջ, այդ թվում՝ ընդդիմադիր անդամների»,-ասաց մարզպետը։

Անդրադառնալով Գյումրի արտահերթ ընտրությունների արդյունքներին, նա ասաց․«Մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետև այն արդյունքները, որոնք գրանցել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը հաղթանակի նշան է՝ 17,200 քվե ստանալը գյումրեցիներից այդքան էլ հեշտ բան չէ։  Գյումրեցին սիրելուց սիրում է, չսիրելուց իր դիրքորոշումը հստակ արտահայտում է։ Միանշանակ, սիրել է գյումրեցին»։

Վարդան Ղուկասյա՞նն է կառավարելու Գյումրին, այս հարցին ի պատասխան էլ մարզպետն ասաց՝ ՔՊ-ն Գյումրու ավագանիում ունի 14 մանդատ, իսկ  համամասնական ընտրակարգով քաղաքացիներն ընտրել են ավագանի, որը կառավարելու է քաղաքը․ «Քաղաքացիական պայմանագիրն ամենամեծ խմբակցությունն է, դրանից կարելի է հետևություններ անել։ Մենք չենք պարտվել։  2-3  մանդատներով, ոչ էլ կոալիցա կազմելով համարել, որ ընդդիմությունը կառավարելու է Գյումրիում․․․»։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ եք անելու, մյուս համայնքների նման «մարդագողությա՞մբ եք» զբաղվելու, «մանդատագողությա՞մբ եք» զբաղվելու, որպեսզի Սարիկ Մինասյանն ընտրվի քաղաքապետ, Առուշանյանը պատասխանեց․«Մենք երբևիցե մարդագողությամբ չենք զբաղվել, առավել ևս ձեր բնորոշումները հարիր չեն։ Այն իրողությունները, որոնք եղել են, դրանք օրենքի սահմաններում են եղել։ Մենք չենք պատրաստվում Գյումրիում նման գործողություններով զբաղվել»։

Հիշեցնենք, որ օրինակ Ախուրյան, Ալավերդի համայնքում, ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն ավագանու նիստում ընդդիմությունից էր ձայն ստացել։

«Գուցե լավ ենք աշխատել, մեր գաղափարները հավանել են ու մեր օգտին են քվեարկել»,-ասաց Առուշանյանը՝ նկատի ունենալով այլ համայնքների նախադեպը։

Ինչ վերաբերում է Գյումրիում նման սցենարի կրկնությանը, մարզպետն ասաց․«Գաղափարները խիստ տարբեր են, և չեմ կարծում, թե Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի կամ մյուս ուժերի ցուցակների մարդիկ ՔՊ-ի հետ ճանապարհ ունեին անցնելու»։

Մարզպետը չհստակեցրեց՝ արդյոք Գյումրու առաջիկա ավագանու նիստում ՔՊ-ն թեկնածու կառաջադրի, թե՝ ոչ, հորդորեց սպասել պաշտոնական հայտարարությանը։ Նա նաև նշեց, որ պետք է դեռ մանդատները ստանան, հնարավոր է ինքնաբացարկներ լինեն։

ՔՊ-ի հույսը առավելագույն շատ քվե ստանալով քաղաքապետ ընտրե՞լն  է,  քանի որ երկորդ փուլը նման հնարավորություն է տալիս, հույսը չե՞ք կտրում, որ Գյումրիում քաղաքապետ կունենաք, այս հարցերին ի պատասխան էլ Առուշանյանն ասաց՝ իշխանության հույսը օրենքն է, ՔՊ-ն հույսը երբեք չի կտրում։

«Ընտրական օրենսգրքում խնդիր կա, չի կարող 17 հազար քվե ստացած քաղաքապետի թեկնածուն, և երկու-երեք մանդատ ստացած ուժերով հավաքվեն, որոշեն, թե ով է լինելու Գյումրու քաղաքապետը»,-ասաց Առուշանյանը։

Նրա խոսքով՝« Երևանից գան այս իրավիճակը ստեղծեն, այդ ուժերի համար հետաքրքիր չէ ո՛չ Գյումրին, ո՛չ գյումրեցին։ Կոմկուսը Գյումրիում ընդհանրապես ձայն չուներ տանելու։ Չեմ զարմանա, որ շուտով «մավզալեյ» կկառուցեն քաղաքապետարանի կողքը»։

Մարզպետի ներկայացմամբ՝ այդ ուժերը խաբել են գյումրեցիներին․«Քանի որ կային թեկնածուներ, որոնք իրենց քարոզարշավի ընթացքում իրենց ձայներն ապահովել են նրա համար, որ այլ ընդդիմադիր թեկնածուներ չլինեն Գյումրու քաղաքապետ։ Սա համարում եմ խաբել գյումրեցիներին։ Նաև համարում եմ, որ խաբել են, երբ ի սկզբանե ասվում էր, որ մենք կապ չունենք ՀՀ նախկին երկու նախագահների հետ, մենք մեկս մյուսի հետ կապ չունենք։ Գյումրեցին այդ ամենը շատ լավ տեսել է։ Գյումրեցին քվե է տվել թեկնածուին՝ իրեն դիտարկելով որպես քաղաքապետ։ Դեպքեր կան, որ թեկնածուները քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին մոլորության մեջ են գցել, որ «ընտրելով ինձ՝ չի լինելու ո՛չ նախկինը, ո՛չ ներկան, լինելու է նոր քաղաքական ուժ», հետո իրենց գործողություններով ցույց տվեցին այլ բան»։

Առուշանյանի խոսքով․ «Այն թեկնածուները, որոնց քաղաքացիները ձայն են տվել, երևի թե պատրաստվեն պիոների վզկապներով գնան ավագանու նիստերին։ Սաղ աշխարհը առաջ է գնում, Գյումրին հետ է գնում։ Լենինի դեմքին ժպիտ է եկել, որ Գյումրիում կրել է Կոմունիստական կուսակցությունը Սովետը քանդվելուց հետո»։

 

Նորություններ