«Չեմ կարող ասել, որ ադրբեջանցիները թիրախավորված մշակույթի տան շենքին են կրակել։ Ցերեկն ընդհանրապես կրակոցներ չկան, մարդիկ իրենց գործերով են զբաղված, խուճապ չկա»․ Խնածախի գյուղապետ

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խնածախ բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը REGIONS TV-ին հայտնեց, որ երեկվա կրակոցներից հետո, այսօր Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից Խնածախ գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։ Ըստ նրա, առհասարակ, վերջին օրերին, ցերեկվա ժամերին կրակոցներ չեն լինում, դրանք միայն գիշերվա ժամերին էին, ու հիմնականում ոչ հայկական բնակավայրերի ուղղությամբ։ Իսկ երեկ, հիշեցնենք, երեկոյան ժամը 22 անց 20-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ էին արձակել Խնածախ գյուղի մշակույթի տան ուղղությամբ, ինչի հետևանքով, շենքը վնասվել էր։
«Չեմ կարող ասել, որ իրենք թիրախավորված մշակույթի տան շենքին են կրակել, բայց իրականությունն այն է, որ մշակույթի տան կողքին կան կրակոցների հետքերը։ Չէի ասի, որ վնասը շատ մեծ է, ընդամենը մի 3 փոքր անցքեր են շենքի վրա»,- մեզ հետ զրույցում նշեց Սեյրան Միրզոյանը։
Արդյոք գյուղի բնակելի այլ հատվածների ուղղությամբ կրակոցներ եղել են, Միրզոյանը չգիտի, սակայն նշեց՝ եթե լինեին, ապա բնակիչները կարձագանքեին․«Ուրեմն չկա, որ այդ մասին տեղեկություններ չեմ ստացել»։
Նա վստահեցրեց՝ ցերեկվա ժամերին ընդհանրապես կրակոցներ չկան, մարդիկ, ամենքն իրենց գործերով, հոգսերով են զբաղված․«Նաև գյուղատնտեսական աշխատանքներն արդեն սկսվել ե։ Այնպես, որ խուճապ չկա, ամեն ինչ նորմալ է»։
Հիշեցնենք, որ Խնածախ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցների և մշակույթի տան շենքի վնասվելու մասին ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կարինե Կազարովա