1 տարում Շիրակի մարզում 6800-ից ավելի մանր ու խոշոր եղջերավոր անասուն է պակասել․մարզպետը զարմացած՝ միլիարդներ են ծախսում, բայց մի հատ սպանդանոցի հարց չեն կարողանում լուծել | Region

1 տարում Շիրակի մարզում 6800-ից ավելի մանր ու խոշոր եղջերավոր անասուն է պակասել․մարզպետը զարմացած՝ միլիարդներ են ծախսում, բայց մի հատ սպանդանոցի հարց չեն կարողանում լուծել

Ապրիլ 11,2025 21:21

Շիրակի մարզում այս տարեսկզբին կատարված գյուղատնտեսական կենդանիների հաշվառման համաձայն, պակասել է ոչ միայն խոշոր, այլ նաև մանր եղջերավոր անասունների գլխաքանակը։ Հաշվառման համաձայն, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2024 թվականի տարեսկզբի համեմատ, պակասել է 2990-ով և կազմել 64․829։ Այս մասին այսօր տեղի ունեցած մարզխորհրդի նիստում հայտնեց Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Ռոման Համայակյանը։ Նրա ներկայացմամբ՝ մարզում 1 տարում 1789-ով էլ պակասել է խոզերի գլխաքանակը և կազմել 14․896։ Ոչխարների և այծերի գլխաքանակն էլ նվազել է 2069-ով և կազմել 76․642։ Ավելացել է միայն թռչունների գլխաքանակը՝ 187․416-ով և կազմել 324․873։

Այսինքն 1 տարում Շիրակի մարզում 6800-ից ավելի մանր ու խոշոր եղջերավոր անասուն է պակասել։

Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացնելու նպատակով  կառավարության 2024 թվականի որոշմամբ հաստատվել է մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը, որի շրջանակներում քվոտայով սահմանված 3220 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորում է իրականացվելու։ Ըստ Համայակյանի, Շիրակի մարզում իրականացվել է շուրջ 300 գլուխ կովերի արհեստական սերմնավորում։ Աշխատանքները ընթացքի մեջ են։ Շահառուները գյուղացիական տնտեսություններն են, որոնք 5000 դրամ են վճարում 1 կովի համար, իսկ մնացած 10․000 դրամը պետությունն է վճարում։

Ի դեպ, գյուղերում անասունների գլխաքանակի նվազումը պայմանավորված է նաև սպանդանոցներ չլինելու հանգամանքով։ Սպանդանոցային մսի պարտադրանքը գործում է, իսկ սպանդանոցը չկա։ Մարզխորհրդի նիստի ժամանակ նաև այս մասին խոսվեց։

Նշվեց, որ Աշոցքի համանքապետարանը հայտ է ներկայացրել ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Աշոցք համայնքի Վարդաղբյուր բնակավայրի տարածքում շարժական մոդուլային սպանդանոց կառուցելու նպատակով։ Հայտը հաստատվել է, գնման ընթացակարգերը, տեղափոխման աշխատանքները պիտի կատարվեն մատակարարի կողմից։

Մարզպետ Դավիթ Առուշանյանը հերթական անգամ փորձեց հասկանալ, թե ինչու գործող սպանդանոցներ չկան, թեև կառավարությունը սպանդանոցների կառուցման աջակցության պայմանները փոփոխել է, հեշտացրել, որպեսզի  համայնքները կարողանան իրենց միջոցներով դրանք կառուցել կամ ձեռք բերել։

«Էն սպանդանոցները, որոնք կառուցվել են, չեն աշխատել ու չեն աշխատում, սեփականատերերը որոշել են, որ վարձակալությամբ տրամադրեն, իսկ համայնքապետարաններից՝ Աշոցքի հետ ունենք մոդուլային սպանդանոց ձեռք բերելու հաստատված ծրագիր։ Այն գնվելու է համայնքային միջոցներով, լիզինգի ծրագրով, կանխավճարի 20 տոկոսի 80 տոկոսը կառավարության կողմից է փոխհատուցվում, համայնքը՝ 2 տոկոսն է վճարելու։ Հայտը հաստատված է, բանկի հետ կա պայմանավորվածություն։ Համատեղ համաձայնությամբ մոտ օրերս պայմանագիրը կկնքվի»,- նշեց Համայակյանը։

Նրա խոսքով՝ մոդուլային սպանդանոց ձեռք բերելու առաջարկ ներկայացրել է նաև Ախուրյանի համայնքապետարանը։ Արթիկի համայնքապետարանն էլ մտադիր է ձեռք բերել շարժական սպանդանոց։ Ի դեպ, շարժական սպանդանոցի արժեքը, ըստ ներկաների, բավականին թանկ է՝ 160․000 ԱՄՆ դոլար։

Առուշանյանը լսել է 4 մլն կամ 10 մլն արժողությամբ սպանդանոցների մասին։ Պարզվեց, որ այդ գնի սահմաններում ոչ թե սպանդանոց, այլ սպանդային կետ կարելի է կառուցել։ Աշոցքի համայնքապետարանը դա նախաձեռնել է, մյուս համայնքապետարանները՝ ոչ։

«Բայց մենք խոսում ենք 4 մլն,  կամ 10 մլն դրամի մասին, սա ի՞նչ է համայնքների համար, ամեն տարի նոր տարվան սպանդանոցային խնդիրը շատ է սրանում։ Ամեն տարի 5 միլիարդից ավել փող ենք ծախսում սուբվենցիոն ծրագրերի համար, մի հատ սպանդանոցի հարց 6 տարի է՝ չենք կարողանում լուծել»,- նշեց Առուշանյանն ու ավելացրեց․«Էկեք էսպիսի բան ֆիքսենք, համայնքների հետ կոորդինացրեք, թե ինչ փուլում է սպանդանոցների հարցը, որտեղ ինչ խնդրի լուծում կարելի է տալ, որտեղ ինչո՞վ աջակցել, որ կարողանանք շուտ սպանդանոց ունենալ։ Խնդիր դնենք մեր առջև, որ ամենաուշը գոնե 1-2 ամսվա ընթացքում մարզի մեջ 3 հատ սպանդանոց ունենանք, եթե ոչ բոլոր համայնքներում»։

Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը շտապեց հիշեցնել, որ իրենց համայնքում 2 սպանդանոց կա, բայց ոչ մեկն էլ չի աշխատում։

«Մեկ էլ պետությունն է մեղավոր, որ սպանդանոցը չի աշխատում, սուբսիդավորել է, բայց չի հետևում, որ այն աշխատի։ Կառուցման հարցում օգնել է պետությունը, բայց չի շահագործվում։ Բնակիչներին էլ տեղեկացրել ենք սպանդանոց կառուցելու պետական աջակցության ծրագրերի մասին, բայց ոչ մեկը չի հետաքրքրվում»,- նշեց Սարիբեկյանը։

«Մենք բազմաթիվ աջակցության ծրագրեր ունենք, որոնց մասին մեր գյուղերի ժողովուրդը, մեր ֆերմերները տեղյակ չեն։ Մտածե՛ք մեխանիզմներ, մարդկանց հրավիրեք, դուք ելեք կաբինետներից, գնացեք մարդկանց ներկայացրեք։ Մենք երեկ կառավարության նիստի ժամանակ խելացի անասնագոմերի հետ կապված փոփոխություն արեցինք, ֆինանսական չափերը կրճատեցինք, էսքան փոփոխում ենք, էլի մարդիկ չեն հետաքրքրվում։ Աջակցման ծրագրերից, շատ դեպքերում տեղյակ չեն»,- Առուշանյանի հանձնարարականը գյուղվարչության պետին էր ուղղված։

Ըստ մարզպետի, իրենց գործառույթը ոչ թե այն է, թե գյուղում անասունը բրուցելյոզ ընկավ, կամ հակակարկտային կայանները ժամանակին չաշխատեցին՝ ի՞նչ պիտի անեն, այլ պիտի այնպես աշխատեն, որ գյուղում անասունը բրուցելյոզ չընկնի, կարկուտն էլ գյուղացու բերքին վնաս չտա։

«Չեմ ուզում, որ վերջում նստենք գլուխներս բռնած, թե էս մարդու հարցը ինչպես լուծենք։ Աշխատանքները ժամանակին էնպես պիտի տանենք, որ մարդը ո՛չ բերքի խնդիր ունենա, ո՛չ էլ ոռոգման։ Որովհետև վերջում ինչ էլ մտածենք, մարդը դժգոհ կմնա փոխհատուցումից»,- ասաց մարզպետը։

Հակակարկտային կայանները ըստ Անի համայնքի ղեկավարի, ամենաշատը իրենց մոտ են՝ 90-ից ավելի։ Բայց դրանք շահագործող ՊՈԱԿ-ը լուծարվել է։

Հիմա, ըստ Առուշանյանի, համայնքները մետեոտվյալները պետք է ստանան նախարարության համապատասխան վարչությունից, որպեսզի կարողանան կրակել կարկտաբեր ամպերի վրա։ Սրան դեմ էին համայնքների ղեկավարները։

«Կտրուկ դեմ եմ այդ ծառայությանը, քանի որ մենք դրա հետ աշխատելու հետևանքը տեսել ենք։ Մեկը նստած 120 գյուղում, հաստատ իրա պետքը չի, թե ինչ կլինի։ Մենք մեր վարչական ղեկավարներին հանձնարարել ենք, բոլորը հետևողական տեսնում են՝ իրենց գյուղի վրա ամպ կա, թե չկա, կրակելու կարիք կա՞, թե չկա։ Եթե էդ վարչական ղեկավարը չի պլանավորում  իր հողը կարկուտից փրկելու խնդիրը, ապա մնացածի պետքը չէ։ Բացի դրանից, սպասարկող 2 լավ մասնագետի ենք ընդունել, հաղորդագրություն ենք ուղարկում, կրակում են»,- նշեց Սարիբեկյանը։

«Սարիբեկյան, մտածեցի, լավ է, որ Դուք աէրոպորտի դիրեկտոր չեք, քանի որ էդպես եղանակին նայելով սամալյոտ կթռցնեիք։ Բախտներս բերեց, աշխարհը թվայնացման կերթա, մենք էլի մոտավոր հաշվարկներով»,- արձագանքեց Առուշանյանը։

Կարինե Կազարովա

Նորություններ