Կառավարությունը պատրաստ է 2 ամսով արցախցիներին 40 հազարական դրամ տրամադրել, սակայն վրանը մնալու է Ազատության հրապարակում․Նժդեհ Իսկանդարյան | Region

Կառավարությունը պատրաստ է 2 ամսով արցախցիներին 40 հազարական դրամ տրամադրել, սակայն վրանը մնալու է Ազատության հրապարակում․Նժդեհ Իսկանդարյան

Ապրիլ 15,2025 20:04

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներն այսօր հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, որտեղ քննարկել են արցախցիներին տրամադրվող ֆինանսական աջակցության հետ կապված խնդիրները։

Հիշեցնենք, որ կառավարությունը 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը վերափոխել էր, այն տրամադրում է միայն սոցանապահով արցախցիներին։ Սա դժգոհության ալիք էր ստեղծել, արցախցիները բողոքի գործողություններ են իրականացնում՝ պահանջելով շարունակել աջակցության ծրագիրը, մինչև բնակապահովության ծրագիրը բարելավվի, հակառակ դեպքում դրսում կմնան։

Փոխվարչապետի հետ հանդիպումից հետո խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանն այսօր լրագրողներին որոշ մանրամասներ է հայտնել։ Նա ասաց, որ կառավարությունը պատրաստ է եւս երկու ամսով արցախցիներին 40 հազարական դրամ աջակցություն տրամադրել, փոխարենը ուժի մեջ է նախկին նախապայմանը՝ Ազատության հրապարակից արցախցիները վրանը պետք է հանեն։

«Կարելի է ասել, որ հետքայլը եղել է մասնակի՝ 50 հազար դրամ աջակցության ծրագրի մասին խոսք լինել չի կարող, միայն 40 հազար դրամ յուրաքանչյուր անձի համար։ Զուգահեռ պատրաստ են ձեւավորել մասնագիտական խմբեր՝ քննարկելու սոցիալական ծրագրի վերաբերյալ հարցեր, բնակարանային ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերն ու դիտարկումները։ Իրենք պատրաստ են, իհարկե, ընդունել են, որ ձախողված է ծրագիրը, փաստերը ներկայացրել ենք թվերի տեսքով։ Պատմամշակութային ժառանգության մասով եւս իրենք պատրաստ են։ Ցավոք սրտի, չեն քննարկել պահանջագրի մյուս 11 կետերը, մենք պնդել ենք, որ այդ պահանջագրի 11 կետերի առնչությամբ ձեռնարկելու ենք բազմաթիվ քայլեր»,- ասաց Իսկանդարյանը։

Նա ասաց, որ մի երկու օր է հարկավոր՝ արցախցիների հետ հանդիպելու, հասկանալու, թե այս ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումը որն է, որից հետո խորհուրդը վերջնական հանդես կգա հայտարարությամբ։

Կառավարությունից ի՞նչ նախապայմաններ են առաջ քաշել , այս հարցին ի պատասխան, Իսկանդարյանն ասաց՝ նախապայմանը եւս ուժի մեջ է․«Այսինքն՝ նրանք պատրաստ չեն վրան-կառավարություն բանակցություններն ընթացքի մեջ պահել։ Մենք կքննարկենք եւս երկու-երեք օր, որից հետո կհայտարարենք անելիքների մասին»։

Նա ասաց, որ վրանը մնալու է Ազատության հրապարակում․«Մենք հստակ մեր դիրքորոշումն ասել ենք, որ սա միայն սոցիալական բաղադրիչ չէ, մենք խոսելու ենք հավաքական վերադարձի մասին, խոսելու ենք գերիների մասին, եւ այս մասով մեր պայքարը շարունակվելու է։ Ձևաչափը միգուցե կարող է փոխվել, բայց պայքարը շարունակվելու է»։

Նորություններ